Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
9-11․ «Շատ բանի էիք սպասում, բայց քիչ ստացվեց, և ինչ էլ տուն բերեք, Ես այն պիտի ցրեմ։ Ինչո՞ւ,- ասում է Զորությունների Տերը,- Իմ տան պատճառով, որն ավերակ է, մինչդեռ դուք շտապում եք՝ ամեն մեկը դեպի իր տունը»: [9] «Ուստի երկինքը փակվել է և ձեզ ցող չի տալիս, և երկիրը չի տալիս իր պտուղները»։ «Եվ Ես երաշտ բերեցի երկրի վրա, լեռների վրա, ցորենի, գինու ու ձեթի վրա, և այն ամենի վրա, ինչ տալիս է երկիրը, ինչպես նաև մարդու վրա, անասունների վրա և ձեռքի բոլոր գործերի վրա»։ (Սինոդական թարգ․)
8−րդ համարում ժողովրդին տաճարի կառուցումն անմիջապես սկսելու արդարացի պահանջ ներկայացնելուց հետո, այժմ մարգարեն իր առաջին ճառի եզրափակիչ համարներում (9−11-րդ համարներ) հետադարձ հայացք է նետում արդեն հրեաների կրած դժբախտությունների և դրանց իրական պատճառի՝ տաճարի շինության հանդեպ ցուցաբերած անտարբերության վրա: Միևնույն ժամանակ մարգարեի արտահայտած միտքը (10, 11-րդ համարներ) երկրի բերրիության կամ անպտղաբերության, ինչպես և մարդկային աշխատանքի հաջողության կամ ձախողման փոխադարձ կապի մասին, անկասկած, աստվածաշնչյան է (հմմտ. Բ Օր. 28:22-23): Այն հիմնված է Աստծու նախախնամության մասին աստվածաշնչյան ուսմունքի վրա և, հետևաբար, արդարացի կլինի դիտարկվող համարների բովանդակությունը հավասարապես վերագրել և՛ անցյալին, և՛ ապագային, ինչպես անում են, օրինակ, երանելի Հերոնիմոսը և երանելի Թեոդորիտոսը: Վերջինս քննարկվող համարների իմաստը հետևյալ տարբերակով է մեկնում. «Քանի որ դուք անփույթ եք Ինձ ծառայելու գործում և շատ ջանքեր եք թափում ձեր տների համար, ապա Ես պիտի արգելեմ ամպերին անձրևներով ոռոգել երկիրը, իսկ երկրին պիտի հրամայեմ անպտուղ դառնալ: Այս պատժիչ ուժը, ինչպես մի սուր, պիտի ուղղեմ ոչ միայն երկրային բարիքների, այլ նաև հողը մշակող մարդկանց դեմ. նրանց հետ պատիժ պիտի կրեն նաև իրենց անասունները, որոնք ստեղծվել են նրանց ծառայելու համար: Ամենքի Տերը սպառնում է անել այս ամենը Աստծու տան հանդեպ ցուցաբերված անփութության համար՝ ոչ թե այն պատճառով, որ Նա ունի դրա կարիքը (ամեն ինչի Արարիչը նույնիսկ երկնքի կարիքը չունի. Նա այդ ամենը ստեղծել է մարդասիրությունից մղված), այլ հոգալով նրանց համար և նախախնամելով նրանց փրկությունը: Ուստի Նա պատվիրում է կառուցել տաճարը, որպեսզի նրանք տաճարում պահեն օրենքները, օգուտ քաղեն դրանից և օրինական պաշտամունք մատուցեն, մինչև, ըստ առաքյալի խոսքի, գա Ժառանգորդը (Հռոմ. 8:17)» (տե՛ս վերոհիշյալ ստեղծագործությունը, էջ 60):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Շատին սպասեցիք, եւ քիչը եղաւ, եւ ինչ որ դուք տուն տարաք, ես դուրս թափեցի: Այդ պատճառով այսպես է ասում Ամենակալ Տէրը. «Քանի որ իմ տունը աւերակ է, եւ դուք շտապում էք իւրաքանչիւրդ իր տունը:
(Արարատ թարգ․) «Շատ ակնկալեցիք, բայց ահա քիչ ստացաք, բերեցիք տուն, բայց ես ցրիվ տվեցի։ Ինչո՞ւ,- ասում է Տերը,- իմ Տան պատճառով, որ ավերակ է, իսկ ձեզանից յուրաքանչյուրը իր տնով է զբաղված։
(Գրաբար) Հայեցարուք ի բազում՝ եւ եղեւ սակաւ. եւ դուք ի ներքս ի տունս կրեցէք՝ եւ ես արտաքս փչեցի զայն։ Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր ամենակալ. Փոխանակ զի տունդ իմ աւեր է, եւ դուք ճեպեալ էք յիւրաքանչիւր տուն իւր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: