Մաղաքիա արք. Օրմանյան
27-28. Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ դիեցրեց քեզ»: Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծու խօսքը եւ կը պահեն»:
Հիսուսի վարդապետանալու և քարոզելու ընթացքում, երբ մի կողմից այսպիսի զորավոր ոճով հակառակորդներին էր պապանձեցնում, մյուս կողմից բազմաթիվ բժշկություններով ժողովրդին բարիք էր անում, և ամեն կողմից իր համբավն էր տարածում ու բոլորի կողմից փառավորվում էր, հանկարծ ժողովրդի միջից կանացի մայրական զգայուն մի ձայն է լսվում: Ժողովրդի միջից մի կին, որ Հիհուսով հիացած, նրա մոր մասին էր մտածում և հազար ու բյուր երանի էր տալիս այն կնոջը, որ բախտ է ունեցել այդպիսի մի զավակի մայր լինելու, «Երանի,- գոչում է զարմացած կինը,- երանի արգանդին` որ քեզ կրեց,երանի ստինքներին` որ քեզ կաթ տվեցին»: Ձայնը Հիսուսի ականջին է հասնում, որ բոլոր հանգամանքներից օգտակար խրատ հանելու սովորություն ուներ, կնոջ խոսքերն առիթ դարձնելով, իր շուրջ եղողներին ասում է` «Ձեզ էլ երանի, եթե իմ քարոզներն ու այս պատգամները սրտով լսում ու գործով կատարում եք»:
Նախընթաց ու հաջորդ իրադարձություններից անկապ, միջանկյալ մի դեպք է Ղուկասը հիշում, որ մի կողմից` Հիսուսի հանդեպ ժողովրդի տածած խանդավառ համակրանքն է հայտնում, իսկ մյուս կողմից՝ Հիսուսի հոգին բացատրում է, որ ամեն փառքից ու ամեն արժանիքից վեր է դասում ավետարանին հետևելն ու ավետարանական սկզբունքների կիրառումը:
Ինչ վերաբերում է ձայնող այդ կնոջը, ոչ մի նշում չկա ավետարանում նրա ով լինելու մասին, հետևաբար շատ կամայական կլիներ ասել, թե Հիսուսին հետևող աշակերտուհիներից մեկն էր, կամ նույն պահին բժշկվող մի կին: Միայն թե այդ եղելությանը մենք մոտեցնում ենք անմիջապես հետո Հիսուսի մոր անյտեղ երևալու հանգամանքին և հավանական է թվում, որ այդ ձայն արձակող կինը հեռվից Տիրամայր Մարիամի գալը տեսնելով, Հիսուսի վայելած փառքից մոր ունենալիք փառակցությունն անցավ մտքով, և խանդավառված` Հիսուսի մորը երանի տվող ձայնն արձակեց: Մեր տեսանկյունից հարմար է կարծել, որ Հիսուսի այստեղ խոսածը, ստորեւ մոր գալու առիթով ասած խոսքերի հետ նույնն է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: