Ա․ Լոպուխին
Դարեհ արքայի երկրորդ տարում, վեցերորդ ամսում, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ պատգամը հասավ Անգե մարգարեի միջոցով Սաղաթիելի որդի Զորաբաբելին` Հուդայի կառավարչին, և Հոսեդեկի որդի Հեսուին` մեծ քահանային: (Սինոդական թարգ․)[1]
Համաձայն Անգե մարգարեի գրքի գերակշռող պատմական բնույթի` այն սկսվում է մարգարեի առաջին քարոզի ճշգրիտ և հստակ ժամանակագրությամբ, ընդորում ճշգրտորեն թվագրված են նաև նրա հետագա բոլոր քարոզները (տե՛ս 2−րդ գլխի 1−ին և 10−րդ գլխի 20−րդ համարները): Ժամանակագրական մեթոդի մեջ նկատելի է ժամանակի բաբելոնյան հաշվարկի ազդեցությունը հրեականի ժամանակագրության վրա։ Ակնհատ է, որ բաբելոնական օրացույցն ու քաղդեական ժամանակի հաշվարկի մեխանիզմը շատ լավ յուրացվել էին գերության տարված հրեաների կողմից, ինչպես վկայում են (Դան․ 10:1) և ( Զաք․ 1:7, 7:1) մարգարեությունները, ինչպես նաև Նեեմի գրքում (1:1, 2:1) առկա նմանատիպ ամսաթվերը։ Այստեղ հին հրեական ժամանակի հաշվարկի մեթոդի հետ եղած տարբերությունը առաջին հերթին այն է, որ եթե նախկինում սուրբգրային հեղինակների մոտ իրադարձությունները թվագրվում էին ազգակից երեք` հրեական, հուդայական և իսրայելական թագավորների կառավարման թվականների համաձայն (օրինակ`Երեմ. 25:1, 26:1, 28:1), ապա գերության ու դրան հաջորդող ժամանակաշրջանների իրադարձությունների թվագրման համար սուրբգրային հեղինակները վերցնում են հրեաներին նվաճած օտարերկրյա թագավորների գահակալության թվականները: «Նախքան գերությունը,− ասում է երանելի Թեոդորիտը,− մարգարեները կիրառում էին հրեական և իսրայելական թագավորների գահակալության թվականները, սակայն գերությունից վերադառնալուց հետո (քանի որ հրեաներն այլևս չունեին իրենց թագավորները) Աստծո մարգարե Անգեն բերում է պարսկական թագավորի կառավարման թվականներն ու նշում է ոչ միայն տարեթիվը, այլ նաև ամիսն ու օրը` ցանկանալով ցույց տալ ոչ միայն վերակառուցման աշխատանքների արագությունը, այլ նաև այն պարգևների առատությունը, որոնցով Տերը մշտապես օրհնում է Իր արարածներին (Անգեի մարգարեության մեկնություն // Творения. М., 1857. Ч. 5. С. 58):
Դարեհ թագավորի անունը եբրայերենում Դարյավեշ է, հին պարսկերենում` «Darayavaus», բաբելոներենում` «Darijamus»: (Երանելի Հիերոնիմոսը եբրայերեն «Դարյավեշ» բառը որպես հասարակ անուն է թարգմանում. «generationes factae»՝ նախորդ ծնունդ»: Այս թարգմանության բանասիրական հավաստիությունը առավել քան կասկածելի է, սակայն երանելի Հիերոնիմոսի մոտ այս դեպքում նկատի են առնվում այն բարոյա−այլաբանական եզրակացությունները, որոնք նա անում է վերոնշյալ թարգմանությունից: Տեʹս երանելի Հիերոնիմոս «Մի գիրք Անգեի մարգարեության վերաբերյալ» (Творения. Kиев, 1898. Ч. 14. С. 317, 318): Այստեղ, ինչպես նաև Եզրասի 1−ին գրքում (Ա Եզրաս. 4:25, 5:5−7, 6:1, 12−15), համընդհանուր կարծիքի համաձայն, նկատի է առնվում Դարեհ Հիստասպ թագավորը, որը Պարսկաստանում գահակալել է մ․թ․ա․ 521−485 թվականներին։ Սա նշանակում է, որ նրա գահակալության երկրորդ տարին եղել է մ․թ․ա․ 520 թվականը: Այդ տարին, ըստ երանելի Հիերոնիմոսի թվագրության, յոթանասուներորդ տարին էր տաճարի ավերումից հետո՝ համաձայն Երեմիայի մարգարեության (25:12) և Զաքարիա մարգարեի վկայությունների (1:7, 12)։ Համընկնումը նշանակալի է, քանի որ հստակ կերպով ցույց է տալիս յոթանասուն տարով Սուրբ երկրի և, մասնավորապես, տաճարի ամայացման վերաբերյալ Երեմիայի մարգարեությունների ճշգրիտ իրականացումը։ Տաճարի հենց 520 թվականից լքված (եբրայերեն՝ «հարև») թողնվելու մասին Անգե մարգարեն խոսում է 1−ին գլխի 4−րդ համարում։
Եթե Անգե մարգարեն իր մարգարեական քարոզչության սկիզբը նշում է իրեն ժամանակակից թագավորի կառավարման տարով, ապա Ե՛վ մինչգերության (Եզեկ. 1:1) և՛ հետգերության (Զաք. 1:7, 7:1) ժամանակաշրջանների հաշվարկի մեթոդների ոգով, այս իրադարձության ամիսն ու օրը թվագրում է ըստ եբրայական օրացույցի՝ գերության ժամանակ և գերությունից հետո, որտեղ անուն է ստանում 12−ամիսներից յուրաքանչյուրը: Այս օրացույցի՝ հետագայում Ելուլոմ անվանված (Նեեմի. 6:15) վեցերորդ ամիսը համընկնում է մեր օրացույցի օգոստոսի երկրորդ և սեպտեմբերի առաջին կեսին: Այսպիսով՝ մարգարեի գործունեության սկիզբը եղել է 520 թվականի օգոստոսի երկրորդ կեսին, այսինքն՝ անմիջապես նորալուսնին կամ էլ ամսվա առաջին օրը, որը միշտ տոն է համարվել` սկզբում միայն եկեղեցական (Թվեր. 28:11−14), իսկ այնուհետ նաև քաղաքացիական (Ա Թագ. 20:5 և այլն, Ամոս. 5:8, հատկապես Թալմուդի համաձայն):
Անգեի «միջոցով» (եբրայերենում` «բեյադ», Յոթանասնից` «en ceiri», Վուլգաթայ` «in manu») արտահայտության, ինչպես նաև մարգարեի հատուկ անվանը նրա ծառայության «նապի» (մարգարե) անվանումը ավելացնելու հանգամանքը որոշ մեկնաբաններ անարդարացիորեն գրքի շատ ավելի ուշ շրջանում ստեղծված լինելու վերաբերյալ ցուցում են համարում։ Երկու յուրահատկությունների համար էլ կարելի է զուգահեռներ գտնել ավելի վաղ՝ գերությունից առաջ ստեղծված մարգարեական գրվածքներում։ Առաջինի համար, օրինակ, Ես. 20:2 և Ովս. 1:2 համարներում, իսկ երկրորդի համար` Ամբակում. 1:1−ում (այս մասին ընթերցի՛ր վերջին հատվածի վերաբերյալ մեր մեկնաբանությունը): Առաջին արտահայտության փոխանցումը Յոթանասնիցում, Վուլգաթայում և սլավոներեն տեքստում պետք է համարել չափազանց բառացի, և այս պարագայում պետք է նախընտրությունը տալ ռուսերեն տեքստում առկա տարբերակին: Յոթանասնիցն ու սլավոներեն տեքստը պարունակում են ավելորդաբանական մի հավելում՝ «logwn eipwn»: Սակայն այս հավելումը, հավանաբար, փոխ է առնված մարգարեի նմանատիպ մյուս խոսքերից (2:1, 10, 20):
Վուլգաթան, սակայն, փոխանցում է այս բառերից միայն մեկը` «dicens»:
Անգե մարգարեի միջոցով հաղորդված Տիրոջ խոսքն ուղղված էր Երուսաղեմի հրեական համայնքի քաղաքացիական ղեկավար Զորաբաբելին, ինչպես նաև նրա հոգևոր առաջնորդ Հեսու քահանայապետին: Զորաբաբելը (եբրայերեն` «Զերուբբաբել», Յոթանասնից` «Zorobabel») Դավթի հետնորդն է, Սաղաթիելի որդին, և Աստվածաշնչյան մի շարք այլ հատվածներում ներկայացվում է իբրև գերությունից վերադարձող հրեաների առաջին քարավանի առաջնորդ, տաճարի վերակառուցող և Հուդայի կառավարիչ (Ա Եզրաս. 2:2, 3:2, 4:2, Նեեմի. 7:7, Զաքարիա. 4:6, 9): Սակայն, մյուս կողմից էլ Եզրասի Առաջին գրքում (1:8, 11, 5:14−15) այս նույն գործունեությունը վերագրվում է ոմն Շեշբացարի, որը նաև կոչվում է «Հրեաստանի իշխան («նասի»)» և Հրեաստանի կառավարիչ կամ գավառապետ («պեխա»): Այստեղից առաջացած Զորաբաբելի ու Շեշբացարի կապի վերաբերյալ հարցը արևելյան աստվածաշնչագետների մեծ մասի կողմից լուծվում է այս երկուսին տարբեր անձեր համարելով (տեʹս Marti. Op. cit. S. 382; Andrи. Op. cit. P. 48–63)։ Ավելին, ի դեմս Շեշբացարի, նրանք տեսնում են կա՛մ պարսիկ պաշտոնյայի (Շտադե, Սմենդ), որը հրեական նահանգի ղեկավարի կողմից նշանակվել է որպես պարսկական կառավարության ներկայացուցիչ, կա՛մ էլ նմանատիպ գործառույթ իրականացնող մի հրեայի (Մեյեր, Ռենան և այլն), որը, միգուցե, թագավորական ընտանիքի հեռավոր ներկայացուցիչ էր: Սակայն ճշմարտությանն ավելի մոտ է թվում մասնագետների այն կարծիքը (չնայած այս տեսակետը նույնպես իր դեմ առարկությունները չի բացառում), համաձայն որի Զորաբաբել և Շեշբացար անունները միևնույն անձի՝ Դավիթ թագավորի հետնորդի՝ Սաղաթիելի որդու (տե՛ս Ա Մնացորդաց. 3:19)՝ մարմնով մեր Տիրոջ և Փրկչի նախնիներից մեկի (Մատթ. 1:12−13) տարբեր լեզուներում (եբրայերեն և խալդերեն) օգտագործվող անվանումներ են: (Այս մասին ընթերցի՛ր նաև «Տալկովայա Բիբլիա», հատոր 3, էջ 624): «Այս Զորաբաբելը,− ասում է երանելի Հիերոնիմոսը,− ծագումով Հուդայի ցեղից է, այսինքն՝ Դավիթի սերնդից, Փրկչի նախատիպն է, Ով իրապես վերականգնեց կործանված տաճարը, այսինքն՝ Եկեղեցին, և ժողովրդին նորից ազատեց գերությունից: Նա Եկեղեցին կառուցեց տաճարի հին և նոր քարերից, որոնք նախկինում մշակված չէին, այսինքն՝ Հայր Աստծո համար խորան կառուցեց ինչպես իսրայելի մնացորդներից, այնպես էլ հեթանոս ազգերի բազմությունից» (Մի գիրք Անգեի մարգարեության մեկնության վերաբերյալ, Творения. Kиев, 1898, էջ 320): Ըստ բառակազմության ամենայն հավանականության՝ եբրայերեն «Զերուբբաբել» արտահայտությունը կարելի է թարգմանել որպես «Բաբելոնում ծնված (ավելի ճիշտ` «ցանված»)»: Ըստ երանելի Հիերոնիմոսի, այս բառը «կարող է նշանակել կաʹմ «մոտակայքում գտնվող գետ» (reusij parakeimenh), կաʹմ «Բաբելոնում ծնված», կաʹմ «իշխան Բաբելոնից»… Ըստ հրեաների ավանդության՝ այս արտահայտությունը կազմված է երեք՝ միմյանցից միանգամայն անկախ բառերից. «զո»` այն; «րով»` ուսուցիչ կամ ավագ; և «բաբել»` բաբելոնացի…» (տես՛ վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 320, 321): Ինչպես առաջին («մոտակայքում գտնվող գետ»), այնպես էլ, ենթադրաբար, եբրայերեն ավանդական բառակազմության [արդյունք] համարվող «Զերուբբաբել» անվան վերջին իմաստը, անկասկած, չի կարող ընդունելի համարվել: Ավելի մեծ ուշադրության է արժանի երանել Հիերոնիմոսի մոտեցումը. «Ճիշտ այնպես, ինչպես Նավեի որդի Հեսուն, որը նույնպես Փրկչի նախաօրինակն է համարվում, անապատից ժողովրդին առաջնորդեց դեպի ավետյաց երկիրը, այդպես էլ սա (Զորաբաբելը) այն պատճառով ծնվեց Բաբելոնում, որպեսզի Բաբելոնում եղած մարդկանց կրկին վերադարձնի դեպի ավետյաց երկիր, որտեղից նրանք գերության էին տարվել» (տե՛ս վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 321):
Անգեի մարգարեի գրքում Զորաբաբելի պաշտոնական տիտղոսը «պեխա»−ն է, ամբողջական տարբերակը` «պախատ−Իեխուդա» (1:1, 2:1, 21): «Պեխա» բառը «գավառապետ» իմաստով հանդիպում է դեռևս Սողոմոնի ժամանակներում (Գ Թագ. 10:15, Բ Մնացորդաց. 9:14), իսկ այնուհետև հիշատակվում է ասորական նախարարների (եբրայերենում` «պախոտ») մասին գրություններում (տե՛ս Գ Թագ. 20:24): Միևնույն ժամանակ քաղաքացիական և ռազմական իշխանություն ունեցող տեղապահ կամ առաջնորդ իմաստով՝ «պեխա» արտահայտությունը հանդիպում է ասորիների (Դ Թագ. 18:24, Եսայի. 36:9), քաղդեացիների (Եզեկ. 23:6, 23, Երեմ. 21:23, 28, 57) և պարսիկների մոտ (Եսթ. 3:12, 8:9, 9:3): Այս տիտղոսը մասնավորապես տրվել է Եփրատի մոտ գտնվող նահանգների կառավարիչներին (տե՛ս Ա Եզ. 8:36, Նեեմի. 2:7−9, 3:7): Այս բառն առաջացել է ասորերեն տարածաշրջանի կառավարիչ իմաստը ունեցող «pahatu», ավելի կոնկրետ` «bel−pahatu» արտահայտությունից, որի փոփոխված տարբերակը թուրքական «փաշա» արտահայտությունն է: Հրեական համայնքի աշխարհիկ ղեկավարի կամ իշխանի կողքին՝ Անգե մարգարեի մոտ, ինչպես նաև Եզրասի ու Նեեմիայի գրքերում, նշվում է նաև հետգերության շրջանի հրեաների հոգևոր առաջնորդը` Սաղաթիելի որդի Հեսու քահանայապետը (Զաքարիա. 3:1 և հաջորդ համարներ; Ա Եզրաս. 2:2 և հաջորդ համարներ, Նեեմի. 7:7, 12:1, 7, 10, 26): Հրեա ժողովրդի մոտ գերագույն իշխանության աշխարհիկի և հոգևորի բաժանումը միանգամայն բնական է և լիովին համապատասխանում է պատմական իրականությանը: Եթե բողոքական որոշ ուսումնասիրողներ (Մարտի, Շտադե) հերքում են գերությունից առաջ ընկած ժամանակներում քահանայապետական իշխանության ու հենց դրա «կոխենգադոլ»−«քահանայապետ» անվանման գոյությունը, ապա նրանց հակադարձում են, օրինակ, Դ Թագ. 12:11, 22:4, 8 համարներում հանդիպող հիշատակությունները: Սակայն իշխանական այս երկու ձևերը պատմական նշանակությունից զատ կարող են ունենալ նաև նախատիպային նշանակություն, որն էլ մատնանշում է երանելի Հիերոնիմոսը` ասելով. «Պատմական առումով Զորաբաբելը թագավորական ցեղի ներկայացուցիչ է, իսկ Հեսուն` քահանայապետական դասի, իսկ հոգևոր ընկալման առումով այստեղ խոսքը մեր միակ Տիրոջ և Փրկչի, Թագավորի և Մեծ Քահանայի մասին է, որի նախատիպը իր թագավորական ծառայության ընթացքում (իր մեջ) կրում էր Զորաբաբելը, իսկ քահանայապետական ծառայության մեջ՝ Փրկչի անվանակից Հեսուն, որն էլ նշանակում է փրկություն, «յոա», այսինքն՝ Տիրոջ փրկություն…» (վերոնշյալ ստեղծագործությունը, էջ 322):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Դարեհ արքայի երկրորդ տարում, վեցերորդ ամսուայ, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ պատգամը հասաւ Անգէ մարգարէի միջոցով եւ ասաց.
(Արարատ թարգ․) Դարեհ թագավորի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսվա ամսի մեկին, Անգե մարգարեի միջոցով Տիրոջ խոսքը հասավ Հուդայի կառավարիչ՝ Սաղաթիելի որդի Զորաբաբելին և Հովսեդեկ քահանայապետի որդի։
(Գրաբար) Յամին երկրորդի Դարեհի արքայի, յամսեանն վեցերորդի, որ աւր մի էր ամսոյն, եղեւ բան Տեառն ի ձեռն Անգէի մարգարէի, եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: