Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 15:12

Մաղաքիա արք. Օրմանյան

12-17. Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ: Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ: Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ: Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ: Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց»:
   
    Հիսուսի կտակ-քարոզը, թեև ցրված իմաստներով է ներկայանում և մասերը համեմատելիս գեղարվեստական ստեղծագործունեություն չէ, սակայն ընդհանուր գծերը շատ ցայտուն են և դժվար չէ պատկերացնել նրա ներքին տրամաբանությունը: Առիթը Հիսուսի բաժանվելն է և այդ պատճառով առաքյալների մեջ առաջացած շփոթմունքն ու նեղությունն է: Այդ շփոթությունը փարատելու և նեղությունը մեղմացնելու համար քաջալերող գալիք երևույթներ և իրողություններ է թվում: Այդ երևույթների և եղելություններիիրականացման վստահությունը պիտի ունենան Հիսուսի հետ անմիջական և միջնորդաբար Երկնավոր Հոր հետ միավորությամբ: Միավորությունը վայելելու համար անհրաժեշտ է Աստծու, Հիսուսի և իրար հանդեպ ունեցած սերը անխարդախ կերպով կատարելագործեն: Սերը կատարելագործելու համար էլ պետք է մշտական պատվիրանապահություն ունենան, այսինքն՝ հետևեն Հիսուսի վարդապետություններին և գործադրեն պատվիրանները: Երբ կտակի տարբեր մասերը այդ ընդհանուր գծերի հետ ներդաշնակենք, շատ ավելի կպարզվեն բոլոր խոսքերի իմաստները: Միավորության կետը ընդարձակ բացատրված էր որթի, ճյուղի և պտղի հետ համեմատելով, որից հետո անմիջապես անցնում է սիրո մասին բացատրություններ տալուն:
    «Իմ միակ և գլխավոր պատվերը սերն է, - ասում է Հիսուս, - բայց սեր կատարյալ, տևական և սեր բոլոր պարագաներում: Դուք պետք է սիրեք իրար այնպես, ինչպես որ ես սիրեցի ձեզ: Ես սերը հասցրի մինչև վերջ, որովհետև բարեկամների համար կյանքը զոհելուց առավել սեր չի կարող լինել և ահա ես բոլոր մարդկանց և ձեզ համար կյանքս պիտի տամ և պիտի մեռնեմ և դուք էլ չպիտի վարանեք ձեր սերը մինչև այդ աստիճանը հասցնել, եթե ձեր մահով ձեր ընկերներին բարիք և օգուտ պիտի բերեք: Թող ձեզ տարօրինակ չթվա, որ ձեզ ու մարդկանց ոչ թե ծառա, այլ բարեկամ եմ համարում, բարեկամ եմ կոչում և ոչ ծառա, թերետ և ես իսկապես տեր եմ: Ծառայի հետ վարմունքը նման չէ բարեկամի հետ ունեցած վարմունքին, և մարդը միայն բարեկամի հետ է խոսում իր բոլոր արարքների մասին և հաղորդում իր իմացածը, մինչդեռ ծառան տիրոջ արածը չգիտե և չի լսում տիրոջ իմացածը: Ես, որպես ծառայի, ձեզ անգիտակ չթողի ամեն բանից, այլ, ընդհակառակը, ես ձեզ ասացի ու հաղորդեցի այն ամենը, ինչ ինձ հաղորդել էր Երկնավոր Հայրս, որով իրոք ձեզ դրեցի բարեկամի տեղ: Դուք քաջ գիտեք, որ դուք չէիք, որ առաջինը միություն կազմեցիք, և ձեր կամքով ինձ գլխավոր ընտրեցիք: Ավետարանի գործը այսպես չկազմակերպվեց, մարդկային գործ չեղավ, այլ Ավետարանի գործը աստվածային էր, որվհետև ես Երկնավոր Հոր կամքով եկա այն հաստատելու և ես այդ գործը անելու, տարածելու և ինձնից հետո շարունակվելու համար ձեղ ընտրեցի և ընկեր վերցրի: Սա էլ մի նշան է, որ ձեզ ծառայի տեղ չեմ դրել, այլ բարձրացրել եմ գործակից բարեկամի աստիճանին և ուզում եմ, որ իմ մեկնելուց հետո շարունակեք իմ գործը, գնաք բոլոր կողմերը և Ավետարանը քարոզեք, Ավետարանի պտուղները առատացնեք, որ այդ պտուղները երբեք չպակասեն: Պիտի վստահ լինեք, որ մեկնելուց հետո էլձեզ անօգնական չեմ թողնի: Բոլոր կարիքների համար Երկնավոր Հորը դիմեք և ամեն անգամ իմ անունով խնդրեք, նա չի զլանա ձեր ուզածները տալ: Միայն թե չթերանաք գլխավոր պայմանը կատարել և սերը չպակասեցնեք: Ամեն ինչի հիմքն ու արմատը այդ սերն է: Սիրեցեք իրար և այդպիսով ինձ ու Երկնավոր Հորը սիրած կլինեք և ամեն ինչ կհաջողվի ձեզ»: