Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 13:1

Մաղաքիա արք. Օրմանյան

Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 26:17
   
1-20. Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց: Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդէն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Յուդայի սրտի մէջ դրել էր, որ մատնի նրան, Յիսուս իմացաւ, որ Հայրը ամէն բան իր ձեռքն էր յանձնել, եւ որ ինքը Աստծուց էր ելել եւ Աստծու մօտ էր գնում: Նա վեր կացաւ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով՝ մէջքին կապեց: Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ եւ սրբել մէջքին կապած սրբիչով: Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, եւ սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»: Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կ՚իմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»: Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլեւ իմ ձեռքերն ու գլուխն էլ լուա՛»: Յիսուս նրան ասաց. «Լուացուածին ուրիշ բան պէտք չէ, բայց միայն ոտքերը լուանալ, քանի որ ամբողջութեամբ մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ բոլորդ»: Քանի որ նա գիտէր նրան, ով իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր էք»: Եւ երբ նրանց ոտքերը լուաց, վերցրեց իր զգեստները եւ դարձեալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտէ՞ք, թէ այդ ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ. իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ. որովհետեւ մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք: Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ՚ուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»:
   

    Այս միջադեպի մասին միայն Հովհաննեսն է պատմում, որի համար ամենից հարմար միջոցն էր ձեռքերի օրինական լվացման առիթը, երբ տաշտն ու կուժը մեջտեղ էր բերված և լվացման գործողությունը սկսված էր: Արդեն հիշատակեցինք, որ լվացման արարողությունը տեղի է ունենում առաջին բաժակից հետո և դառնակերությունից առաջ: Անհնար է, ուրեմն, ավելի ուշ թողնել ոտքերը լվանալու արարողությունը և սկսված ընթրիքն ընդհատելու ենթադրությունն անել:
    Ավետարանիչը հանդիսավոր առաջաբանով է բացում այդ միջադեպի պատմությունը՝ Հիսուսի սերը բարձրացնելու և այդ հարգալից խոսքերից հետո ներկայացնելով ոտնլվան: Ահա բառացի խոսքերը «Յառաջագոյն քան զտօնն զատկի, գիտաց Յիսուս, թէ հասեալ է ժամ նորա, զի փոխեսցի յաշխարհէ աստի առ հայր, սիրեաց զիւրսն որ յաշխարհի աստ են, իսպառ սիրեաց զնոսա»: Սովորաբար ավետարանի մեկնողներն այդ առաջաբանը ոտնլվայի պատմությանն են հատկացնում և նրա մեջ ցանկանում են տեսնել Հիսուսի՝ Իր առաքյալների նկատմամբ ունեցած իսպառ սիրո փաստը: Սակայն ոչինչ չի ստիպում այսպիսի սեղմ և ամփոփ պարզաբանում տալ ավետարանչի ընդարձակ և հանդիսավոր խոսքերին, մանավանդ, որ ոտնլվան իր մեջ նշանակալի, մեծ սիրո նշանակություն չի պարունակում, այլ գերազանց խոնարհության օրինակ է և առաքյալների մեծամտության հանդիսավոր հանդիմանություն: Մեր կարծիքով, որը պատմության վրա է հիմնված, այդ գերազանց սերը հայտնված է նախ Մարմնի և Արյան խորհրդի մեջ, որը Հովհաննեսը չի պատմում, իսկ դրանից ավելի՝ այն սրտաբուխ և սրտաշարժ կտակի ու խրատների մեջ, որը Հիսուս ընթրիքի վերջում խոսեց, և այն սրտագրավ աղոթքի մեջ, որ առաքյալների համար արեց և որոնք Հովհաննեսի ավետարանի 13, 14, 15, 16 և 17 գլուխներն են ամփոփում ամբողջությամբ: Այսպիսի մի ընդարձակ հատվածի համար առաջաբանն իր նշանակությունն է ունենում, իսկ միայն ոտնլվայի միջադեպի համար՝ հարմար չի լինում և մանավանդ սիրո նշանակությունն էլ չի արդարացվում:
    Սրանից բացի, այդ տանը ոտնլվայի պատմության գլուխը կցված լինելը լատին տնատողի կամայականության հետևանքն է, այլ ոչ թե հեղինակի գործը: Ամոնյան հին բաժանումով Հովհաննու 29 գլուխը 12:46-ից է սկսում և 13:1 տնով վերջանում, իսկ 13 գլուխը 13:2-ից է սկսում՝ ճիշտ ոտնլվայի պատմությունից, որով «Յառաջագոյն» և այլն տունն այդ պատմությունից առանձնանում է: Այս տեսությամբ ամբողջովին հերքվում է նիսան 13-ին ընթրիքի պաշտպանների փաստարկը, որոնք «Յառաջագոյն քան զտօնն զատկի» խոսքերը հաջորդ «Եւ ի լինել ընթրեացն» խոսքերին կապելով, ջանում են հետևություն անել, թե ընթրիքը Զատկի օրվանից առաջ է տեղի ունեցել, մինչ «Յառաջագոյն քան զտօնն զատկի» խոսքը վերաբերում է այն զգացմանը, որ Հիսուս ունեցավ Իր մահվան վերջին ազդարարությունն անելու ժամանակ, նախորդ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին: Ավետարանիչն ուզում է հասկացնել, թե Հիսուս Իր մահվան վերջնական որոշման և գուշակության հետ մեկտեղ առաքյալներին սիրո գերագույն հայտարարություն անելու մտադրությունն ունեցավ և դա էլ կատարեց Զատկի ընթրիքի առիթով, մինչև իսկ խաչելության կամավոր անձնազոհությամբ և նրանում կատարված ամեն մի հանգամանքով: Դրանից հետո «Եւ ի լինել ընթրեացն» խոսքը, նախորդից անկախ, զատկական ընթրիքի առիթով պատահած և մյուս ավետարանիչների կողմից չհիշատակված մի պարագա պատմելու սկզբունքն է:
    «Ի լինել ընթրեացն» խոսքն էլ մեր և հունական բացատրությամբ շատ լավ կարող է հարմարվել ընթրիքի սկզբին, մինչ լատիներենն այստեղ անցած ընդունելության իմաստով բառ գործածած լինելու պատճառով լատին մեկնիչներին նեղ վիճակի մեջ է դնում, թե ինչպես է հնարավոր ոտնլվան ընթրիքի վերջում դնել, իբրև թե ասած լիներ՝ ի լրանալ ընթրեացն, սակայն հունական բնագիրը և մեր լավագույն թարգմանությունը կարծեցյալ դժվարությունը պարզում են:
    Մեկ դիտողություն էլ. եթե ավետարանի բառերի նշանակությունները պիտի բռնազբոսիկ կերպով ընդունենք, ապա պետք է կարծել, թե միայն ընթրիքից հետո Հուդան մատնելու մտադրությունը ունեցավ, քանի որ գրված է. «Եւ ի լինել ընթրեացն, սատանայի իսկ արկեալ էր ի սիրտ, զի մատնեսցէ զնա Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ»: Բայց մենք գիտենք, որ վաղուց էր Հուդան մտադրվել և չորեքշաբթիից մեկ օր առաջ քահանայապետերի հետ մատնության սակարկությունն էր արել: Մյուս կողմից ցույց կտանք, որ Հուդայի այդ մատնության հիշատակությունը բոլորովին առանձնացնում է ոտնլվայի պատմությունը և 13:1 համարի հանդիսավոր առաջաբանը:
    Իբրև ոտնլվայի հատուկ մուտք, ավետարանիչը գրում է. «Գիտաց Յիսուս զի ամենայն ինչ ետ Հայր ի ձեռս նորա, եւ թէ յԱստուծոյ ել եւ առ Աստուած երթայ»: Այդ առաջաբանը ներքուստ կապվածություն ունի գերագույն խոնարհության օրինակի հետ, իբրև թե ասեր. «Թեպետև Հիսուս գիտակ էր Իր ծագմանը և Իր զորությանը, որ բոլորից բարձր է և աստվածային, այդուհանդերձ իրեն այսպիսի մեծ խոնարհության գործ կատարելը ամոթ չհամարեց»: Դիտողություններն ավարտելով՝ անցնենք եղելությանը: Տաշտն ու կուժը, ջուրն ու սրբիչը պատրաստ էին, և բազմությունը մեկ առ մեկ իրենց օրինական սրբության լվացումն էին կատարում, հանկարծ Հիսուս տեղից վեր է կենում, վրայի հանդերձը կամ օթոցը ուսից ցած գցում և, մի բավականին մեծ սրբիչ վերցնելով, գոգնոցի պես մեջքին է կապում, կուժը կամ սափորը վերցնելով՝ տաշտի մեջ ջուր է լցնում, լցված տաշտը առաքյալներից մոտիկ գտնվողի առաջն է թեքում և սկսում է ոտքերը լվանալ: Առաքյալներն ապշում են այդ անսովոր տեսարանից. ուրիշի ոտքերը լվանալը սիրո կամ հարգանքի արտահայտություն էր, և փոքրը մեծին և ոչ թե մեծը՝ փոքրին էր ցույց տալիս այդ պատիվը, և սիրո համար էլ՝ մատուցվում էր օտարներին և ոչ թե տնեցիներին: Ոչ մեկ և ոչ մյուս առիթը չէին կարող արդարացնել Հիսուսի նորօրինակ արարքը: Առաքյալներն ավելի շփոթված, քան թե ուրախացած, թույլ են տալիս որ Հիսուս մտքին դրածը կատարի, իրենց ոտքերը տաշտի մեջ լվալով և թաց ոտքերը մեջքին կապած սրբիչի վրա սրբելով և չորացնելով: Ավանդաբար կարծում են, թե առաջին անգամ Հուդայից է սկսել այդ գործողությունը, և թե հատկապես Հուդային հասկացնելու համար է անում այդ գործողությունը: Հուդայից սկսելու հանգամանքը կարող ենք ընդունել՝ նկատի առնելով, որ նա անմիջապես Հիսուսի կողքին էր նստած:
    Առաքյալներից շատերը շփոթված և իրենց անելիքները չիմացող, գրեթե մեքենաբար թույլ էին տալիս, որ Հիսուս մտքին դրածն աներ, և հետաքրքրությամբ սպասում էին Հիսուսի գործի նշանակության իմանալուն՝ գիտենալով, որ Նա առանց խորը մտադրության որևէ գործ չի կատարի: Պետրոսի բնավորությունը մյուսներից տարբերվում էր. նա խիզախ էր, մտքում եղածը հայտնող, չիմացած բանի համար դիտողություն անող, առաջ նետվելուց չվախեցող: Երբ որ հերթն իրեն է հասնում, զարմացած պատասխանում է. «Վարդապետ, ինչպե՞ս կարող է պատահել, որ Դու իմ ոտքերը լվանաս, մի՞թե դա վայել է, մի՞թե ես կարող եմ նման բան թույլ տալ»: Հիսուս մեղմորեն պատասխանում է. «Շատ ես այս ու այն կողմ ընկնում, Պետրո՛ս, չիմացածդ բաների մեջ էլ մի մտիր, դու իմ արածի նշանակությունը չես իմանա, դրա համար չես համակերպվում, թույլ տուր հիմա գործը վերջանա, հետո նշանակությունն էլ կիմանաս»: «Չիմանալու բան չկա, - պատասխանում է Պետրոսը, - գործը պարզ է, դու վարդապետ, մենք աշակերտ, և
աշակերտին վայել չէ, որ իր վարդապետն իր ոտքերն է լվանում. հետևաբար լինելու բան չէ, որ ես իմ ոտքերը քեզ լվանալ տալու համաձայնվեմ»: Հիսուս այդ ընդդիմությանը չոր կերպով պատասխանում է. «Ուրեմն դու իմ աշակերտների դասից չես. բոլոր իմիններիս ոտքերը լվանալու եմ. եթե քո ոտքերը չլվանամ, նշանակում է, թե դու ինձ հետ մասնակցություն չունես և պիտի չունենաս»:
    Այս անակնկալ հետևանքի առջև Պետրոսը հանկարծ հաշտվում է. «Դե որ ասում ես, որ այդ լվացումը քեզ հետ մասնակից լինելու նշան է, ոչ միայն համաձայնվում եմ, որ ոտքերս լվանաս, այլև՝ մասնակցությունն է՛լ ավելի ընդարձակելու համար, կխնդրեմ, որ ոտից գլուխ ինձ լվանաս»: «Այդքան առաջ անցնելու պետք չկա, - նկատում է Հիսուս, - նրանք, ովքեր լվացվելուց և մաքրվելուց հետո բաղնիքից դուրս են գալիս, բավական է, որ միայն ոտքները լվանան, և որովհետև դուք էլ մաքրված ու սրբված եք արդեն, դրա համար էլ միայն ձեր ոտքերը լվանալը բավական է: Սակայն եթե դուք մաքրված ու սրբված եք, ասում եմ, բոլորիդ համար վստահ չեմ, որովհետև մեջներդ դեռ չմաքրված էլ կա»:
    Այս վերջին ակնարկը, որ նշում է ավետարանիչը, Հուդային է վերաբերում: Արդեն Հովհաննեսն առիթը բաց չի թողնում, որ Հուդայի համար բացառություն անի, և Հիսուսի բոլոր ձախող ակնարկները վերագրում նրան Հովհ. 6:72, 12:6, 13:11: Հովհաննեսը՝ սիրելի աշակերտը, սաստիկ զգացված է, որ Հուդան նման չարությամբ է հատուցում Հիսուսի սիրուն:
    Վերջապես, Պետրոսն էլ զիջում է, նրա ոտքերն էլ լվացվում են, որից հետո մնացածներին նոր բան ասելու և անելու բան չի մնում և Տասներկուսի շրջանը վերջացնելով՝ բոլորի ոտքերն էլ լվացվում են և օրինական լվացման արարողությունը նոր ձևի օրինակ և լրացում է ստանում՝ այս անգամ Հիսուսի կատարած ոտքերի լվացումով: Այդ լվացմանը մեծ նշանակություն են տվել Եկեղեցական Հայրերը՝ հիմնվելով այն խոսքերի վրա, թե այս լվացումը Հիսուսի հետ մասնակից լինելու նշան է և նրա անտեսումը մասնակցությունից զրկում առաջ կբերի: Ոչ միայն Արևելյան եկեղեցական հայրերը, այլև Արևմտյան եկեղեցական հայրերը և վարդապետները ոտնլվան եկեղեցական խորհուրդների շարքում են դասել, մինչև որ միջին դարերի դպրոցականության (սխոլաստիկայի) զորանալով՝ ոտնլվան եկեղեցու խորհուրդների շարքից դուրս հանվեց: Ոտնլվայի հիշատակը հանդիսավոր կատարելու հեղինակը համարվում է Ս. Եփրեմ Ասորին, և մեր մեջ յուրաքանչյուր Ավագ հինգշաբթի նրա օրինակն ենք կատարում: Հին ժամանակներում ամեն հավատացյալ ջանում էր մասնակցել՝ եթե ոչ ոտքերը, գոնե ձեռքերը լվանալ տալով: Մեր եկեղեցական արարողության մեջ ջրով լվացմանն ավելացված է նաև յուղով օծելը: Թեպես Վերջին ընթրիքի լվացման մեջ օծումը հիշված չէ, սակայն ընդհանուր սովորություն էր լվացմանը օծումն էլ կցել, կամ էլ նույնիսկ ազնիվ յուղը իբրև լվացման նյութ գործածել, ինչպես ավետարանական հիշատակություններն են հաստատում:
    Երբ Հիսուս լվացումն ավարտեց, տաշտը թողեց, գոգնոցը հանեց, օթոցն առավ և եկավ նորից իր տեղը՝ սեղանի գլխին: Արարողական լվացումն արտասովոր հավելումներով է լրացել, բայց արարողական կարգերը փոփոխություն չէին կրել և հերթն էր դառնակերությունը սկսելու: Երկրորդ բաժակն էլ պիտի լիներ մինչ այդ և անշուշտ Հիսուս այն չէր անտեսել, չնայած որ ավետարանիչները հարկ չեն համարել ամեն մանրամասնությունները մեկ առ մեկ հիշատակել: Նրա ետևից սկսեց բաղարջը բաշխել և խորոված գառից պատառոտելով՝ յուրաքանչյուրին մաս-մաս տալ, որովհետև օրենք էր, որ Զատկի գառան ոսկորները չպիտի կոտրտվեին և փշրվեին Ելք 12:46:
    Երբ որ այդ գործողությունները վերջացան և սեղանի վրա խոսակցության հերթը եկավ, առաջին նյութը պետք է լիներ Հիսուսի նորօրինակ գործողությունը, որ խորհրդավոր նշանակություն էր ստացել և որի բացատրությունը փափագում էին լսել առաքյալները, մանավանդ, որ Հիսուս խոստացել էր բացատրություն տալ Պետրոսին. «Բայց ապա գիտասջիր»: Սպասողական լռություն էր տիրում սեղանի վրա, երբ Հիսուս, այն խզելով, սկսեց սպասված բացատրությունը տալ: «Կարողացա՞ք արդյոք խորհել և թափանցել իմ կատարած գործողության նշանակության մեջ: Դուք ինձ իբրև ձեզ վարդապետ և իբրև ձեր մեծն եք ճանաչել և իրավունք ունեք, որովհետև իրոք միշտ ձեզ ուսուցիչ և առաջնորդ եղա: Քանի որ ձեզ պետք եղածը սովորեցնելու հանձն եմ առել, այս անգամ էլ գործով և օրինակով ուզեցի ձեզ հասկացնել, որ եթե ես՝ ձեր ուսուցիչն ու ձեր մեծը լինելով, ձեր ոտքերը լվանալուց անգամ չքաշվեցի և մեծերին իրենցից փոքրերի հանդեպ վարվելու ձևը ցույց տվի, դուք էլ հասկացեք, թե իրար հետ ինչպես պիտի վարվեք և միմյանց ոտքեր լվալու չափ իրար հանդեպ խոնարհ և զիջող պետք է լինեք: Իմ արածն օրինակի համար էր, ուրեմն իմ արածը միշտ ձեր մտքում որպես օրինակ պահեք, որ ինչպես ես ձեզ հետ վարվեցի, դուք էլ իրար հետ նույն ձևով վարվեք: Հայտնի բան է, որ ծառան իր տիրոջից մեծ չէ, և ուրիշից պաշտոն ստացողը՝ պաշտոն տվողից ավելի մեծ չէ: Այս սկզբունքը երբ որ մտքներումդ տպավորեք, այն ժամանակ այլևս տված օրինակս գործադրելու դժվարություն չեք կրի և շատ ավելի մեծ և բախտավոր կլինեք, երբ որ ըստ այսմ էլ գործեք և տված օրինակս ու խրատս գործադրեք: Այն ժամանակ ձեր ստանձնած պաշտոնն էլ ավելի հաջողություն կունենա, և դուք էլ բոլորի կողմից կատարյալ ընդունելություն կգտնեք, և ուրիշներին ավելի շատ լավություն կանեք: Երանի նրանց, ովքեր ձեզ և ձեր քարոզությունները լավ կընդունեն, որովհետև դրանով ինձ ընդունած կլինեն և ինձ հետևող կլինեն, և ինձ ընդունողներն էլ Երկնավոր Հորը կընդունեն, ում կողմից էլ ես եկել եմ Երկնքի Արքայության գործը կատարելու: Սրանք այժմվանից եմ ձեզ հիշեցնում, որպեսզի մտքներումդ պահեք և երբ որ դրանց իրականանալը տեսնեք, հիշեք, որ այդ ամենը ես նախապես եմ կռահել և սրանով իմ
նկատմամբ ունեցած հավատքներդ կհզորացնեք և ավելի ուժգին արիությամբ և վստահությամբ գործեք: Այս խոսքերն ասված ժամանակ ընդհանուր ձևով ձեր խմբի հետ եմ խոսում և ոչ ամեն մեկիդ անհատապես, որովհետև իմ ընտրածների ով և ինչ լինելը գիտեմ և չպետք է պահեմ, որ ձեր մեջ իմ դեմ դավաճանություն նյութող կա, ճիշտ այնպես, ինչպես գրված է Սուրբ Գրքում, թե՝ «որ ուտեր ընդ իս հաց, արար ինձ խաբէութիւն» Սաղմ. 40:10: