Մաղաքիա արք. Օրմանյան
13-34. Նրան, որ մի ժամանակ կոյր էր, բերին փարիսեցիների մօտ (օրը շաբաթ էր, երբ Յիսուս կաւ շինեց եւ կոյրի աչքերը բացեց): Փարիսեցիներն էլ կրկին հարցրին նրան. «Ինչպէ՞ս ես տեսնում»: Եւ նա նրանց ասաց. «Կաւ դրեց աչքերիս վրայ, եւ լուացուեցի ու տեսնում եմ»: Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»: Ոմանք ասում էին. «Իսկ մեղաւոր մի մարդ ինչպէ՞ս կարող է այսպիսի նշաններ կատարել»: Եւ նրանց մէջ պառակտում կար: Դարձեալ կոյրին ասացին. «Դո՛ւ ինչ ես ասում նրա մասին, քանի որ նա քո աչքերը բացեց»: Եւ նա ասաց՝ մարգարէ է: Եւ հրեաները չէին հաւատում, թէ նա կոյր էր, եւ բացուեց, մինչեւ որ կանչեցին աչքերը բացուածի ծնողներին, հարցրին նրանց ու ասացին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին ասում էիք, թէ՝ կոյր ծնուեց. իսկ այժմ ինչպէ՞ս է, որ տեսնում է»: Նրա ծնողները պատասխանեցին եւ ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է, եւ որ կոյր ծնուեց. բայց թէ այժմ ինչպէ՛ս է, որ տեսնում է, չգիտենք, կամ թէ՝ ո՛վ բացեց դրա աչքերը, մենք չգիտենք. հէնց իրե՛ն հարցրէք. ինքն արդէն չափահաս է. իր մասին ինքը թող խօսի»: Նրա ծնողները այսպէս ասացին, որովհետեւ հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդուել էին, որ, եթէ մէկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացուի ժողովարանից: Դրա համար է, որ նրա ծնողներն ասացին. «Ինքն արդէն չափահաս է, հէնց իրե՛ն հարցրէք»: Նորից կրկին անգամ կանչեցին այդ մարդուն, որ կոյր էր, եւ նրան ասացին. «Աստծուն փա՛ռք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղաւոր է»: Իսկ նա ասաց. «Թէ մեղաւոր է, ես չգիտեմ, բայց այն գիտեմ, որ կոյր էի եւ հիմա տեսնում եմ»: Դարձեալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, քո աչքերը ինչպէ՞ս բացեց»: Նրանց պատասխանեց. «Նոր ձեզ ասացի, եւ չէք լսում, ինչո՞ւ էք ուզում նորից լսել. միթէ դո՞ւք էլ էք կամենում նրան աշակերտել»: Նրանք նախատում էին նրան ու ասում. «Դո՛ւ եղիր նրան աշակերտ. մենք Մովսէսի աշակերտներն ենք: Մենք գիտենք, որ Աստուած Մովսէսի հետ խօսեց. իսկ սրան չգիտենք, թէ որտեղից է»: Մարդը պատասխանեց նրանց եւ ասաց. «Զարմանալին էլ այն է, որ դուք չգիտէք, թէ նա որտեղից է, եւ սակայն իմ աչքերը բացեց: Գիտենք, որ Աստուած մեղաւորներին չի լսում, բայց եթէ մէկը աստուածապաշտ է եւ նրա կամքը կատարում է, նրան լսում է: Աշխարհի սկզբից ոչ ոք չի լսել, թէ մէկը ի ծնէ կոյր ծնուած կոյրի աչքերը բացած լինի: Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որեւէ բան անել չէր կարող»: Պատասխանեցին եւ ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մէջ ես ծնուած եւ դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»: Եւ նրան դուրս հանեցին:
Ծնված օրից կույր մուրացկանը բոլորին ծանոթ մեկն էր, նրա հանկարծակի բուժվելը հետաքրքրեց քաղաքին, և բոլորի խոսքի նյութը դարձավ: Պրոբատիկեի անդամալույծի բժշկությունից ավելի հռչակ հանեց, և իր նորությամբ մի անգամ ևս քաջալերեց Հիսուսի վրա զարմացողներին և գրգռեց Հիսուսի հակառակորդներին: Ոմանք աշխատում էին վարկաբեկել և տկարացնել Հիսուսին, որպեսզի հեշտությամբ վերացնեն մեջտեղից, իսկ նոր բժշկությունը ավելի բորբոքեց ու ամրացրեց համակրանքը Հիսուսի հանդեպ: Հիսուս, բավարար համարելով հրաշաքի գործած ազդեցությունը, մի պահ առանձնացավ և լուռ մնում էր Բեթանիայում՝ Ղազարոսի տանը:
Փարիսեցիները մտածեցին գրգռումը արմատից վերացնել և մի օրինակով քննությամբ ժխտել բժշկությունը կամ թե բժշկության օրինազանցությունը ցույց տալ, որովհետև Հիսուս շաբաթ օրն էր կատարել թքով կավ պատրաստելու և կույրի աչքերը ծեփելու աշխատանքը, կույրին էլ հրամայել էր Սելովամի ջրով լվացվելու աշխատանքը: Այդ հարցաքննության պատմությունը շատ մանրամասներով մեջ է բերում Հովհաննես ավետարանիչը, որ կարևոր է ոչ միայն իր հետաքրքրական կողմերով, այլ ավելի շատ նրանով, որ մեզ ցույց է տալիս և ապացուցում է, որ Հիսուսի կատարած բժշկությունները միայն ժողովրդական խանդավառությամբ ու ամբոխի ձայնով չէին հաստատվում, այլ քահանայապետերի և դպիրների, փարիսեցիների ու սադուկեցիների հետախույզ քննությամբ և դատական ձևերով քննում ու պրպտում էին, նույնիսկ ստելու բաղձանքով ճարտարության էլ էին դիմում: Այս տեսությունը ավետարանական պատմություններին ստույգ ձևով նոր փաստ էր ավելացնում:
Այս անգամ էլ գումրավում է փարիսեցիական ժողովը, և ատյան է բերվում բժշկված կույրը և սկսվում է հարցաքննությունը: Սկզբում ժխտվում է գործողության օրը և հաստատվում է, որ բժշկությունը կատարվել է մի շաբաթ օր և այդ օրը տեղի է ունեցել թքով կավ պատրաստելու և աչքերը ծեփելու աշխատանքը: Ապա սկսում են հարցնել, թե ո՞վ է, ինչպե՞ս էր, ի՞նչ էր անում, ի՞նչ եղավ, և բժշկյալը պատասխանում է բոլոր հարցերին, որ ինքը կույր էր, ծնված օրից կույր էր, չկարողանալով աշխատել, մուրում էր. մի օր մի մարդ մոտեցավ իրեն, բայց ինքը այդ մարդուն դեմքով չի ճանաչում, քանի որ տեսնել չէր կարողանում, միայն ուրիշներից լսել էր, որ անունը Հիսուս է, աչքի վրա կավ դրեց, հրամայեց լվացվել Սելովամի ջրով, ինքն էլ կատարեց, աչքերը բացվեցին և հիմա տեսնում է:
«Ինչպե՞ս, ինչպե՞ս, ի՞նչ արեց», - կրկնում էին ժողովականները՝ կավի աշխատանքը շեշտել տալու և օրինազանցության փաստ կազմելու համար: Բժշկվածը կրկնում է. «Աչքիս վրա կավ դրեց, ասաց՝ լվացվի՛ր, լվացվիր և ահա տեսնում եմ»:
Այդ խոսքերից հետո փարիսեցիներից ոմանք վրա են բերում. «Այդ մարդը չի կարող Աստծու զորությամբ հրաշք գործել, որովհետև չի պահել շաբաթ օրվա օրենքը»: Այն կողմից ուրիշները, փարիսեցի Նիկոդիմոսի և Արիմաթացի Հովսեփի նման Հիսուսին համակրող ժողովականները ուշադրություն էին հրավիրում. «Բայց ինչպե՞ս կարող ենք ասել, որ մի մեղավոր մարդ այսքան նշանավոր հրաշքներ է գործում»: Սինեդրիոնի ժղովում անվանական մեզ ծանոթ Նիկոդիմոսից և Հովսեփից բացի, Հիսուսին համակրողների մասին ավետարանիչը ուրիշ տեղ էլ է հիշում, որ «յիշխանաց անտի բազումք հաւատացին ի նա» Հովհ. 12:42: Երկու կարծիքների բախումից մի պահ ներքին վեճ է սկսում ժողովարանի մեջ. «Եւ էին հերձուածք ի մէջ նոցա»: Այս անգամ դառնում և բժշկյալին հարցնում են. «Դու ի՞նչ կարծիք ունես քեզ բուժողի վերաբերյալ»: Այս հարցումը իհարկե բժշկվողի հեղինակությամբ խնդիրը լուծելու համար չէր, այլ նրա խոստովանությամբ Նրան դատապարտելու համար: Բայց կույրը համարձակորեն պատասխանում է. «Եթե ինձ եք հարցնում, ճշմարիտ մարգարե է»:
Այս անգամ ուզում են խնդիրը փոխել ու հաստատել, որ ինքն իրեն բժշկված ասողը կույր մուրացիկը չէ, այլ անձերի փոփոխմամբ խարդախություն է եղել: Դիմում են վկաների, բայց իբրև վճռական վկա որոշվում է հրավիրել բժշկվողի հորն ու մորը: Մեկտեղ են բերվում երկուսն էլ, որոնք, անշուշտ այդ խառնաշփոթի ժամանակ տանը նստած լինել չէին կարող գտնվել և հավաքված բազմության մեջ էին: Սկսում են նրանց հարցնել. «Նայեցեք այս մարդուն, արդյոք ձեր կույր ծնված զավակն ա՞յս է, ինչպե՞ս եղավ, որ աչքերը բացվեցին և տեսնում է»: Ծնողները վախկոտ ու խեղճ էին և գիտեին, որ ժողովը Հիսուսի հակառակորդն է, ուզում է սպանել Նրան, իսկ Նրա հետևորդներին որոշված է պատժել, և այդպիսինները պետք է անիծվեն ու զրկվեն հրեական հաղորդակցությունից: Դրա համար վախենում էին Հիսուսի անունը տալ և բժշկության մասին որևէ բան ասել, թեկուզ ամեն ինչ լսած կլինեին իրենց որդուց, բայց գործողությանը ներկա չէին եղել: Հետևաբար բավարարվում են ասելով. «Գիտենք և վկայում ենք, որ այս մարդը մեր զավակն է, որ կույր էր ծնվել, որ մինչև վերջին օրերն էլ կույր էր, բայց հիմա տեսնում է, մենք ոչինչ չտեսանք, ոչինչ չգիտենք. ինքը մեծ, խելահաս մարդ է, անշուշտ գիտե, իրեն հարցրեք, թող իմացածն ասի. մեր ասելիքն այսքանն է»: Այսպես, անձերի փոփոխության պատրվակով գործին վերջ տալն անարդյունք է դուրս գալիս, և հաստատվում է բժշկության իրոք կատարված լինելը:
Նորից անդրադառնում են բժշկության շաբաթ օրը կատարված լինելու պատրվակով գործն ու գործողությունը կատարողին դատապարտելուն: Բշկվածին նորից ատյան են բերում. «Դու փառք տուր Աստծուն, որ Սելովամի ջրի զորությամբ քեզ բուժեց, բայց ոչ այն Հիսուս կոչվածի զորությամբ, քանի որ մենք քննել և հաստատել ենք, որ օրինազանց և մեղավոր մարդ է»: Բժշկվողը պատասխանում է. «Արդար է, թե մողավոր, ես չգիտեմ, միայն գիտեմ, որ այդ Հիսուս եղավ ինձ բժշկողը. առաջ կույր էի, հիմա տեսնում եմ՝ այս էլ այդ Հիսուսի շնորհիվ»: «Հիսուս ի՞նչ գերծ ունի, - կրկնում են փարիսեցիները, - Սելովամի ջուրը քեզ բուժեց, Հիսուս ի՞նչ արեց քեզ»: «Հենց նոր պատմեցի, - ասում է բժշկվողը, - չլսեցի՞ք, ուզո՞ւմ եք մանրամասնորեն լսել, արդյոք դուք է՞լ եք ուզում Հիսուսին հետևել»: Բուժվողը, համբերությունը հատած, ժողովարանում էլ տարակարծիքներ գտնվելուց քաջալերված, մի կողմ է թողնում վախն ու կասկածը և սկսում է հեգնել փարիսեցիներին:
Բժշկյալի այս խոսքերը փարիսեցիներին խայթում և զայրացնում են, և նրանք բարկությամբ պատասխանում են. «Դու գնա Հիսուսին աշակերտ եղիր, խե՛ղճ մարդ, մենք Մովսեսի աշակերտներն ենք: Բոլորը գիտեն, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, չգիտենք, թե Հիսուս ո՞վ է և որտեղից»: «Հրաշքի մեծությունն այս է, - վրա է բերում բուժվածը՝ ժողովականների հետ վիճաբանելու չափ քաջալերված, - դուք անգամ չգիտեք, թե Հիսուսը որտեղից է, բայց Նա ի ծնե կույրի աչքերը բացելու զորություն ունեցավ: Աշխարհի սկզբից մինչև հիմա լսված բան չի, որ մի մեղավոր կարողանա այսպիսի հրաշք գործել, որովհետև գիտենք, որ Աստված մեղավորների խնդրանքները չի կատարում: Բայց եթե մեկը աստվածապաշտ է, Աստծու կամքն է կատարում, Աստված էլ նրա կամքն է կատարում: Եթե Հիսուս էլ մեղավոր լիներ և Աստծուն սիրելի չլիներ այսպիսի հրաշք չէր կարող կատարել»:
Բուժված կույրի այսչափ համարձակությունը և օրինական խնդիրների մասին ժողովականներին խելք սովորեցնելը գրգռում է փարիսեցիներին և սկսում են նրան նախատել. «Արդեն կույր ծնվելովդ Աստծու երեսից ընկած և անիծված լինելդ չես տեսնում և դեռ հանդգնում ես մեզ բա՞ն սովորեցնել ու վարդապետի պես պարծենալ գնա՛, կորի՛ր»: Այսպես է վերջանում այդ նշանավոր հարցաքննությունը. հրաշքի ստուգությունը հաստատվում է, ոչինչ չի ստացվում որոշել Հիսուսի դեմ և միայն բժշկվածին դուրս հանելով, փակվում է;
Ավետարանը գրում է. «Եւ հանին զնա արտաքս», բայց մեկնությունը մնում է անորոշ, որովհետև հավասարապես կարող է հասկացվել և այնտեղից դուրս վռնդվել, և՛ տաճարից դուրս հանել, և՛ հավատացյալների հաղորդակցությունից մերժել: Սովորաբար մեկնիչները այդ հասկանում են երրորդ իմաստով, ենթադրելով, որ փարիսեցիները ցանկացել են ամենածանր վճիռը արձակել բժշկելու վերաբերյալ: Սակայն այդ բարձրագույն վճիռը իմացվելու համար գործածվում էր «Ի բաց կալ ի ժողովրդենէ» կամ «Ի բաց հանել ի ժողովրդենէ» բացատրություն: Մինչև այստեղ պարզապես գործածված է «Հանել արտաքս» բացատրությունը, որ առաջին համեմատությամբ շատ թեթև վճիռ է և բարոյական զրկանքից ավելի նյութական զրկման իմաստ է տալիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: