Ամոսի մարգարեության մեկնություն 4։10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Ես ձեզ վրա մահաբեր ժանտախտ գցեցի՝ ինչպես Եգիպտոսում, սրով սպանեցի ձեր երիտասարդներին՝ նրանց երիվարները գերության մատնելով, այնպես որ գարշահոտությունը ձեր բանակատեղից հասավ ձեր ռունգերին, բայց նույնիսկ այդ ժամանակ Ինձ մոտ չվերադարձաք»,− ասում է Տերը:» (Սինոդական թարգ․)[10]
   
    Այն բանից հետո, երբ վերոհիշյալ աղետներն իրենց նպատակին չէին հասնում, Աստված Իսրայելի ժողովրդին պատժում էր նոր՝ ավելի դաժան աղետներով, որոնք ուղղակիորեն ազդում էին մարդկանց վրա: «Մահաբեր ժանտախտ՝ ինչպես Եգիպտոսում», այսինքն՝ նման այն աղետին, որը վրա հասավ Եգիպտոսին հրեաների այնտեղից դուրս գալու ժամանակ (Ելք․ 9։3−5, 12։29−31), կամ էլ առհասարակ [մարգարեն խոսում է] Եգիպտոսում եղած խոցի համաճարակներին նմանվող աղետի մասին: Եբրայերեն «bedderech miziraim» (Եգիպտոսի նմանողությամբ) արտահայտությունը Յոթանասնիցը բառացի է թարգմանել, որտեղից էլ առաջացել է սլավոներեն տեքստի՝ «ձեզ վրա մահ ուղարկեցի Եգիպտոսի ճանապարհին» տարբերակը: «Գարշահոտությունը ձեր բանակատեղից հասնում էր ձեր ռունգերին». գարշահոտության պատճառը դիակների բազմությունն էր: Յոթանասնիցը եբրայերեն «beasch» (գարշահոտություն) արտահայտությունը ընթերցել է որպես «baesch» (εν πυρι` «կրակի մեջ»), իսկ «beapechem» (ձեր ռունգերին) արտահայտությունը` որպես «beapi» (εν τη οργη μου` «Իմ բարկության մեջ»), որտեղից էլ առաջացել է սլավոներեն տեքստի՝ «և Իմ բարկության մեջ ձեզ մատնելու եմ կրակի» տարբերակը: Յոթանասնիցի թարգմանությունը խոսքի համատեքստին առավել համապատասխան միտք է փոխանցում: Հավանաբար, 11−րդ համարում մարգարեն նկատի ունի սիրիացիների դեմ մղված անհաջող պատերազմները (Դ Թագ. 8։12, 13։3, 7):

-------------------------------
[10](Էջմիածին թարգ․) «Եգիպտոսի ճանապարհին մահ ուղարկեցի ձեզ վրայ եւ կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերի տարուած ձեր երիվարների հետ, սպառեցի ձեր բանակները իմ բարկութեան հրով, սակայն եւ այնպէս դուք չդարձաք դէպի ինձ» , - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․)«Ձեր մեջ ժանտախտ գցեցի, ինչպես Եգիպտոսում, ձեր երիտասարդներին սրով սպանեցի, ձեր ձիերը գերեվարեցի և ձեր բանակատեղիների գարշահոտությունը մինչև ձեր ռունգերը հասցրի, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։
(Գրաբար) Առաքեցի ի վերայ ձեր մա՛հ ի ճանապարհին Եգիպտացւոց, և կոտորեցի սրով զերիտասարդս ձեր հանդերձ գերութեամբ երիվարաց ձերոց. և ծախեցի զբանակս ձեր հրով բարկութեան իմոյ. սակայն և այնպէս ո՛չ դարձարուք առ իս՝ ասէ Տէր։