Մաղաքիա արք. Օրմանյան
11-13. Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ եւ ասում էին՝ ո՞ւր է նա: Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է: Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում:
Տյառնեղբայրները հասել էին Երուսաղեմ: Գալիլիացի ուխտավորների մի բազմություն էլ էր եկել, որոնք Հիսուսին թողել էին Գալիլիայում, սակայն Հիսուսի երուսաղեմ գնալու հավանականությունը չգիտեին: Որքան էլ Հիսուս ցանկացել էր Իր ուղևորությունը գաղտնի պահել, սակայն հնարավոր չէր կասկածի տեղիք տված չլիներ: Աշակերտների կողմից մի կես խոսք մեկին ասված, մտերմական մի արտահայտություն արված ուրիշին, մինչև Երուսաղեմ արձագանք էր ստացել, և հրեաներն իրար էին անցել, թե արդյոք եկե՞լ է, կամ թե գալու մո՞տ է, կամ թե եկել և որտե՞ղ է իջևանել: Այդ իրարանցումը տեղի էր ունենում տոնի առաջին օրերին:
Բայց բոլորի նպատակն ու մտադրությունը նույնը չէր: Ոմանց համար Հիսուս մարգարե էր, վարդապետ, հրաշագործ, և սրանք փնտրում էին, որպեսզի օգուտ քաղեն, խրատ և բժշկություն ստանան ու իրենց հարգանքն ընծայեն նրան: Ուրիշները, ընդհակառակը, ասում էին, թե լավ մարդ չէ, այլ մի մոլորեցնող և պետք է գտնել, հալածել և մեջտեղից վերացնել: Երկու դասակարգերի տարբերությունը հասկանալը դժվար չէ՝ ժողովուրդն իր սիրողը, դպիրներն ու օրինականները, քահանաներն ու քահանայապետեր էին ատողները՝ յուրաքանչյուրն իր շահի տեսակետից ելնելով: Սակայն այս վերջին խումբը զորավոր էր, որ ոչ միայն Հիսուսին, այլև նրս կողմնակիցներին, հետևողներին ու հարգողներին ևս հավասարապես հալածում էր: Այդ պատչառով Հիսուսի մասին նպաստավոր խոսողները վախենում էին հայտնապես իրենց կարծիքն արտահայտել, միգուցե գլխավորների վրեժխնդրությունը իրենց վրա հրավիրեն: Ուստի կամաց-կամաց ու շշուկով էին խոսակցում իրենց մեջ և վախենում էին համարձակապես հրապարակայնորեն խոսել, որովհետև հրեական գլխավորների վախը ահաբեկել էր իրենց: այսպես անցան տոնի առաջին օրերը, թե՛ Երուսաղեմում հավաքված ուխտավորների և թե՛ բնիկ երեւսաղեմցիների բազմության մեջ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: