Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ապա վազում է եւ գալիս Սիմոն Պետրոսի եւ այն միւս աշակերտի մօտ, որին Յիսուս սիրում էր, ու նրանց ասում է. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»:
Մարիամ Մագդաղենացին՝ յուղաբերների պարագլուխը, ընկերներից ժրագույնը, դժվարությունների դեպքում ելք գտնելու համար առաջ նետվողը, կարծում է, թե այդ հրեական թշնամության մտածումն է, և Հիսուսի մարմինն անարգելու հանդուգն ձեռնարկի գաղափարն է անցնում նրա մտքով։ Մտածելով, որ ինքը միայնակ որևէ բան անելու կարողությունը և իր կին ընկերներն էլ նախաձեռնության հնարավորություն չունեն, անհրաժեշտ է համարում դիմել առաքյալներին, որոնց նախորդ օրվանից արդեն հավաքված լինելու մասին գիտեր և որոնց հետ միշտ հարաբերության ու կապի մեջ էր։ Առանց մի վայրկյան կորցնելու՝ թողնում է յուղաբերների խումբը Արեմաթացու պարտեզում, իսկ ինքը շտապ և արագաքայլ վերադառնում է Երուսաղեմ, գալիս է ընթրիքի վերնատուն, որ դարձել էր առաքյալների հավաքվելու վայրը։ Առանձին մի կողմ է տանում Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք ավելի գործունյա էին և ում վրա ավելի վստահություն ուներ ու կամացուկ նրանց ծանուցում է․ «Առավոտ շուտ ընկերներով գերեզման գնացինք՝ Հիսուսի մարմինը խնկելու, բայց կափարիչը գլորված և գերեզմանը բացված գտանք։ Անշուշտ, Հիսուսի մարմինը վերցնելու համար է բացվել գերեզմանը և հավանաբար ուրիշ մոտիկ գաղտնի մի տեղ են պահել այն, սակայն չկարողացանք իմանալ, թե ու՛ր են դրել։ Մենք ուրիշ բան անելու կարողություն չունեինք․ եկե՛ք, դուք էլ տեսե՛ք և ինչ էր պետք է արեք, մեզ էլ մեր անելիքները ցույց տվեք»։
Պետրոսն ու Հովհաննեսն այլայլվում են, չեն կարողանում որոշել անելիքներն ու ասելիքները։ Առանց իրենց ընկերակից առաքյալներին ձայն տալու, խորհում են մի անգամ էլ անձամբ գնալ, տեսնել, պարագաները ստուգել և դրանից հետո անելիքները որոշել։ Պետրոսն ու Հովհաննեսը աճապարելով մեկնում են դեպի գերեզման։ Մագդաղենացին էլ, նրանց հետևից, նորից գերեզման գնալու համար ճանապարհ է դուրս գալիս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: