Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 12:22

Մաղաքիա արք. Օրմանյան

22-34․ Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը: Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները: Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կը կարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում: Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց: Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէ՛ս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր: Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտռում են: Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ: Այլ դուք հետամո՛ւտ եղէք Աստծու արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կը տրուի ձեզ»: «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»:
   
   Ղուկասը Հիսուսի բերանով բավականին երկար բացատրություններ է տալիս՝ նպատակ ունենալով արտաքին բարությունների, ինչքերի և կարիքների մասին ավետարանական վարդապետությունն ամփոփել, ինչ որ բավական ընդարձակորեն արդեն բացատրեցինք Լեռան քարոզում (Մատթ. 6:19-34)։ Հետևաբար, այստեղ կբավարարվենք միայն, հույժ հակիրճ կերպով, գլխավոր կետերը հիշատակելով։ Ոգու և մարմնի կարիքների համար հոգ չանելը, այսինքն՝ կերակրի ու հագուստի անհրաժեշտության մասին շատ չմտածելը, ոգին, այսինքն՝ կյանքը և մարմինը, այսինքն՝ ապրելը, կերակրից ու հագուստից ավելի արժեքավոր պիտի համարվեն։ Աստված, որ հոգում է նաև ագռավի մասին, քանի որ նրանք, առանց սերմանելու, հնձելու և ամբարելու, նախախնամության շնորհիվ հոգում են իրենց կարիքները, անշուշտ, ավելի շատ պիտի հոգա մարդկանց մասին, որ այդ թռչուններից ավելի է պատվում։ Մարդն իր ցանկությամբ չի կարող իր հասակին մի կանգուն անգամ ավելացնել, ինչպիսի՞ հանդգնություն է կարծել, թե սեփական ուժերով կկարողանա ավելի մեծ արդյունքի հասնել։ Շուշան ծաղիկը ևս իր մասին հոգալ չի կարող, բայց Սողոմոնի, ողջ հարստությամբ ու կարողությամբ, իր համար պատրաստած զարդերից ավելի զարդարուն է։ Ի վերջո, շուշան ծաղիկն էլ խոտ է, այսօր թարմ, վաղը չոր, մյուս օրը՝ կրակի նյութ, մինչդեռ մարդը գերազանց արարած է, բանական և անմահ հոգով օժտված։ Քանի որ Աստված կա և ամեն ինչ Իր նախախնամությամբ է կատարվում, ուստի հեթանոսական թերահավատություն է, ներքին հոգածությունը մոռանալով, ուտելիքի, խմելիքի և հագնելիքի հետևից ընկնելը։ Իբրև եզրակացություն և խոսքի կնիք, Հիսուս հրամայում է առաջին և գլխավոր նպատակը դարձնել Երկնքի Արքայության ձեռք բերելը, վստահ լինելով, թե մնացյալը Աստվածային նախախնամությունը չի պակասեցնի։ Թե որքանով և ինչ իմաստով ենք հասկանում այս խոսքերը, արդեն իր տեղում բացատրել ենք (Մատթ. 6:19-34
   Այդ սկզբունքները սահմանելուց հետո, Հիսուս շրջվում է դեպի Իրեն հետևող բազմությունը՝ սկզբնական եկեղեցու փոքրիկ հոտին և քաջարելում, որ բնավ չվախենա արտաքին բարությունից զուրկ լինելու համար, որովհետև բարություններից գլխավորը, այսինքն՝ Երկնքի Արքայությունն ու Ավետարանը Երկնավոր Հայրն է տվել փոքրիկ հոտին։ Իրենք արդեն ապահով գանձ ունեն Երկնքի Արքայությունում, պետք է այստեղ ունեցածները վաճառեն ու ողորմություն բաշխեն, որովհետև ով իր ունեցածը ողորմություն է տալիս, այն պահում է Աստծու գանձի մեջ։ Այս աշխարհի գանձերին սպառնում են գողերը, իսկ ցեցերը՝ վնասում շտեմարանները, սակայն Երկնքում Աստծու գանձին ո՛չ գող է մոտենում, ո՛չ ցեցն ապականում, սիրտդ էլ հանգիստ է ու ապահով։ Մարդը միշտ սրտով կապված է իր գանձին․ նրա մասին մտածում է, հոգում, վախենում սպառնացող վտանգներից։ Երկրային գանձին կապված սիրտը միշտ դողում է, իսկ երկնայինին կապվածը ազատ է վախից ու կասկածից և երջանկություն է վայելում։
   Այս հատվածում արտաքին կարիքների ստորադասությունը կապվում է ողորմության հետ, որով մատնանշվում է ավելորդ համարված բարիքներից քաղվելիք ներքին և ճշմարիտ օգուտը, ցույց տրվում մեր կյանքի ընթացքում բարիքների կիրառման ուղիղ ճանապարհը։