Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 8:1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-11. Ապա ամէն ոք իր տունը գնաց: Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը: Առավոտյան դարձյալ տաճար եկավ, և ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։ Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին և նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին. «Վարդապե՛տ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ Մովսեսը Օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ի՞նչ ես ասում»։ Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Հիսուսը, գետնին նայելով, մատով գրում էր հողի վրա։ Բայց երբ պնդում էին իրենց հարցումը, նա վեր նայեց ու ասաց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա՛ քար գցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով՝ գրում էր հողի վրա։ Սակայն նրանք, այս լսելով, մեկը մյուսի հետևից՝ մեծից փոքր, ելան գնացին։ Եվ մնացին միայն Հիսուսն ու մեջտեղում կանգնած կինը։ Այդժամ Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Ո՛վ կին, քեզ ամբաստանողները որտե՞ղ են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տե՛ր»։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։
   
    Նպատակ չունենալով խոսել Ավետարանի վավերականության մասին, մեր նպատակն է պարզապես կազմել նրա շարադրված պատմությունը, ուստի մեզ համար ավելորդ պիտի լիներ այս հատվածի շուրջը հուզված խնդիրների մեջ մտնել։ Բայց մյուս կողմից օգտակար և կարևոր լինելով Ավետարանի վերաբերյալ գրությունների տեղեկությունները չզեղչելը, համառոտ կերպով թվարկենք հետևյալները։
    Շնացող կնոջ պատմության հատվածը մեր ձեռագրերում բոլորովին բացակայում է, հունական օրինակները ևս չունեն, Սինայակյան, Վատիկանյան և Սեն-Կալլյան ամենահին գրչագիրներն էլ չունեն, արևելյան և հունական Ս․ Հայրերը նույնպես չեն հիշատակում․ մեկ խոսքով, Արևելյան բոլոր եկեղեցիներն այս հատվածը իբրև վավերական ու հին չեն ընդունում։ Խմբագրման տեսակետով էլ Հովհաննու Ավետարանի ոճից և օգտագործված բառերից տարբեր է և ինչ-ինչ պատմական ակնարկներ էլ Հովհաննու պատմության ուղղվածությանը չեն համապատասխանում և գլխավորապես ամբողջությամբ անհամապատասխան կերպով է զետեղված այստեղ, ուր Է 52-ից հետ 8:12 համարը նախընթաց քարոզի շարունակությունն է և այդ պատմական ընդմիջումը բոլորովին կապ չի ստեղծում։ Այդ պատճառով շատերը Հովհ․ 8:36-ից, ուրիշներ Հովհ․ 8:12-ից և այլք դարձյալ Ղուկ․ 21:38-ից հետո են զետեղել այդ պատմությունը։
Իսկ հատվածի պաշտպանության համար հիմնականում առաջ է բերվում Լատին Եկեղեցու ավանդությունը, որն արդեն Գ դարից այս կողմ հիշատակություն է պահում և շնորհիվ այն զարգացման, որ ունեցավ Արևմուտքը և որով ազդեցություն գործեց Արևելքի վրա, հետզհետե հույն և հայ օրինակների մեջ էլ ներմուծվեց սույն հատվածը։ Մեր մեջ տարածմանը հիմնականում նպաստեց Ամստերդամի Ոսկանյան տպագրությունը, որին հետևեցին ընդհանրապես բոլոր տպագրությունները, այնպես որ այժմ մեր մեջ էլ սույն հատվածը գրեթե սովորական դարձավ։
    Պետք է հայտարարել նաև, որ բովանդակությունը, բարոյականը և պատմական հանգամանքները անհամաձայն են Ավետարանների ոճին ու պատմականությանը, թեպետև Հովհաննեսից ավելի կարող է Ղուկասի ոճին համապատասխան համարվել։ Այսքանն այս հատվածի վերաբերյալ, բայց մենք մեր «Համապատումի» շարունակությանը դառնանք և ներկայացնենք պատմությունը։
Փարիսեցիների ժողովը վերջանալուց հետո, անդամներից յուրաքանչյուրն իր բնակավայրը գնաց։ Իսկ Հիսուս, ըստ Իր սովորության, գնաց Ձիթենյաց լեռան վրա գիշերելու, որը պետք չէ հասկանալ որպես բացօթյա գիշերում, այլ, հավանաբար, Գեթսեմանի կամ Բեթփագե փոքրիկ գյուղերից մեկը կամ նույնիսկ Բեթանիա գյուղը՝ Ղազարոսի տունը։ Հաջորդ կամ մյուս առավոտյան դարձյալ Երուսաղեմ եկավ և տաճարի շրջակայքում գտնվող Սողոմոնի Սրահում շարունակում էր Իր քարոզությունը։ Հիսուսի դեմ փարիսեցիների հալածանքներն արդեն դժվարությունների էին հանդիպում, ուստի մի պահ լոկ խաբեբայական ճամփաների էին սկսել հետևել, և Հիսուս էլ օգտվում էր այդ պարագայից՝ Երուսաղեմում Իր քարոզություններն առաջ տանելու համար։
Մի շնացող կնոջ դատը ներկայացվեց սինեդրիոնին և ժողովականները պատեհ առիթ կարծեցին դրանով Հիսուսի դեմ մի թակարդ լարել և Նրա դեմ ամբաստանության կամ զրպարտության մի հիմք ընդունել։ Կնոջը վերցրեցին և Հիսուսի մոտ գնացին, ներկայացրեցին ու ասացին․ «Ահա մի կին, որ շնացել է, շնության ոճիրը օրինապես հաստատված է։ Մովսիսական օրենքով շնացող կանանց պետք է քարկոծել։ Հիմա դու ի՞նչ ես ասում, այս կնոջ հետ ինչպե՞ս վարվենք»։ Փարիսեցիների նենգությունն այն էր, որ Հիսուս ինչ էլ ասեր, նրանից մի զրպարտություն կքաղեն։ Եթե ասեր «ուրեմն քարկոծենք», փարիսեցիները մի կողմից պիտի ասեին, թե անարգում է Հռոմեական կայսրության օրենքները, որովհետև հռոմեացիները մահապատժի արտոնությունը վերցրել էին հրեաների իրավասությունից։ Մյուս կողմից պիտի ասեին, թե Հիսուս, որ ամեն առիթով մեղավորների պաշտպան ու քաղցրության քարոզիչ է ձևանում, այս անգութ որոշման խստությամբ հակասում է Ինքն Իրեն։ Իսկ եթե ասեր․ «Ներեցե՛ք, մի՛ քարկոծեք», պիտի ասեին, ոտնակոխ է անում Մովսեսի օրենքները և Իրեն Մովսեսից վեր է դասում։
    Մովսեսի օրենքը հրամայել էր․ «Եւ այր ոք թէ շնասցի ընդ առնակնոջ, մահու մեռցին շնացողն եւ շնացեալն» Ղուկ․ 7։10։ Ուրիշ տեղում էլ ասել էր․ «Եթէ եղիցի աղջիկ կոյս խօսեցեալ առն եւ գտանիցէ զնա ոք ի քաղաքի եւ ննջեսցէ ընդ նմա, հանցեն զերկոսին ի դուռն քաղաքին իւրեանց եւ քարկոծեսցեն զնոսա քարամբք եւ մեռցին» (Բ Օր, 22:20-24)։ Օրենքով քարկոծման պատիժը միայն շնացող նշանվածի համար էր և ոչ շնացող կնոջ։ Սակայն շնացող կնոջ մահվան եղանակը որոշված չլինելու պատճառով, քարկոծման ձևը տարածված է երևում նաև նրանց վրա։
    Հիսուս լռեց, նստած տեղից թեքվեց և մատով գետնի ավազի վրա սկսեց գրել։ Ավետարանը մութ է թողնում, թե գրածն ի՞նչ էր։ Երբ դեռևս լռությամբ շարունակում էր գրելը, ժողովական քահանայապետերն ու փարիսեցիները ստիպում էին, որ վերջապես որևէ պատասխան տա։ Հիսուս մի պահ գլուխը վեր բարձրացրեց և ասաց․ «Անմեղն ի ձէնջ նախ նա ընկեսցէ քար ի վերայ դորա»։ Այդ պատասխանը պապանձեցրեց դատախազ ժողովականներին և սկսեցին մեկիկ-մեկիկ լուռումունջ հեռանալ, մինչ Հիսուս նորից գլուխը կախ գցած շարունակում էր գրելը, մինչև որ բոլոր եկողները հետզհետե հեռացան և մնացին միայն Հիսուս ու շնացյալ կինը։
    Մեկնիչները զանազան ենթադրությունների են դիմում՝ գետնին Հիսուսի գրածի ինչ լինելը բացատրելու համար։ Ոմանք ասում են, թե գրածը բերանացի ասվածը նույն խոսքն էր։ Այս պարագային պետք է ասել թե իրենք ևս շնացողներ եղած լինելու պատճառով վախեցան, որ միգուցե Հիսուս հայտնապես էլ յուրաքանչյուրի գործը երեսին խփի, խոհեմություն համարեցին կամացուկ հեռանալ։ Ուրիշներն ասում են, թե գրածը յուրաքանչյուրի հանցանքն էր կամ թե այնպիսի մի գրություն էր, որում յուրաքանչյուրն իր հանցանքն էր կարդում և իր հանցանքը երեսին խփվելով, նաև բերանացի վճռի մասին մտածելով, ամբաստանությունը պնդելու քաջություն չի ունենում և հեռանալուց բացի ուրիշ անելիք չէր մնում։ Այս տարբերակին նպաստում է
մեր հայերեն զանազան օրինակներից մեկի մեջ գրվածը․ «Իբրեւ լուան զայն, գային ամենեքեան եւ ընթեռնուին մի ըստ միոջէ զյանցանցն իւրեանց եւ որ ընթեռնոյ՝ ելանէր ի տաճարէ»։
    Անհամապատասխան չէր լինի մեր կարծիքով ասել, թե Հիսուս օրենքի նույն խոսքերն էր գրում․ «Մահու մեռցի շնացողն եւ շնացեալն», ցույց տալու և հասկացնելու համար, թե դուք էլ նույն պատժին կենթարկվեք, եթե շնության համար քարկոծելը օրենք լիներ։ Վերջապես, ինչպես էլ մեկնենք, միշտ նույն իմաստին ենք հանգում, թե «Դուք, որ ամբաստանում եք շնացածին, դուք էլ եք շնացողներ և նրան տրվելիք պատիժը ձեզ էլ է պատշաճում»։
    Անմեղ բացատրությունն էլ հասկանալ պետք չէ որպես մեղքից բոլորովին զերծ, այլ բավարար է հասկանալ որպես շնության մեղքից զերծ։ Երբ ամբաստանողները հեռացան և Հիսուսի դիմաց միայն կինը մնաց, հնարավոր չէ կարծել, որ նա առանց զղջալու կանգնած լիներ և Հիսուսի ոտքերն ընկնելով թողություն խնդրած չլիներ, որով ճշմարտվում է զղջալով Հիսուսին դիմող կնոջ պարագան (Ղուկ.  7:36-50)։ Հետևանքը ևս նման պետք է լիներ և իրոք, Հիսուս կնոջը դառնալով ասում է․ «Եւ ոչ ես դատապարտեմ զքեզ, ե՛րթ, յայսմհետէ մի՛ մեղանչէր»։ Հիսուսի հուգուն համապատասխան իրավացի մի վճիռ։ Մեղքն ու հանցանքը չի պաշտպանվում, հարվածում է կեղծավորությանը և քաջալերում զղջումը։