Ա. Պ. Լոպուխին (†1904)
«քանզի ահա Նա, Ով կազմավորում է լեռները, ստեղծում է քամին ու մարդուն հայտնում է Իր մտքերը, առավոտյան լույսը խավար է դարձնում ու քայլում է երկրից վեր՝ բարձունքներով: Ամենակալ Տեր Աստված է Նրա անունը»: (Սինոդական թարգ․)[13]
Աստծու դատաստանի անխուսափելիությունը ցույց տալու համար մարգարեն մատնանշում է Աստծու ամենակարողությունն ու ամենատեսությունը: «Մարդուն հայտնում է Իր մտքերը» («mah-secho») արտահայտության փոխարեն հունարենից թարգմանված սլավոներեն տեքստում «Իր Քրիստոսին ի հայտ է բերում մարդկանց մեջ» տարբերակն է: Յոթանասնիցը եբրայերեն «mah-secho» արտահայտությունը ընթերցել է որպես «maschiach» և թարգմանել է որպես «τον Χριστον Αυτου»: 13−րդ համարում Քրիստոս Փրկչի մասին հիշատակությունը չի համապատասխանում այս հատվածի համատեքստին: Այդ իսկ պատճառով երանելի Թեոդորիտը անհրաժեշտ է համարում, որ «τον Χριστον» արտահայտությունը առնչվի Կյուրոսին: Սակայն նույնիսկ այս դեպքում է «Χριστον» բառը խախտում խոսքի ընթացքը, քանի որ մարգարեն խոսում է Տիրոջ բարկության մասին, իսկ Կյուրոսը ոչ թե բարկության, այլ մխիթարության գործիք էր համարվում (Ես. 45։1): Ավելի ճիշտ է Հերոնիմոս Երանելու նման պարզապես սխալ տեսնել Յոթանասնիցի տեքստում:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) հաւասիկ ես եմ, որ հաստատում եմ երկինքը, հաստատում եմ հողմերը, ես եմ նա, որ իր օծեալին ի յայտ է բերում մարդկանց մէջ, ստեղծում է առաւօտն ու մէգը եւ ելնում է երկրի բարձունքների վրայ. Ամենակալ Տէր Աստուած է նրա անունը»:
(Արարատ թարգ․) Որովհետև ահա նա, որ սարերն է կազմել և քամին է ստեղծել և մարդուն հայտնում է, թե ի՛նչ է իր մտածմունքը, որ արշալույսը խավար է դարձնում և շրջում է երկրի բարձրավայրերում, Տեր՝ Զորքերի Աստված է նրա անունը»։
(Գրաբար) Զի ահաւասիկ ե՛ս եմ որ հաստատեմ զերկինս, և հաստատեմ զհողմս. և պատմէ ի մէջ մարդկան զօծեալ իւր. առնէ առաւօտ և մէգ, և ելանէ ի վերայ բարձանց երկրի. Տէր Աստուած ամենակալ անուն է նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: