Մաղաքիա արք. Օրմանյան
31-59. Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք: Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»: Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է: Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է: Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք: Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ: Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»: Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կը գործէիք: Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց. դուք ձեր հօր գործերն էք անում»: Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ: Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել: Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է եւ ստի հայր: Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում: Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում: Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»: Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ: Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է եւ դատում: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»: Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ: Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի: Միթէ դու աւելի մե՞ծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»: Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին դուք ասում էք, թէ՝ մեր Աստուածն է. ու չէք ճանաչում նրան: Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ: Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»: Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»: Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց:
Ավետարանիչն ուզում է շեշտել, թե «Ասէր Յիսուս առ Հրէայս հաւատացեալս», այսինքն՝ թե հաջորդ խոսքերն ուղղում էր կամավոր և հեգնող փարիսեցիներին, այլ բարեմիտ և համակիր ժողովրդին: Սակայն Հիսուսի նախկին խոսքերի դեմ իսկ անմիջապես ձայն բարձրացնողները, բառի բուն իմաստով, հաւատացեալ չեին կարող ասվել, կամ տեր էին կանգնում և շարունակում իրենց առարկությունները: Հիսուս նոր երկխոսություն է սկսում և այդ հավատացյալ ասվածներին դառնալով՝ ասում. «Եթե դուք շարունակեք ինձ հավատալ, եթե հաստատուն մնաք իմ քարոզած վարդապետության մեջ, այդ դեպքում վերջնականապես և ճշմարտապես իմ աշակերտները եղած կլինեք«»: Հիսուս ներքին և հոգեկան ազատության մասին էր խոսում՝ մեղքի լծից ազատության մասին, բայց հրեաները մեսիական աղավաղված կարծիքներով նախապաշարված՝ Հիսուսի խոսքերը հասկացան որպես սերնդի ազնվության և ազատության մասին ասված և բողոքելով պատասխանեցին. «Մենք Աբրահամի հարազատ զավակներն ենք, մենք ազատորդի ենք, մենք ստրկորդի չենք: Ի՞նչ ես ուզում ասել, երբ մեզ առաջարկում ես Ավետարանի ազատ զավակներ լինել»: Հիսուս ուզում է հրեաներ թյուրիմացւթյունն ուղղել ու շփոթությունը պարզել. «Դարձեալ սխալ հասկացաք, - ասում է, - ո՞վ է ձեզ Աբրահամի ազատորդի կամ ստրկորդի լինելու մասին ասւմ, ես ձեզ մեղքի ծառայության վերաբերյալ եմ խոսում: Ով մեղքի մեջ է մնում, ծառան է մեղքի: Տան ծառան մշտնջենապես տան մեջ մնացող և տան տերն է: Եթե մարդու որդին իր քարոզությամբ ձեզ ևս միացնի իրեն և Ավետարանի ազատ որդիներ դարձնի, դուք ճշմարտապես ազատորդիներ և Ավետարանի որդիներ կլինեք: Աբրահամի զավակ ենք, ասում եք, ես էլ գիտեմ, որ Աբրահամից եք սերել, բայց այսուհանդերձ ելել և ուզում եք ինձ սպանել, որ նշանակում է, թե չեք ուզում իմ խոսքին հետևել: Ինչպես իմ արածն իմ Հորից ինձ թելադրվել է, այդպես էլ ձեր արածը ձեր հորից է ձեզ թելադրվել, որ չի կարող Աբրահամը լինել»:
Հրեաները բողոքի աղաղակներ են բարձրացնում. «Մեզ ո՞ւմ տեղն ես դրել, ո՞ւմ զավակն ես կարծում: Մենք Աբրահամին հայր և նախահայր ենք ճանաչում և ուրիշ նախահայր չենք ճանաչում»: «Եթե դուք Աբրահամի զավակներ լինեիք, - ասում է Հիսուս, - ձեր գործերը ևս Աբրահամի գործեր կլինեին, մինչդեռ այժմ ուզում եք ինձ սպանել, որ Աբրահամը երբեք չի արել և չէր անի: Դուք ուզում եք սպանել մեկին, որ ձեզ միա՛յն ճշմարտությունը խոսեց, ա՛յն ճշմարտությունը, որը Երկնավոր Հորիցս լսեցի: Ճշմարտությանը հավատացող Աբրահամի զավակները նրա գործին հակառակ գործ չեն անի, ուրեմն, դուք ուրիշ հոր զավակներ եք»:
«Ի՞նչ ես ուզում հասկացնել», - բղավում են հրեաները իրենց ծանրապես վիրավորված զգալով: «Մեզ ասում ես, թե Աբրահամի հարազատ ազատորդիները չեք, մի՞թե մեզ ուզում ես պոռնիկորդիներ համարել: Լավ իմացիր, Աբրահամի Աստծո հարազատ և ընտրյալ զավակներն ենք»: Հիսուս պատասխանում է նաև այդ բողոքի դեմ՝ միշտ ավելի ծանրացնելով իր հանդիմանությունները: «Եթե, – ասում է, – Աստուծո հարազատ զավակները լինեիք, ինչ որ Աստծուց է, պետք է սիրեիք:Պետք է նաև ինձ սիրեիք, որովհետև ես էլ Աստուծո մոտից և Աստուծո անվամբ եկա, Աստուծո կողմից ուղարկվեցի՝ իմ կողմից գործ չձեռնարկեցի, այլ Աստուծո խոսքերը խոսեցի: Ինչո՞ւ ուրեմն իմ խոսքերը չեք ընդունում, ինչո՞ւ իմ քարոզները չեք լսում, որովհետև Աստուծո որդիներ չեք, այլ սատանայի որդիներ եք և ուզում եք սատանայի չար խորհուրդներին հետևել և ինձ սպանել: Որովհետև նա էլ ճշմարտության վրա հաստատուն չմնաց և ի սկզբանե սպանությունների սիրող եղավ և ինչ որ խոսում է, սուտ է, քանզի նա հայր է ստության: Դուք էլ նրան եք հավատում, որովհետև սուտ է խոսում: Ինձ չեք հավատում, քանզի ճշմարտություն եմ խոսում: Կարո՞ղ եք արդյոք երեսովս տալ, որ երբևէ սուտ խոսած լինեմ, որ ինձ մեղքի մեջ տեսած լինեք: Եվ եթե ես ուղղամիտ եմ և ճշմարտություն եմ խոսում, ինչո՞ւ ուրեմն չեք ուզում ինձ հավատալ: Ասում ու պնդում եք, թե Աստուծո որդիներ եք: Արդ ով Աստծուց է, լսում է Աստուծո խոսքը, իսկ ով Աստուծո խոսքը չի լսում, նա Աստուծոց չէ: Դուք չեք ուզում իմ խոսքը լսել, ուրեմն Աստծուց չեք»:
Հրեաներն ավելի ու ավելի զայրացան և չկարողացան Հիսուսի խիստ պատճառաբանության դեմ խոսել, անցնում են անարգելու և նախատելու եղանակին ու ասում. «Մենք չէի՞նք ասում, թե մի հերձվածող սամարացի ու մի խելահեղ դիվահար ես, ահա բացահայտվում է, ասածներդ հաստատում են մեր խոսքը»: «Դիվահար չեմ, - պատասխանում է Հիսուս, - սատանան չէ ինձ խոսեցնողը, ես իմ երկնավոր Հորն եմ փառավորում, և դուք վեր եք կացել ու ինձ եք նախատում: Ձեր նախատինքը ինձ չի վշտացնում,որովհետև երբեք իմ փառքը չեմ փնտրում, բայց կա Աստված, որ Իր և Իմ փառքն է պահանջում, և Իր փառքին ընդդիմացողներին դատւմ է ու դատապարտում: Մինչդեռ, ընդհակառակը,ձեզ վստահեցնում եմ,թե ով ընդունի Իմ քարոզությունը, նա երբեք չի դատապարտվի, նա հավիտյան չի մեռնի ու կորստյան չի մատնվի»:
Հրեաները նորից ուզում են քաշքշել Հիսուսի խոսքերը: Հիսուսի խոսքերը բացահայտորեն հոգևոր իմաստ ունեին և հոգու մահվան ու կորստի վերաբերյալ էին: Այլ բան հասկանալու համար պետք էր կամ կամ խոր տգիտություն ունենալ, կամ համառ կամակորություն: Հրեաները, անշուշտ, փարիսեցիների գլխավորությամբ վերստին նախկին ասեն կրկնում. «Իրավունք չունեի՞նք ասելու, թե խելահեղ մի դիվահար ես, ահա մեր խոսքը ճշմարտվեց: Աբրահամը մեռավ, մարգարեները մեռան, ի՞նչ խելքով ես ասում, թե ինձ հավատացողը և իմ վարդապետությունն ընդունողը չպիտի մեռնի: Քեզ ո՞ւմ տեղն ես դրել. Հայր Աբրահամի՞ց էլ ես մեծ, մարգարեների՞ց էլ մեծ մեկն ես. որ նրանց մեռնելուց հետո էլ քո հետևորդներին չմեռնել ես խոստանում»: Հիսուս չի հոգնում հրեաներ առարկություններին պատասխանելուց, որքան էլ նրանք անտեղի ու բռնազբոսիկ և կամովին խեղաթյուրված լինեն: Մարդկանց ճշմարտւոթյուն քարոզելու եկած լինելով՝ ամեն կերպ ուզում է հասնել իր նպատակին: Եթե լսողները օգուտ չքաղեն, ապագա դարերը նրանցից պիտի օգտվեն, եթե կամակոր փարիսեցիներն անարգեն, աշխարհի իմաստուններպիտի հարգեն ու հպատակվեն: Հիսուս դարձյալ պատասխանում է. «Եթե ես աշխատեմ ինձ փառավորոլ, գիտեմ, որ իմ աշխատանքը արժեք չունի, ամեն մարդու իր համար կատարածը նշանակություն չունի, Աստված է, որ պիտիհաջողի և փառավորի: Ես իմ փառքը Աստուծոց եմ սպասում, ա՛յն Աստծուց, ում մասին ասում եք, թե մեր Հայրն է, սակայն նրան անգամ չեք ճանաչում: Բայց ես ճանաչում եմ և եթե ասեմ չեմ ճանաչում, զուտ սուտ խոսած պիտի լինեմ: Մինչդեռ ես, ինչպես ճանաչում եմ Աստծուն, այնպես էլ Նրա խոսքն եմ հարգում և հրամանը կատարում: Դուք ձեր աչքի առջև կատարված աստվածային առաքումը չեք ուզում ճանաչել, մինչդեռ ձեր պարծանք հայր Աբրահամը փափագեց տեսնել այդ օրը, Մեսիայի գալուստը ողջունել ուզեց, աստվածային հայտնությամբ տեսավ իմ գալուստն ու մխիթարվեց»:
Փարիսեցիներն այս անգամ ևս նենգավոր դարձվածքի են դիմում, որպեսզի Հիսուսի խոսքերի մեջ ուտ ու սխալ մի բան գտնեն և Հիսուսի վարքը գցելու զենք դարձնեն: Հիսուս ասում էր, թե «Աբրահամը տեսավ իմ գալուստը, փարիսեցիներն այնպես շրջեցին, իբր թե Հիսուս ասած կլինի «Ես Աբրահամին տեսել եմ» և սկսեցին ծիծաղելով գոչել. «Դեռ հիսուն տարեկան չես և հազար ինը հարյուր տարի առաջ ապրող Աբրահամին ինչպես տեսած կլինես»: Հիսուս, որ նպատակ ուներ համարձակ կերպով իր մեսիայությունը և իր աստվածությունը հայտնել, երկմտության տեղիք չտալ և երկնից արքայության հասած լինելու խորհուրդը պարզել, չուզեց այլևս զիջելով և հարմարվելով բացատրություններ տալ և ոչ էլ նրանց խոսք խեղաթյուրելը բացահայտել, այլ ճիշտ ու ճիշտ ընդունելով հրեաների սխալ ըմբռնումը, բացեիբաց հայտարարեց, թե ինքն է Երկնավոր Հոր Միածին Որդին, Աբրահամից առաջ է, աշխարհից էլ առաջ էր և է: «Ամէն, ամէն ասեմ ձեզ, յառաջ քան զինելն Աբրահամու ես եմ»: Այստեղ թռուցիկ ասենք, թե ոմանք հրեաների կողմից հիսուն տարի նշելուց, ուզեցին հետևցնել, թե Հիսուս հիսուն տարեկան էր,սակայն հրեաների խոսքը em>«Յիսուն տարեկան իսկ չես» իմաստով է ասված՝չափազանցության ոճով Հիսուսի հայտարարությունը զայրացրեց փարիսեցիներից գրգռված ժողովրդին: Ամեն կողմից «հայհոյեաց, հայհոյեաց» աղաղակներից բարձրացան, որին անմիջապես հետևում էր. «Մեռցի, մեռցի» վրեժխնդրությունը, ինչպես օրենքն էլ պատվիրում էր. «Ա՛յր ոք այր որ անիծանիցէ զԱստուած, մահու մեռցի, քարընկեցութեամբ քարկոծ արասցեն զնա ամենայն ժողովուրդն» Ղևտ. 24:16: Գրգռված ժողովուրդը վազեց դեպի քարերը, բայց մինչև որ փարիսեցիները ժողովրդին բորբոքեին, միչև որ տաճարի շրջափակում քարեր գնտեին, Հիսուս ժամանակ ունեցավ առանց արգելքի տաճարից դուրս ելնել, իսկ քաղաքում իրեն ոչ ոք չէր հալածում, որովհետև ամբողջ իրադարձությունը կատարվում էր տաճարում գտնվող ժողովրդի առջև: Քանի որ փարիսեցիները հանկարծակի շարժումով չէին հաջողել գործը վերջացնել, քաջություն չունեցան ամբողջ քաղաքում աղմուկ հարուղելու:
Հիսուս, իր աշակերտների հետ տաճարից դուրս գալով, անշուշտ, ըստ սովորության Ձիթենյաց լեռան ժանապարհը բռնեց՝ այն ողմերում գիշերելու համար:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: