Ստեփանոս Սյունեցի
1-2. Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»:
«Եվ անցնելիս տեսավ ի ծնե կույր մի մարդու: Աշակերտները հարցրին նրան և ասացին. «Վարդապե՛տ, մեղքն ո՞ւմն է, որ կույր է ծնվել. սրա՞նն է, թե՞ իր հորն ու մորը»:
Առաջին իմաստասերներից [առաջացած] աղանդ կա, ովքեր ասում են, թե մարդկանց հոգիները ավելի վաղ ստեղծվեցին, քան մարմինները, և [նրանք] նախապես՝ մարմնի մեջ մտնելուց առաջ, հանցանքներ գործեցին, ինչպես մենք ասում ենք սատանայի [համար, թե] մեղանչեց Աստծու հանդեպ: Եվ յուրաքանչյուր անձ ըստ իր [գործած] հանցանքների մտնում է [համապատասխան] մարմինների մեջ և տանջվում: Ովքեր սաստիկ մեղանչեցին, խեղանդամի, արատավորի, ցավագարի [մարմնի] մեջ է մտնում, որպեսզի առավելագույնս տանջվեն, իսկ ովքեր չափավոր հանցանք գործեցին, առողջ և անարատ մարմինների մեջ [մտան], որպեսզի չափավորապես տանջվեն: Արտաքին [իմաստասերներն] ասում են, թե այս է պատճառը մարմինների կուրության, ցավի և այլ արատների: Այսպես ասացին հեթանոսների մանկամիտ իմաստասերները, մանավանդ հիմարները, որոնք ցնորվեցին՝ խաբվելով սատանայից:
Իսկ հրեաները, քանի որ միայն գրին են ծառայում, որը սպանում է, համաձայն Մովսեսի խոսքի. «Ես եմ Աստվածը, որ ծնողների մեղքերը հատուցում է որդիներին, մինչև նրանց երրորդ սերունդը, ովքեր ատում են Ինձ» (հմմտ. Ելք 20:5), կարծում են, թե որդիները տանջվում են հայրերի հանցանքների պատճառով: Այս պատճառով աշակերտները հարցրին Քրիստոսին, թե սա՞ մեղանչեց, այսինքն՝ սրա հոգի՞ն մեղանչեց, որ մտավ այսպիսի մարմնի մեջ, թե՞ սրա ծնողները մեղանչեցին, որից սա տանջվում է. համաձայն հրեաների միայն գիրն իմանալուն, թե հայրերի մեղքերն անցնում են որդիներին (հմմտ. Սաղմ. 108:14): Ինչպես սաղմոսերգուն է ասում, ում մեջ հանգչում էր աշակերտը՝ ուսանած լինելով Քրիստոսի գաղտնի գիտության ու իմաստության խորհուրդները:
Մաղաքիա արք. Օրմանյան
1-12. Եւ մինչ անցնում էր, ի ծնէ կոյր մի մարդու տեսաւ. իր աշակերտները հարցրին նրան եւ ասացին. «Ռաբբի՛, մեղքը ո՞ւմն է, որ կոյր է ծնուել, սրա՞նն է, թէ՞ հօրն ու մօրը»: Յիսուս պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է եւ ոչ էլ իր հօր ու մօր, այլ՝ որպէսզի դրա վրայ Աստծու գործերը յայտնի լինեն: Եւ քանի դեռ ցերեկ է, ես պէտք է կատարեմ գործերը նրա, ով ինձ ուղարկեց. կը գայ գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործել: Քանի դեռ աշխարհում եմ, աշխարհի լոյսն եմ»: Երբ այս ասաց, թքեց գետնին եւ թքով կաւ շինեց, եւ կաւը ծեփեց կոյրի աչքերի վրայ ու ասաց նրան. «Գնա՛ լուացուիր Սիլովամի աւազանի մէջ» (որ թարգմանւում է՝ առաքուած): Գնաց լուացուեց, եկաւ եւ տեսնում էր: Իսկ հարեւանները եւ նրանք, որ նախապէս տեսել էին նրան, որ մուրացիկ էր, ասում էին. «Սա չէ՞ր, որ նստում էր եւ մուրում»: Ոմանք ասում էին՝ նա է. ուրիշներ ասում էին՝ ո՛չ, բայց նման է նրան: Իսկ ինքն ասում էր՝ ես եմ: Նրան ասացին. «Իսկ ինչպէ՞ս բացուեցին քո աչքերը»: Նա պատասխանեց. «Մի մարդ, որին ասում են՝ Յիսուսն է, կաւ շինեց եւ ծեփեց իմ աչքերը եւ ինձ ասաց. «Գնա՛ Սիլովամ եւ լուացուի՛ր»: Գնացի, լուացուեցի եւ տեսնում եմ»: Նրան ասացին՝ ո՞ւր է նա: Նրանց ասաց՝ չգիտեմ:
Հովհաննես Ավետարանիչը պատմությունն սկսում է. «Եւ մինչդեռ անցանէր» խոսքով, առանց ճշտելու, թե երբ և որտեղ: Թեպետ և այժմ բաժանման համեմատ այստեղից նոր գլուխ է սկսվում, սակայն այդ բաժանումները հին և բնագրական չեն, և ոմանք ուզեցին նախորդի հետ կարդալ. «Եւ Յիսուս խոյս ետ, եւ ել գնաց ի տաճարէ անտի, եւ մինչդեռ անցանէր» և այլն, այնպես որ կույրի բժշկությունը կատարվել է տաճարից դուրս եկած և քարկոծումից ճողոպրած պահին: Մենք այդ ձևը շատ էլ հավանական չենք համարում, որ փախած պահին բժշկություն կատարելու կամք է ունեցել, իսկ աշակերտներն էլ հարց տալու համար առիթ ունեցած լինեին: Հետևաբար, լավագույնն է ասել, որ այդ բժշկությունը կատարվել է Հիսուսի այդ միջոցին Երուսաղեմում անցկացրած օրերից մի օր, որովհետև վերջին իրարանցունը վաղանցուկ եղավ, և Հիսուս շարունակեց քարոզել տաճարում, ինչպես հետզհետև պիտի պատմենք:
Արդ, մի օր, երբ Հիսուս անցնում էր Երուսաղեմի միջով, ավելի ճիշտ՝ տաճարի դռներից, տեսավ մի կույրի, որ նստած մուրում էր, թեպետև հայր ու մայր ուներ, որոնք էլ եթե չքավոր չլինեին, իրենց զավակին տիրություն կանեին: Աշակերտները, օգտվելով այդ հանդիպման առիթից, հարցնում են Հիսուսին. «Ո՞ւմ մեղքի համար է այս մարդը կույր ծնվել, ի՞ր, թե՞ հոր կամ մոր մեղքի համար»: Այդ հարցը առաջ է գալիս այն նախապաշարումից, թե արտաքին փորձանքները հարկավ ներքին մեղքի հետևանք են: «Համապատում»-իս մեջ էլ շատ անգամ հանդիպել ենք, որ Հիսուս, բժշկություն չկատարած, ախտավորի մեղքին թողություն էր շնորհում և ուրիշ անգամ էլ փորձանքից ազատ լինելու համար մեղքից զգուշանալու հրաման էր տալիս: Ներքին մեղքի համար արտաքին փորձանքի հանդիպելու սկզբունքը ստույգ է, բայց բացարձակ չէ: Ներքին մեղքին արտաքին փորձանքը տնօրինում է Աստված, բայց ոչ բոլոր արտաքին փորձանքները ներքին մեղքի համար են: Հոբի պատմությունը շատ ծանոթ էր և հիմա էլ ծանոթ է: Հիսուս էլ ասաց. «Այս մարդու կույր ծնվելը ո՛չ իր և ո՛չ էլ հոր կամ մոր մեղքի համար է, այլ միայն աստվածային փառքի հայտնության առիթ լինելու համար է: Եվ սա էլ ինձ առիթ է ընծայում Աստծու փառքի համար մի գործ կատարել, քանի որ դեռ կյանքիս մի քիչ օրեր կան, երբ որ մահվան գիշերը հասնի, այլևս ոչ ոք չի կարող գործել»:
Այս ասելուց հետո՝ Հիսուս կույրին իր մոտ կանչեց, հողի վրա թքեց, շաղախեց, մի փոքրիկ ցեխ կամ կավ սարքեց և կավով ծեփեց կույրի երկու աչքերը և հրամայեց, որ գնա Սելովմայի կան Սելովամի ավազանում աչքերը լվանա: Սելովամի ավազանը գտնվում էր Ձիթենյաց լեռների մեջտեղում, Ոփաղ բլրի ստորոտում, Կեդրոնի և Գեհոնի ձորերի միացման տեղերում, որի ավերակները դեռ նկատելի են: Սելովամի և ոչ ուրիշ ավազանի ջրով լվացվելու հրամանը կարող ենք պատշաճեցնել Սելովամի անվանը, որ թարգմանվում է «Առաքեալ», ցույց տալու համար Հիսուսի Աստծուց առաքված լինելը:
Կույրը վեր կացավ և առաջնորդի օգնությամբ գնաց Սելովամ, լվացվեց լիուլի հավատքով և ահա կավի հետ իր տեսողությունը մթագնող վարագույրն էլ ընկավ, աչքերը բացվեցին և ուրախ, զվարթ վերադարձավ քաղաք, բայց ձայն ու աղմուկ չհանեց: Անշուշտ Հիսուս նրան էլ, ինչպես ուրիշ բուժվողների, հրամայել էր ոչ ոքի ոչինչ չասել: Սակայն իրողությունը չէր կարող գաղտնի մնալ, տեսնողներն իրենք սկսեցին հետաքրքրվել ու իրար մեջ խոսել: «Ան է, Ան չէ, Նման է, Նոյնն է» խոսքերը շարունակվեցին, սկսեցին կույրին էլ հարցնել: Նա հաստատեց, որ կույր ծնված մուրացկանն ինքն է, թե բժշկել է Հիսուս անունով մեկը, բայց ինքը Նրան չի ճանաչում և չգիտի, թե որտեղ է Նա և մանրամասն պատմում էր կավի և լվացման պարագաները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: