Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ցանկանում են, որ երկրի փոշին լինի աղքատների գլխին և խեղաթյուրում են հեզերի ճանապարհները. նույնիսկ հայր ու որդի գնում են մեկ կնոջ մոտ՝ փառազրկելու Իմ սուրբ անունը: (Սինոդական թարգ․)[7]
«Ցանկանում են, որ երկրի փոշին լինի աղքատների գլխին»: Այստեղ մարգարեն արտահայտում է աղքատների ծայրահեղ ճնշման մասին միտքը, երբ ամեն ինչ` և՛ ճշմարտությունը, և՛ պատիվը, և՛ կարողությունը կարծես թե ոտնատակ է տրվում և հողին հավասարեցվում (Յունգերով): Ի տարբերություն Յոթանասնիցի թարգմանության` սլավոներեն տեքստում 7−րդ համարը մի փոքր այլ կերպ է ներկայացվում. «Ովքեր քայլում են երկրի փոշու վրայով ու փոշի են լցնում աղքատների գլուխներին»:
«Խեղաթյուրում են հեզերի ճանապարհները», այսինքն՝ անպաշտպան ու հեզ մարդկանց կյանքը լցնում են վշտերով ու դժբախտություններով:
«Նույնիսկ հայր ու որդի մեկ կնոջ մոտ են գնում՝ փառազրկելու Իմ սուրբ անունը». որոշ մեկնիչներ (Վելլհաուզեն, Նովակ) ենթադրում են, որ մարգարեն խոսում է անբարո կանանց մասին, որոնք կապ են ունեցել առանձին պաշտամունքների հետ («հիերոդուլախ»` «սուրբ պոռնիկներ»): Սակայն մարգարեի արտահայտվելու ձևը (Երեմ. 34։6) նմանատիպ ենթադրության համար որևէ հիմք չի տալիս: Հավանաբար, մարգարեն առհասարակ անառակության մասին է խոսում: Եբրայերեն «hannaarah» (կնոջ մոտ) արտահայտությունը կարելի է հասկանալ տվյալ տանը պատկանող ծառայի կամ ստրկուհու իմաստով (Գոոնակեր): Այս դեպքում մեջբերված բառերի մեջ կարելի է գտնել ուժեղների կողմից թույլերին ճնշելու գաղափարի շարունակությունը:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) նրանց, որ տրորում են երկրի հողը, որ կռփահարում էին աղքատների գլուխները, շեղում խոնարհների ճանապարհը, եւ հայր ու որդի մի բոզի մօտ էին մտնում, որպէսզի պղծեն իրենց Աստծու անունը:
(Արարատ թարգ․) Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։
(Գրաբար) որ կոխեն զհող երկրի. և կռփէին զգլուխս աղքատաց, և զճանապարհս խոնարհաց թիւրէին. և հայր և որդի առ մի բոզ մտանէին, զի պղծեսցեն զանուն Աստուծոյ իւրեանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: