Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
8-11. Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ: Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց: Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»: Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»:
Աստվախորդի կամ որդի Աստծո հայտարարությունը նոր տպավորություն թողեց ավելորդապաշտ ու փոքրոգի հեթանոսի վրա։ Հեթանոսներն իրենց կրոնում աստվածորդիներ ու դուստրեր շատ ունեին, մանավանդ այն ժամանակ սեփական տիրապետության չափ ընդարձակվել էր հռոմեացիների ավելորդապաշտությունը։ Իրենց տիրած բոլոր երկրների աստվածներին յուրացրել և ընդունել էին այն համոզմամբ, թե ամեն երկիր իր խնամակալ աստվածներն ունի և երկրին տիրողները պարտավոր էին հարգել այդ աստվածներին ու պահպանեին՝ իրենց տիրապետությունն ամրացնելու համար։ Հրեաներին Եհովան էլ Պաղեստինի խնամակալն էր։ Նա էլ կարող էր իր որդիներն ունեցած լինել և նրանցից մեկն էլ կարող էր երկիր գալ։ Արդեն բոլոր պարագաներն էլ նխաստում էին հաստատելու այդ կասկածը Հիսուսի վրա․բարձր վարդապետություն, զորավոր հրաշագործություն, գերբնական խորհրդավորություն, նույնիսկ հալածանքների, ամբաստանությունների և չարչարանքների ներքո սովորականից բարձր վեհություն։ Այս ամենը Պիղատոսի աչքում Հիսուսին շատ վեր էին բարձրացրել հասարակ մարդկանցից։ Երբ լսում է,թե Հիսուս իրեն Աստծո Որդի է հռչակել, կասկածը մեծանում է՝ միգուցե իրոք Պաղեստինի խնամակալ Եհովայի մի հայտնության դիմա՞ց է գտնվում։ Միանգամից թողնում է բազմությունը, քաշվում ապարանքը, առանձնանում է Հիսուսին նորից իր մոտ բերել տալիս՝ այդ նույն հայտարարությունը լուսաբանելու համար։
«Դու ո՞վ ես, դու որտեղի՞ց ես»,- անսպասելիորն հարցնում է Պիղատոսը։Հիսուս լռում է։ Պիղատոսը հարցը կրկնում է։ Հիսուս նորից լռում է։ Պիղատոսը ստիպում է, բահց Հիսուս միշտ լուռ է։ Պիղատոսը զայրացած ասում է․ «Հրեաներին չպատասխանեցիր, լավ․ իրավունք ունեյիր անարգելու․ ինձ ինչ՞ու չես պատասխանում, մի՞ թե հանդգնում ե ս ինջ էլ անարգել․չգիտե՞ս, որ քո բախտն ինձանից է կախված, որովհետև կատարյալ իշխանություն ունեմ․ ուզեմ, քեզ խաչել կտամ, ուզեմ՝ կարձակեմ»։ Հիսուս այս խրոխտ հայտարարությունից հետո չի լռում և պատասխանում է․ «Դու ասում ես, թե կատարյալ իշխանություն ունես․ բայց մի՞թե քեզանից է բխել այդ իշխանությունը։ Երբեք ոչ։ Աստվածային մի կարգադրություն է,որ կատարվում է։ Դու բոլորովին իշխանություն գործադրելու կարողություն չէիր ունենա, եթե դրա համար չլիներ աստվածային թույլտվություն։ Դու գործադրիր քո իշխանությունը․դու ինձ խաչել տուր, բայց քեզանից ավելի մեծ պատասխանատվություն պիտի ծանրանա նրանց վրա,ովքեր ինձ քո առջև ամբաստանեցին ու վճիռս քո ձեռքը հանձնեցին»։ Հիսուս այս վերջին խոսքերով թե բացատրեց առաջին լռության պատճառը, և թե հասկացրեց իր ով և որտեղից լինելը։ Հեթանոս անձի, ավելորդապաշտ մեկի, վատոգի դատավորի համար սրանից ավելի բացատրություն պետք չէր՝ պարզաբանելու փրկագործության գերբնական խորհուրդը։ Պիղատոսի համար այսքանն էլ բավական էր իր միտքը հանգստացնելու համար, թե հրեաների հայտարարությամբ՝ իրեն Որդի Աստծո ասող Նազովրեցի Հիսուսը իրոք գերբնական անձնավորություն էր, ոչ թե սովորական մարդկանցից մեկը, Նրանում մի խորհրդավոր բան կար։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: