Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս այնուհետեւ այլեւս համարձակ չէր շրջում հրեաների մէջ, այլ այնտեղից գնաց մի շրջան, որ մօտ էր անապատին. գնաց մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, եւ իր աշակերտների հետ այդտեղ էր մնում:
Սինեդրիոնի որոշումը պատճառ դարձավ, որ Հիսուս Բեթանիայից Երուսաղեմ չգնա, անգամ Բեթանիայում էլ չմնա, այլ հեռանալու համար Բեթանիայից մեկնի հյուսիս, Սամարիայի արևելյան կողմը և գնա Հորդանանի աջ գետեզերքի վրա տարածվող անբնակ անապատից այն կողմ և այնտեղ առանձնանա իր աշակերտներով Եփրայիմ կամ Եփրեմ, Եփրա, Ոփրա, (այժմ՝ Թայեպե) գյուղում՝ ծածուկ և թաքուն, առանց քարոզելու՝ բոլորից անծանոթ մնալով: Հյուսիսի առանձին և ծածուկ մնալու այս մտադրությունն ամենևին էլ վախով կամ փախչելու նպատակով չի բացատրվում, քանի որ որոշ ժամանակ անց Նրան պիտի տեսնենք հոժարակամ Երուսաղեմի ճամփան բռնած, արիաբար մահվան վտանգին ընդառաջ գնալիս: Քանի անգամ կրկնել ենք, թե պետք է լրանար փրկագործ տնօրինության համար սահմանված ժամանակը, հասներ Հիսուսի «ժամանակ» ասած պահը, որպեսզի այլևս ստիպված չլիներ զգուշանալու փարիսեցիական հակառակությունից և սինեդրիոնի փրկագործության անօրինությունը:
Այստեղ հարկ ենք համարում նշել, որ Հիսուսի վերջին օրերում կայացած առանձնությունը համեմատելի է Նրա հրապարակային կյանքի սկզբում տեղի ունեցած քառասնօրյա առանձնության և պահեցողության հետ՝ Հորդանանի աջափնյա Հուդայի անապատում: Այս անգամ դարձյալ գալիս է նույն կողմերը, նույն անապատին գրեթե հարակից Բեթսանի անապատի ծայրում՝ Եփրեմի անապատի մոտ:
Այնտեղ Հիսուս նախապատրաստվում էր Իր վարդապետական հրապարակային գործունեությանը, իսկ այստեղ՝ հանդարտության և հոգեկան ամփոփման մեջ, Իր գործունեության ավարտին և կամավոր ընծայմանը:
Եփրայիմում Հիսուս անց է կացնում հռոմեական 783, մեր տոմարով՝30 թվականին, Իր կյանքի 34-րդ տարվա մարտ ամիսը, քանի որ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին տեղի ունեցած Ղազարոսի հրաշագործությունից հետո Հիսուս Բեթանիայում հայտնվելու է ապրիլի մեկին, ուրեմն Եփրայիմի ժամանակահատվածն ընկնում է մարտ ամսին, թեև ոչ լրիվ երեսուն օր, որովհետև ապրիլի մեկից մի քանի օր առաջ Նա մեկնում է Եփրայիմից և Երիքովի ճանապարհով ուղղվում դեպի Բեթանիա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: