Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 9:35

Մաղաքիա արք. Օրմանյան

35-38. Յիսուս լսեց, թէ նրան դուրս են հանել. եւ երբ նրան գտաւ, ասաց. «Դու Աստծու Որդուն հաւատո՞ւմ ես»: Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տէ՛ր, ո՞վ է, որ նրան հաւատամ»: Յիսուս նրան ասաց. «Ե՛ւ տեսար նրան, ե՛ւ նա է, ով խօսում է քեզ հետ»: Ու նա ասաց. «Հաւատում եմ, Տէ՛ր»: Եւ երկրպագեց նրան:
   
    Ամբողջ հարցաքննության ընթացքում Հիսուս չերևաց: Բժշկությունը, ժողովրդական հետաքրքրությունը, փարիսեցիների մտահոգությունը և ժողովական քննությունը հավանաբար մի քանի օր տևեցին և Հիսուս այդ մի քանի օրը Երուսաղեմ էլ չմտավ, տաճարում էլ չքարոզեց:
    Նույն օրերում էլ բժշկվածը, Հիսուսին համակրող, Հիսուսին չտեսած ու չլսած, բայց Նրա պաշտպանությունը ստանձնած, սինեդրիոնից մերժված՝ մի կերպ մնացել էր մեջտեղում շփոթված և շվարած: Բայց նրա մարմնավոր աչքերից բացի լուսավորվել էին մտքի աչքերը, ցուցաբերած քաջությունը արժանի էր քաջալերության: Դրա համար այս անգամ Հիսուս ինքը ուզեց գտնել նրան և զորացնել: Վերջապես բուժվածը բաց աչքերով տեսնում էր իր բարերարին, և անձամբ կարող էր երախտագիտությունը հայտնել: Անշուշտ երկուսի միջև ոգևորված խոսակցություններ փոխանակվեցին, և Հիսուս տեսնելով, որ բժշկվածը ամուր հավատքի տեր է, ուզեց նրան ևս ընդգրկել Ավետարանի վարդապետության և Երկնից Արքայության մեջ:
    Հիսուս հարցրեց բուժվածին. «Դու Աստծու որդուն հավատո՞ւմ ես»: «Չգիտեմ ով է, - ասում է բժշկվածը, - որ հավատամ»: «Նա է, ում տեսար հիմա, - ասում է Հիսուս, - և որի հետ խոսում ես, նա, որ քո մարմնի աչքերը բացեց, նա է Աստծու որդին»: «Հավտում եմ Տեր, հավատում եմ», գոչում է հուզված բժշկվածը: Իր սիրտը պատրաստ էր իր բժշկողին ամեն պատիվ, ամեն հարգանք ընծայելու: Աստված էր իրեն աշխարհ բերել, բայց կարծես թե չէր եկել. հիմա է հասկանում իր էությունը, իր գոյությունը, հուզված սրտով չոքում է Հիսուսի առաջ, ծնկաչոք համբուրում է Նրա ոտքի փոշին, ճշմարիտ հավատքով և եռանդուն սիրով երկրպագում է: Իհարկե Հիսուս չի զլանում իր աստվածային օրհնությունները տալ:
    Այսպիսի ժիր և գործնական հավատք նույնիսկ Տասներկուսը ցույց չէին տվել, որոնց հանդեպ ինչքան էլ բարերար գտնվեց, նրանք, սակայն, դժվարություններին տոկալու արիություն երբեք չցուցաբերեցին: Իսկ սա իշխանական սինեդրիոնի առաջ արի, փորձությունների դիմաց՝ անհողդողդ, հակառակորդների դեմ խիզախ, բարձրացնում, քարոզում է Հիսուսին, պաշտպանում Նրա Աստվածությունը և, վերջապես, Հիսուսին ընդունում է որպես Աստծու Որդի և աստվածային պաշտոն է ընծայում նրան: