Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 4:46

Մաղաքիա արք. Օրմանյան

46-54․ Յիսուս դարձեալ եկաւ Գալիլիայի Կանա քաղաքը, ուր ջուրը գինու էր վերածել: Պալատական մի պաշտօնատար կար, որի որդին հիւանդ էր Կափառնայումում: Երբ նա լսեց, թէ Յիսուս Հրէաստանից Գալիլիա է եկել, եկաւ նրա մօտ եւ աղաչում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, քանի որ մերձիմահ էր: Յիսուս նրան ասաց. «Եթէ նշաններ եւ զարմանալի գործեր չտեսնէք, չէք հաւատում»: Պաշտօնատարը նրան ասաց. «Տէ՛ր, իջի՛ր, քանի դեռ իմ որդին չի մեռել»: Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո որդին կենդանի է»: Եւ մարդը հաւատաց Յիսուսի ասած խօսքին ու գնաց: Եւ մինչդեռ նա իջնում էր, նրա ծառաները ընդառաջ ելան նրան, աւետիս տուեցին եւ ասացին, թէ նրա տղան կենդանի է: Նա հարցրեց նրանց, թէ ո՞ր ժամին ապաքինուեց: Նրան ասացին. «Երէկ, յետմիջօրէի ժամը մէկին ջերմը նրան թողեց»: Հայրը գիտակցեց, որ այդ ժամին էր, երբ Յիսուս նրան ասաց՝ քո որդին կենդանի է: Եւ հաւատաց ինքը, ու իր ամբողջ ընտանիքը: Այս դարձեալ երկրորդ նշանն է, որ արեց Յիսուս՝ Հրէաստանից Գալիլիա գալուց յետոյ:
   
   Ահա առանձին մի հրաշքի պատմություն, այն էլ բժշկության հրաշքներից, ինչպիսին են ընդհանրապես ավետարանում պատմվածները: Այս հրաշքի մասին Հովհաննես ավետարանիչը ասում է, թե երկրորդ հրաշքն էր, որ Հիսուս կատարեց Գալիլիայում. առաջինը Կանայի հարսանիքի գինու հրաշքն էր, և այս երկրորդը՝ դարձյալ Կանա քաղաքում: Հավանաբար նա դրանով ուզում է ասել, որ այդ հրաշքը Կանայում երկրորդն էր, որպեսզի այն չդնեն Հիսուսի՝ Սամարիայից Գալիլիա հասնելուց անմիջապես հետո: Իրոք, Կանան գտնվում էր Գալիլիայի հարավում և Սամարիայից Գալիլիա տանող գլխավոր ճանապարհի առաջին օթևանն էր: Հրաշքի պարագաները հետևյալներն էին:

   Մի նշանավոր մարդ էր բնակվում Կափառնայումում: Մեր թարգմանությունը նրան կոչում է թագաւորազան, իսկ հունարենը՝ թագաւորական, որից էլ իմանում ենք, որ նա Գալիլիայի չորրորդապետ Հերովդեսի ցեղից մեկը չէր, այլ թագավորական ծառայության մեջ էր գտնվում, և թագավորի կողմից պաշտոն ունեցող ազնվական էր միայն: Այդ մարդու որդին երկար ժամանակ ի վեր հիվանդ էր և բժշկություն չէր գտնում: Խեղճ հայրը երբ լսեց, որ հրաշքով բժշկություն անող Հիսուսը գտնվում է Կանայում, շտապ գալիս է Կափառնայումից Կանա, աղաչում, պաղատում է, որ շուտ գա Կափառնայում և իր որդուն բժշկի, ժամանակ չկորցնի, քանի որ տղայի օրերը հաշվված են: Հիսուս առանց շտապելու սկսում է քարոզել և խրատել, իր վարդապետությունը բացատրել, և լսողներին մեղադրել, որ մինչև հրաշք ու սքանչելիք չտեսնեն, չեն ուզում հավատալ: Խեղճ հայրը ընդհատում է Հիսուսին, որ քարոզը թողնի մի ուրիշ առիթի և իր հետ ճամփա ընկնի՝ Կափառնայում, որ տղան դեռ չմեռած հասնեն այնտեղ: Իհարկե, խեղճ հայրը տեսածով ու լսածով է չափում. Հիսուս իրեն մոտեցող հիվանդներին էր բժշկում, ուրեմն պետք էր, որ տղայի մոտ էլ գնար բժշկելու համար: Այս պարագան հավաստում է, որ Հիսուս այդ հրաշքից առաջ ուրիշ բժշկություններ էր արել, որովհետև Կափառնայումցի թագավորական պաշտոնյան չտեսած ու չլսած բանի ետևից չէր կարող գնալ: Հիսուս աղաչող հորը դառնալով, իշխանական շեշտով պատասխանում է. «Ես Կափառնայում գալու կարիք չունեմ, տղադ առողջացել է, դու գնա և տես»: Պաշտոնյան Հիսուսի վստահ ու իշխանաբար խոսքերի առջև տեղի է տալիս, հավատում է, որ իրականությունից տարբեր բան ասած չի լինի և շուտով ճանապարհ է ընկնում Կափառնայում, իր տուն: Կեսօրից մի քիչ անց էր, մեր արևելյան ժամահաշվով ժամը յոթն էր:

   Կանայից Կափառնայում նույն օրը հասնելը անհնար էր, հավանաբար գիշերն էլ օթևանելու կարիք լիներ. և հաջորդ առավոտ, ճանապարհը շարունակելիս՝ իր տան ծառաներից ոմանք դիմացը ելան: Տղան նախորդ օրը առողջացել էր, և մայրը շտապել էր ավետաբերներ ուղարկել Կանա, որ հոր սիրտը հանդարտվի և անակնկալ առողջանալու լուրը ստանա: Ծառաները պատմում են եղելությունը, հայրը ուզում է ճշտել հանկարծակի բժշկության ժամը: Ծառաները ասում են. «Երեկ ժամը յոթին, ջերմությունը միանգամից իջավ, տղան իրեն գտավ և հիվանդությունը անցավ»: Ճիշտ Հիսուսի որդին քո կենդանի է ասելու պահին էր: Այլևս կասկածանքի տեղ չկար, Հիսուսն էր հրաշալի և անակնկնալ բժշկությունը կատարողը, որը ոչ թե միայն հիվանդին մոտենալով, խոսելով ու ձեռք դնելով կարող է բժշկություն կատարել, այլ նաև հեռվից՝ հրամայելով:

   Ուրախությամբ լցված պաշտոնյան ճանապարհի մնացած մասն էլ է անցնում և տուն հասնում, գրկում տղային, մորը պատմում եղելության պարագաները: Բարեսեր կինն էլ կատարելապես հավանություն է տալիս ամուսնու տեսակետին, տնով տեղով Հիսուսի աշակերտությանն անցնում և նրանց սրտերի մեջ հաստատուն հավատք է ձևավորվում՝ որ իրոք Հիսուս Նազովրեցին խոստացյալ Մեսիան է:

   Վերևում հիշեցինք Հովհ 4։45, որ առանձին կերպով պատմած հրաշքների պատճառը դրանց մեջ եղող անձերի և Հիսուսի միջև հատուկ կապվածությունն է: Այս հրաշքի վերջում էլ՝  Հաւատաց ինքն և ամենայն տուն իւր ոչ միայն իշխանավորին է վերաբերվում, այլ նաև նրա կնոջը, գուցեև որդուն էլ է ակնարկում: Արդ, ավետարանի զանազան կողմերը իրար մոտեցնելով, տեսնում ենք, որ Հիսուսին հետևող և Հիսուսին խնամող կանանց շարքում առկա է Յոհաննա կին Քուզայի հազարապետին Հերովդի  Ղուկ. 8։3: Կափառնայումում թագավորական ծառայության մեջ եղողը, ամենայն հավանականությամբ Հերովդեսի ծառայության մեջ եղող Քուզա հազարապետն է, իսկ նրա հավատացյալ կինը՝ նույն ինքը Հոհաննան, որը երախտապարտորեն ինքն իրեն Հիսուսին հետևելուն և աշակերտելուն նվիրեց, այսինքն, Հիսուսին հավատացած լինելը գործնականորեն ցույց տվեց: Ըստ այդմ, մենք էլ, մեկնիչների մեծամասնության հետ, ընդունում ենք, որ Կափառնայումի թագավորական պաշտոնյան Քուզա հազարապետն է, նրա հավատացյալ կինը՝ Հոհաննան, իսկ բժշկված որդու մասին որևէ բան ասել չենք կարող: Կարծում են, թե Քուզայի մահվանից հետո էր, որ Հոհաննան իրեն ազատ զգաց՝ հետևելու Հիսուսի ճամփորդություններին: