Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
26-29. Ութ օր յետոյ աշակերտները դարձեալ ներսում էին. եւ Թովմասը՝ նրանց հետ: Յիսուս եկաւ փակ դռներով, կանգնեց մէջտեղ ու ասաց՝ խաղաղութի՜ւն ձեզ: Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները եւ դի՛ր այստեղ ու տե՛ս իմ ձեռքերը. եւ բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»: Թովմասը պատասխան տուեց ու նրան ասաց՝ Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ: Յիսուս նրան ասաց. «Որովհետեւ դու ինձ տեսար, հաւատացիր. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»:
Հիսուսի հարության միաշաբթի օրը, Հռոմի 783, մեր թվարկության 30-րդ տարվա ապրիլի 9-ը եւ նիսանի 17-րդ օրը ավարտվեց վերնատան երեւումով, ուր աշակերտների խումբը աչքով էլ տեսավ, ձեռքով էլ շոշափեց հենց իրեն՝ Հարուցյալ Հիսուսին։ Նույն օրն ուրիշ երեւումներ էլ էին տեղի ունեցել, ե՛ւ Մագդաղենացին, ե՛ւ յուղաբերները, ե՛ւ Պետրոսը, ե՛ւ Կղեովպասը՝ ընկերոջ հետ, տարբեր անգամներ տեսել էին Հիսուսին։ Առաջին օրը տեղի ունեցած բազմաթիվ երեւումներից կարելի է ենթադրել, որ այդ երեւմներն օրըստօրե շարունակվեցին եւ Հիսուսի հարության հավատքը ամեն օր մի նոր փաստ ստացավ եւ տարածվեց ու ընդհանրացավ։ Բայց իզուր ենք ավետարանում այդպիսի հիշատակություններ փնտրում, միաշաբթի ամբողջ յոթնյակն անցնում է, եւ ոչ մի երեւում չի պատմվում, եւ հեշտությամբ կարող ենք ասել, որ ավետարանիչները բոլոր դեպքերը չեն պատմում, եւ որ նրանց չպատմելը՝ չլինելու փաստը չէ, եթե Հովհաննեսը մյուս միաշաբթիի երեւումը որպես երկրորդ չհաշվեր, Գալիլիո ծովակի երեւումն էլ՝ երրորդ Հովհ․ 21:14։ Մենք էլ հետեւաբար, ենթադրական պարագաներով չզբաղվելու համար անմիջապես անցնում ենք հաջորդ միաշաբթիի երեւումը պատմելուն։
Առաքյալները դեռեւս Երուսաղեմում էին մնում, եւ Հիսուսին մի ամբողջ շաբաթ չտեսնելը կարող էր նրանց շփոթեցնել։ Հրեաների վախը դեռեւս նրանց վրայից չէր անցել, ուստի հաճախ փակված էին մնում իրենց օթեւանում կամ կենտրոն դարձած վերնատանը։ Հաջորդ միաշաբթի երեկոյան բոլորն էլ այնտեղ էին, Թովմասն էլ այս անգամ բացակա չէ։ Երբ բոլորովին չէին սպասում, նորից Հիսուսն դրօքն փակելովք ներս է մտնում եւ ամբողջ խմբին ողջունում սովոր ձեւով՝ Ողջոյն ընդ ձեզ։ Իհարկե, նորից պետք եղած խոսքերն ուղղեց առաքյալներին՝ որ աւետարանիչը չի հիշում՝ ուշադրությունը ավելի կարեւոր փաստի վրա հրավիրելու համար։ Խոսակցության մեջ Հիսուսը Թովմասին ասում է․ «Առաջ եկ, Թովմաս, դու էլ ցանկությունդ կատարիր, ընկերներդ շոշափեցին ու հավատացին, դո՛ւ էլ եկ ու շոշափիր, մատդ բեր եւ ձեռքերիս վրա մեխերի տեղերը ստուգիր, ձեռքդ բեր եւ կողիս վերքի մեջ մտցրու, որպեսզի քո հավատքն էլ կատարյալ լինի եւ այլեւս կասկած ու վարանում չմնա հավատքիդ մեջ»։ Թովմասն, իհարկե, մոտեցավ, բայց արդյոք շոշափեց, թե ոչ, ավետարանիչը որոշակիորեն չի ասում, բայց պետք է կարծել, որ այո՛, որովհետեւ նման խոսքից հրաժարվելու ակնարկ չկա Թովմասի համար։ Եվ երբ իր կասկածը փարատելու փաստն ունեցավ եւ անձամբ շոշափեց ու տեսավ, որ աչքի երեւույթ չէ, անիրական մի ոգի չէ, այլ մարմնով ու ոսկորներով կազմված միեւնույն Հիսուսն է, ներքին եռանդը բորբոքվեց, եւ, այն ինչ դեռ ոչ ոք չէր ասել եւ ուր ոչ ոք չէր հասել, Հիսուսի աստվածության դավանությունն է հռչակում ու գոչում․ Տէ՛ր իմ եւ Աստուած իմ։ Մեծ երկբայումից հետո եկող հավատքները սովորականից ավելի մեծ են լինում, ինչպես նաեւ շատ մեծ են լինում մեծ վստահությունից հետո եկող հուսախաբությունները։
Հիսուսն միջադեպն ավարտում է մի ընդհանուր սկզբունքով, որ իրեն չտեսնելով հավատացողների մխիթարությունն է․ «Երանի՜ քեզ,- ասում է Հիսուսը Թովմասին,- որ տեսար ու հավատացիր, բայց շատ ավելի երանի նրանց, ովքեր անձամբ ինձ տեսնելու եւ ձեռքով շոշափելու բախտ պիտի չունենան, բայց զորությունից ու արդյունքից համոզվելով պիտի ինձ հավատան»։ Այս մեծ երանությունը բոլոր քրիստոնյաների համար է, որոնք այսքան դարերում Հիսուսին տեսնելու եւ շոշափելու առիթը չեն ունեցել եւ չէին էլ կարող ունենալ, բայց Հիսուսի քարոզած ավետարանի բարձրությունը, հրաշալիքների զորությունը, քրիստոնեության արդյունքը, հավատքի հետեւանքները եւ, առհասարակ, Հիսուսի քարոզած կրոնի մեծությունը զգալով, նրան աշակերտել, հետեւել ու հավատացել են եւ քրիստոնյա եկեղեցու հավատացյալներ են։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: