Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Յուրաքանչյուրդ դուրս եք գալու պատի ճեղքերից ինչպես կարողանաք ու թողնելու եք պալատների բոլոր զարդարանքները»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[3]
«Ու թողնելու եք պալատների բոլոր զարդարանքները». սա մոտավոր կատարված թարգմանություն է: Եբրայերեն տեքստում ուսումնասիրվող արտահայտությունը «vehischlachthcnah haharmonah» տարբերակով է ընթերցվում: Ռուսերեն տեքստում «vehischlachthenah»−ն ընդունված է որպես ներգործող խնդիր, իսկ «haharmonah» արտահայտությունը համարվում է հավելում ու թարգմանվում է որպես մակբայ՝ «պալատների զարդարանքը»: Սակայն վիճելի է «haharmonah» արտահայտության ինչպես «απαξ λεγομ» ձևով փոխանցումը, այնպես էլ իմաստը: Դրան տարբեր իմաստներ են վերագրվել՝ պալատներ (Գեզենիուս), մահապատժի վայր (Դեդերլեին), հարեմներ (Պավսկի): Հին թարգմանիչներն ու ժամանակակից մեկնաբանները սովորաբար «haharmonah» արտահայտությունը հասկանում են որպես տեղանուն ու հետևյալ կերպ են թարգմանում` «εις το ՚ορος το Ρομμαν» (Յոթանասնից, սլավոներեն՝ «Ռեման լեռան վրա»), «εις Αρμενιαν» (Սյումմաքոս), Արմոն (Հիերոնիմոս Երանելի), Գադադ−Րիմոն (Հիտցիգ, Սմենդ։ Գադադ−Րեմոնում էր Ադոնիսի պաշտամունքի կենտրոնը), Հարմոն լեռ (Օրելլի), Արմոն (Յունգերով) և այլն: Սակայն եթե «haharmonah» արտահայտությունը ընկալվի որպես տեղանուն, ապա «vehischlacht-henah» բային այլևս հնարավոր չէ ներգործական սեռի իմաստ հաղորդել, և այդ իսկ պատճառով այս բայն այլ կերպ է կիրառվում (որպես պասիվ կրավորական սեռ) և թարգմանվում է որպես «պիտի ընկնեք»։ Հաշվի առնելով թարգմանությունների միջև առկա տարբերությունները՝ ուսումնասիրվող հատվածի իմաստը կասկածելի է դառնում, սակայն հին վկայություններում «haharmonah» արտահայտությունը տեղանուն համարելու համար բավականին հիմքեր կան․ ըստ մարգարեի` Սամարիայի կանայք հենց այդ անունը կրող վայրը պիտի տարվեն:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դուք մերկ դուրս պիտի գաք միմեանց դէմ եւ պիտի ընկնէք Ռեմանի լերան վրայ», - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ դուք պատի ճեղքվածքներով դուրս կգաք, ամեն մեկդ՝ իր դիմաց, և Հարմոն պիտի նետվեք»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ ելանիցէք մերկք միմեա՛նց դէմ ընդդէմ, և անկանիցիք ի լերինն Ռեմանայ՝ ասէ Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: