Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 7:2

Մաղաքիա արք. Օրմանյան

2-9. Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր: Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես. որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին». քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան: Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է: Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են: Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»: Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլիայում:
   
   Այդ աշխատանքները կատարվում էին Հրեական տոմարի Թչրին ամսի սկզբներին, որը համապատասխանում է Հռոմի 782 թվականի սեպտեմբերի սկզբներին: Թչրին կրոնական տոմարի յոթներորդ ամիսն է, որի տասին կատարվում էր Քավության տոնը և 15-ին՝ Տաղավարահարաց տոնը, որ տևում էր յոթը օր, որի ժամանակ հրեաները պարտավոր էին ծառերի ճյուղերից կազմված տաղավարների տակ անցկացնել, Եգիպտոսից դուրս գալուց հետո քառասուն տարի անապատում անցկացրած վրանաբնակ կյանքը հիշելու համար (Ղևտ. 23:27-44): Տաղավարահարաց տոնի Քավության տոնից ավելի հանդիսավոր պարագաներ ունենալու պատճառով, ավետարանիչն այն հիշում է ժամանակը ճշտելու իմաստով «Եւ էր մերձ տօնն Հրէից Տաղաւարահարաց»: Հրեաները սովորություն ունեին մեծ տոներին ուխտի գնալ Երուսաղեմ, ոչ բոլոր տոներին անհրաժեշտ պարտավորությամբ, այլ երբ ավելի հարմարությունն ու հնարավորությունն ունենային: Այս ուխտագնացությունների գլխավոր շարժառիթը Աստծուն զոհ մատուցելու փափագն էր, քանի որ Երուսաղեմի տաճարից դուրս, ուրիշ տեղ զոհ մատուցելը օրենք չէր:
   Հիսուս պարտավորվում էր թողնել Գալիլիան, բայց Իր մտադրությունը ոչ ոք չգիտեր, այլ ընդհակառակը՝ կարծում էին, թե Հիսուս վախենում է Գալիլիայից դուրս գալ և այդ պատճառով Գալիլիայում է բնակվում: Այդ գաղափարին որպես փաստարկ, անշուշտ, նկատվում էր վերջին Զատկին Երուսաղեմ չգնալը, մինչև իսկ Հովհաննես Ավետարանիչն էլ էր գրել «Ոչ կամէր ի Հրէաստանի շրջել, զի խնդրէին զնա Հրէայքն սպանանել»: Այս ավելի էր ազդել Տյառնեղբայրների վրա, ովքեր հույս ունեին Հիսուսի շնորհիվ փառավոր և շահավետ ապագա ունենալ, մինչդեռ Հիսուսի մեկ կողմ քաշված և զգուշավոր ընթացքը իրենց հուսախաբության էր տանում:
   Վերջապես նրանց համբերությունը հատնում է: Տեսնում են, որ Տաղավարահարաց տոնին էլ Երուսաղեմ գնալու պատրաստություն չի տեսնում, ուստի համարձակվում են Նրան ասել. «Բավական է, որքան մնացիր Գալիլիայում, մի անգամ էլ Հրեաստան չե՞ս ուզում գնալ և Երուսաղեմում Քեզ ներկայացնել: Ահա Քո մեկուսացած ընթացքից նաև աշակերտներդ են վհատվում, լավ կլինի, որ հրապարակ դուրս գաս, նշանավոր գործեր կատարես, աշակերտներդ էլ տեսնեն ու թերահավատության մեջ չընկնեն: Քանի որ Ինքդ Քեզ համար ասում ես, որ Հայր Աստծուց ես ուղարկված, Մովսեսի օրենքը պիտի կատարելագործես, նոր օրենք ու նոր վարդապետություն պիտի հիմնադրես, այսպես թաքնված մնալով և աշխարհի մեկ անկյունում գործելով նպատակիդ չես հասնի: Պետք է համարձակություն ունենաս, Քեզ հայտնես աշխարհին և մեր երկրի կենտրոն Երուսաղեմում գործես, հայտնվես ու ճանաչվես: Ահա Տաղավարահարաց տոնը լավ առիթ է: Զատկին ևս Երուսաղեմում չգնացիր, հիմա վեր կաց, միասին Երուսաղեմ գնանք»: Ավետարանիչը    Տյառնեղբայրների խոսքերը մեջ բերելուց հետո, ավելացնում է. «Քանզի եւ եղբարքն իսկ չէին հաւատացեալ ի նա»: Որքան էլ զանազան առիթներով տեսել էին Հիսուսի գործերը և ընդունել Նրա Մեսիա լինելը, բայց դեռևս ինչ-որ բան էր պակասում նրանց համոզմանը: Եվ վերջին ժամանակներում Հիսուսի մեկուսացած կյանք անցկացնելը, շատ էր պղտորել նրանց միտքը: Մենք հավանական կարողացանք համարել (Մարկ. 9:37-40), որ չորս Տյառնեղբայրները 72 աշակերտների թվից լինեն, բայց Ավետարանչի այդ վերապահությունը կարեղ է մասամբ վնասել այդ կարծիքը, մանավանդ, որ Տյառնեղբայրները այդ խոսքից հետո Երուսաղեմի տոնին իրենց կամքով են գնում և ոչ թե Հիսուսի հրամանով են քարոզելու դուրս գալիս, ինչը որ անհնարին չէ, որ Երուսաղեմ գնալուց հետո էլ սկսեն, մանավանդ, մոտակա քաղաքներում: Որովհետև այս բոլոր դեպքերը միմյանց հետ կապված և նույն օրերի գործծեր չեն և հակասական չէ, որ հետզհետե միևնույն մարդկանց կողմից կատարված լինեն:
    Տյառնեղբայրների պնդելը և հորդորելը իրենց նպատակին չկարողացան հասնել, և Հիսուս չուզեց իրենց հետ Երուսաղեմ գնալ. «Լավ եք ասում,- ասաց,- բայց սա կլինի այն ժամանակ, երբ բոլոր պարագաներն ավարտվեն և գործելու հարմար ժամանակը հասած լինի: Այդ ժամանակն Ինձ համար դեռ չի հասել, հետևաբար, Իմ Երուսաղեմ գնալու պահն էլ չէ: Ես հիմա այս տոնին չեմ գնում, դուք կարող եք գնալ: Ձեզ համար բոլոր ժամանակները նույնն են, ամեն պահ ձեր ժամանակն է: Դուք նաև զգուշանալու կարիք չունեք, քանի որ ձեր դեմ հակառակություն ունեցողներ չկան, մինչդեռ Իմ դեմ ահագին հակառակություն ունեցողներ կան, որովհետև հրապարակավ մեղադրում և հանդիմանում եմ իրենց, թե իրենց վարքը լավ չէ և գործերը՝ չար: Պետք է, ուրեմն, որ ես ժամանակն ու հանգամանքները նկատի առնեմ և ըստ այդմ շարժվեմ: Հետևաբար, ներկա պարագային ձեզ հետ հանդիսավոր և պաշտոնապես Երուսաղեմ գալս հարմար չեմ նկատում: Դուք գնացեք, ես դեռևս կմնամ»: Այս կերպով Տյառնեղբայրները թողեցին Հիսուսին և ճանապարհ ընկան դեպի Երուսաղեմ:
   Հիսուսի հայտարարությանը՝ «Ես ոչ երթամ ի տօնն ցայն», ոմանք բացարձակ և վերջնական իմաստ տալով, այն հակառակ են գտնում Հիսուսի գործածին. «Ապա եւ ինքն ել ի տօնն», իբրև թե պարզապես ցանկացել է խաբել Տյառնեղբայրներին և նրանց խոսքին դեմ գործել: Սակայն վերևում տրված մեր բացատրությունները հստակ կերպով պարզում են Հիսուսի բուն նպատակը, որ է՝ հայտնապես և հանդիսավորապես չմտնել Երուսաղեմ՝ պարագաները լավ չիմացած և հակառակությունների աստիճսնը չկշռած, և միգուցե ավելի գրգռում տեղի ունենա: Այս պատճառով Հիսուս Տյառնեղբայրների հետ չի մեկնում, ովքեր, անշուշտ, Քավության օրն էլ Երուսաղեմում գտնվելու հաշվով շատ շուտ են մեկնում Կափառնայումից: Հիսուս դեռևս մնում է, նոր ընտրած աշակերտներին հետզհետե ճանապարհում է, որոնք, անտարակույս, ամենքը միառժամանակ մեկ օրում չմեկնեցին: Մի քանի օրեր էլ անցկացնում է Տասներկուսի հետ, նրանց ևս հաղորդում է, որ անմիջապոս չվերադառնալու պատրաստությամբ պիտի մեկնեն, դրանից հետո Սամարիայով և առանց աղմուկի Երուսաղեմի չանապարհն է բռնում: Սան է նաև Ավետարանչիխոսքերի իմաստը. «Ապա եւ ինքն ել ի տօնն ոչ յայտնի, այլ իբրեւ ի ծածուկ»:
   Այստեղ փոխվում է Հիսուսի Գալիլիայում քարոզության շրջանը: Ինչ որ սրանից հետո պիտի պատմվի, կատարվել է մասամբ Բերեայում և մասամբ էլ՝ Հրեաստանում: