Մաղաքիա արք. Օրմանյան
41-48․ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար: Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կը գտնի: Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կը կարգի: Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ «Իմ տէրը ուշանում է գալ», եւ սկսի ծեծել ծառաներին եւ աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, այդ ծառայի տէրը կը գայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կ՚անի եւ նրա բաժինը անհաւատների հետ կը դնի: Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կ՚ուտի: Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կ՚ուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ՚ուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կը պահանջեն»:
Այդ քարոզները լսում էին թե՛ աշակերտները, թե՛ ժողովուրդը։ Աշակերտներն արդեն Մարդու Որդու գալստյանը հավանել և հետևել էին և չէին կարող իրենց վերագրել պատրաստակամ սպասելու խրատը։ Բայց քանի որ Հիսուս իրենց և ժողովրդի մեջ տարբերություն չէր դնում, ապա վարանման մեջ էին։ Պետրոսը, որ միշտ առաջ նետվելու համարձակություն ուներ, այս անգամ էլ Հիսուսին ընդմիջելով, հարցնում է նրան․ «Տե՛ր վարդապետ, ո՞ւմ ես դու ուղղում այդ հայտարարությունը․ մե՞զ, թե ամենքին»։ Պետրոսի ասածները կարող են երկու մեկնություն ունենալ․ «Մե՞զ, թե ամենքին» դիմաբաժանյալ խոսքերը կարող են վերագրվել թե՛ միայն Հիսուսի աշակերտներին և ունկնդիրների ողջ ժողովրդին, թե՛ Հիսուսի յուրաքանչյուր հետևորդին ու ընդհանրապես բոլոր մարդկանց։ Որևէ փաստ չունենք մի իմաստը մյուսին նախադասելու համար, և Հիսուս էլ ուշադրություն չի դարձնում հարցին, այլ ընդհանրապես պատասխան է տալիս՝ կարծես ասելով․ «Ես աշակերտի կամ հետևողի, ունկնդիր կամ բացակայի միջև տարբերություն չեմ դնում․ ես խոսում եմ ցանկացած մարդու համար, ով իմ խոսքից օգուտ է քաղում և գործադրում է խրատներս»։ Հիսուսի պատասխանը դարձյալ համեմատություն է։ Տանուտերը, որ շատ ծառաներ ուներ, նրանցից մեկին բոլորի ղեկավար և հոգածու է նշանակում, որպեսզի ժամանակին բոլորի կերակուրն ու մյուս հոգսերը հոգա։ Այստեղ գերդաստան բառը չպետք է հասկանալմեզ ծանոթ սովորական իմաստով՝ տանտիրոջ ընտանիք, այսինքն՝ կին և զավակներ, այլ պարզապես ծառաների խումբ։ Արդյո՞ք մեզնում գերի, գերդաստան բառերն իրենցում պարունակո՞ւմ են այն առնչությունը, որ ոմանք գտնում են լատիներեն famulus գերի և familia գերդաստան բառերում։ Բայց մենք բառերի քննությամբ չենք զբաղվում։ Անդրադառնանք նմանությանը։
Տանուտերը նման կարգադրություն է անում իր ագարակի համար, ուր ինքը միշտ ներկա չէ։ Երբ ագարակը դիտելու եկած ժամանակ տեսնում է, որ ամեն ինչ կարգ ու կանոնով առաջ է գնացել, իր հրահանգները ճշտորեն գործադրվել են, շտապով գոհունակություն է հայտնում գլխավոր ծառային և որպես նրա հավատարիմ ու արթուն պաշտոնավարության վարձատրություն, բարձրացնում է պաշտոնը, ագարակի ծառաների ղեկավարությունից հանելով՝ իր տանընդհանուր տնտեսությունն է հանձնում նրան և վստահում ամբողջ ինչքերի մատակարարությունը։ Ահա դարձյալ մի օրինակ, որ Մարդու Որդու ավետարանական գալուստից առավել պատշաճում է յուրաքանչյուր անձնավորության հավատարիմ պատվիրանապահությանը․ այս կյանքի ագարակային պաշտոնավարությունից վերբարձրանալով, հանդերձյալ կյանքում, Աստծու տանն իբրև տան զավակ և անդամակից պիտի ընդունվի։ Սակայն այդ ավետարանական գալստյանն էլ գյուրությամբ կարելի է վերագրել, այսինքն՝ Հին Ուխտի ագարակային պաշտոնավարությունից պետք է կարողանա Նոր Ուխտի՝ որպես տան պաշտոնավարությանը բարձրանալ, եթե հավատարիմ է եղել առաջինին։
Ինչպես առաջին պաշտոնին հավատարիմ և ամեն վայրկյան արթուն եղողը պիտի վարձատրվի, այնպես էլ անհավատարիմն ու անպատրաստը պիտի պտժվի։ Անհավատարմության գլխավոր ծարժառիթն այն վստահությունն է, թե տերը տակավին չի գալու և մինչև նրա գալնինքը կարող է կարող է տրվել իր կրքերին ու հաճույքներին։ Մի կողմից կողքին եղող ր իր հոգածությանը հանձնված այր ու կին ծառաների վրա է բռնանում, նեզացնում ու ծեծում, մյուս կողմից իրեն տալիս կերուխումի և հարբեցողության։ Երբ այսպես վստահորեն զեղծանում էր ահա, հանկարծ գալիս է տերը և, իրեն այդ վիճակում գտնելով, արժանավոր պատիժ է տալիս․ «Ընդ մէջ կտրեսցէ զնա»։ Այս բացատրությունը, որ բառացի մեջքից երկու կես անել է նշանակում, փոխաբերությամբ պիտի ընկալվի, այսինքն՝ ծառային պաշտոնից հեռացնել, սպանել կամ ծեծելով ջարդուփշուր անել։ Տարբեր մեկնիչներ, տարբեր իմաստներով են դա հասկանում։ Բայց թերևս ամենից հարմարը հոգին մարմնից անջատել պիտի հասկանալ, որովհետև հաջորդ խոսքը ամբողջությամբ հեգևոր է․ այլաբանությունը բացակայում է և պարզապես ասվում է, թե անհավատների համար պահված դատապարտությանը պիտի ենթարկվի։ Որով էլ անհավատարիմ ու պատվիրանազանց հավատացյալը անհավատին հավասար ու հար և նման պիտի համարվի։
Որպես այդ վարդապետության լրում, Հիսուս ավելացնում է, թե ով իր տիրոջ կամքը չիմանալով է պարտազանց գտնվում, նա կարժանանա ներողամտության, և բնավ ներողամտության արժանի չէ նա, ով, իմանալով տիրոջ կամքը, պարտազանց է գտնվել։ Սա՝ շատ և քիչ ծեծ ուտելու բացատրությունների իմաստը։ Այդ բացատրություններին հիմնվելով են ոմանք ծեծով մեկնում «Ընդ մէջ կտրեսցէ» արտահայտությունը։ Խոսքն այլաբանությունից հանելվ՝ Հիսուս ցանկանում է հասկացնել, թե շատ ավելի թեթև է պարզ անհավատի կացությունը, քան պատվիրազանց հավատացյալի վիճակը։
Տիրոջ կամքին անտեղյակինՀիսուս քիչ ծեծի է արժանացնում, թեպետ կարելի է մտածել, թե չիմացողը պատասխանատվության չի արժանանում և բոլորովին էլ ծեծի չպիտի արժանան։ Սակայն ճշմարտությունն այնպես հզոր է և ուղղությունն այչափ հայտնի, որ անհավատը կարող է թեթևացնողհանգամանքների համար ներողամտության արժանանալ, բայց ոչ երբեք բոլորովին արդարանալ։ Ուստի Հիսուս ամենևին երկնային շնորհն ու ճշմարտության լույսը չընդունողի ենթադրությունը չի ընդունում, այլ ընդունում է ավելի պակաս ընդունողների ենթադրությունները․ և շատ ընդունողից շատ պահանջելու նշանավոր պատգամով էլ ավարտում է արթնության և հավատարմության քարոզները։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: