Մաղաքիա արք. Օրմանյան
45-52. Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»: Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել: Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. «Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:
Սինեդրիոնը, այսինքն՝ քահանայապետերի և փարիսեցիների պաշտոնական մեծ ժողովը, ժողովարանում նստած, վայրկյանից վայրկյան սպասում էր, թե իր բարապանները աչալուրջ մի եղանակով Հիսուսին բռնելով իրենց մոտ կբերեն, և ժողովականներն էլ ինչ ձևով դատելու և դատապարտելու եղանակների մասին էին մտածում։ Եվ ահա բարապանները ձեռնունայն են ներկայանում ժողովականներին, խոստովանելով, թե չհաջողվեց իրենց հանձնարարությունը կատարել։ Ժողովականները բարկանում և սկսում են հանդիմանել բարապաններին․ «Ամեն ինչ պետք է գործադրեիք և հրամանը կատարեիք, Հիսուսին պետք է այժմ այստեղ բերած լինեիք»։
«Ինչ անենք, - ասում էին խեղճ բարապանները, - գայթակղություն պատճառող ոչ մի առիթ չեղավ և Հիսուս այնպես խոսեց ու այնպես վարդապետեց, որ երբեք ոչ մի մարդ այդպես չի խոսել և ժողովուրդն էլ հուզված սկսեց գոռալ, թե Մեսիա է, ճշմարիտ մարգարե է։ Ինչպես կարող էինք այդ ընդհանուր հիացման առարկա եղող մարդուն ձերբակալել որպես սովորական մի ոճրագործի»։
«Ի՞նչ, - պատասխանում են ժողովականները, - մի՞թե դուք էլ սկսեցիք Նրանից խաբվել ու Նրան հետևել, մի ակնթարթ նայեցե՛ք, ժողովականներից, փարիսեցիներից, մեծամեծներից այդ Հիսուսին հավատացող մեկին տեսե՞լ եք, այլ միայն այս ռամիկ ու տգետ ստորին դասակարգը, այդ անիծյալ խաժամուժը, որ ոչ օրենք գիտի և ոչ մարգարեներին է հասկանում և շնորհից զրկված է»։
Այդ խոսքերից ազդվում է ներկաներից մեկը՝ Նիկոդեմոս Փարիսեցին, որ նույն ժողովի անդամակից էր և զգուշությամբ էր մասնակցում խորհրդակցություններին, որովհետև սրտով Հիսուսի քարոզություններին համաձայն անձնավորություն էր և մեկ անգամ էլ՝ Հիսուսի առաջին Զատկին, գիշերով Հիսուսին գաղտնի այցելություն էր տվել ու զմայլվել Նրա բարձր վարդապետությամբ (Հովհ. 3:1-21)։ Հովսեփ Արեմաթացին նույնպես անդամ էր այս ժողովին, բայց Հիսուսի կենդանության շրջանում Նրա մասին բոլորովին հիշատակություն չունենք։
Նիկոդեմոսին ծանր է լինում լսել, թե ուսյալ մարդկանցից ոչ ոք չի կարող հավատալ Հիսուսին և թե ով հավատում է, ռամիկ ու սինլքոր մեկն է համարվում։
Ուզում է պաշտպանել, բայց չի համարձակվում ինքն իրեն հայտնել և միայն անուղղակի կերպով նշում է, որ օրինավոր չէ այսպես հախուռն կերպով դատապարտել Հիսուսին, քանի որ ո՛չ ատյան է կանչվել, ո՛չ էլ հարցաքննվել։ Մինչդեռ օրենքն էլ է հրամայում, որ պետք չէ դատապարտել մեկին, եթե նախօրոք քննվել և հարցուփորձ չի արվել կամ թե նրա գործը օրինական փաստերով ու վկայություններով չի հաստատվել։
Նրանք, որ կրքով հուզված առանց հետ ու առաջ նայելու, Հիսուսի դեմ ատելությունները հագեցնելուց բացի ուրիշ ջանք չունեին, սկսեցին Նիկոդեմոսի դեմ էլ ձայն բարձրացնել։ «Արդյոք դու՞ էլ, - ասում է, - տգետ գալիլիացիների մտքին ես։ Այստեղ շատ քննության կարիք չկա։ Գալիլիացի Հիսուսն Ինքն Իրենմարգարեի տեղ է դնում, մինչ եթե դու էլ քննես, կհիշես, որ Գալիլիայից չի կարող մարգարե դուրս գալ և Հիսուսի կատարածը, բացահայտորեն երևում է, որ խաբեություն է»։
Հովհաննես ավետարանիչը պարզապես գրում է․ «Մարգարէ ի Գալիլէէ ոչ յառնէ», և խոսքի իմաստը մի փոքր երկդիմի է մնում։ Եթե մարգարէ անունը ընդհանուր առմամբ որևէ մարգարեի վերաբերյալ պիտի ընդունենք, այն դեպքում փարիսեցիների խոսքը, սովորական առածն է ակնարկում, որով գալիլիացիք որպես մի տգետ ժողովուրդ էին համարվում, որի մասին ակնարկում էր նաև Նաթանայելը․ «Իսկ ի Նազարեթէ մա՞րթ ինչ իցէ բարւոյ իմիք լինի» Հովհ․ 1:46։ Թեպետ և գալիլիացի մարգարեներ էլ են եղել ինչպես Նաումն ու Հովնանը։ Իսկ եթե մարգարե անունը պիտի ընդունենք իբրև ճշմարիտ Մեծ Մարգարե կամ Մեսիա, այն դեպքում փարիսեցիների խոսքը կրկնումն է վերևում ժողովրդի մեջ եղած զրույցների, թե Մեսիան Բեթղեhեմից պետք է լինի և ոչ Գալիլիայից։ Այս վերջին իմաստն ավելի նպաստում է լատին թարգմանությունը, որ Քննեա՛ եւ տե՛ս խոսքերի փոխարեն ունի Քննեա՛ զգիրս խոսքը։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: