Մաղաքիա արք. Օրմանյան
20-37․ Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ ե՞րբ պիտի գայ Աստծու արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»: Իսկ իր աշակերտներին ասաց. «Կը գան օրեր, երբ դուք կ՚ուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնի: Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ «Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ», մի՛ շտապէք գնալու, որովհետեւ, ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կը լինի մարդու Որդին՝ իր օրում: Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից: Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով: Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց: Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում: Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց: Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու: Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ: Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը: Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն: Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»: Պատասխան տուին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»: Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կը հաւաքուեն արծիւները»:
Ավետարանչի պատմությունը լավ ըմբռնելու համար չպետք է ենթադրել, թե իրար հետևից գրված խոսքերը և գործերը միանգամից հաջորդել են միմյանց, որովհետև այդ դեպքում շատ դժվար կլիներ բացատրել անցումները և մեկնաբանել կապակցությունները։ Ու, ընդհակառակը, բացատրությունը շատ կհեշտանա, երբ իմանանք, որ շատ շաբաթների ընթացքում տարբեր օրերում եղած խոսակցությունները և կատարված գործողությունները, առանց ժամանակագրական բաժանումների, քաղվածաբար իրար հետևից են պատմվում։
Այսպես, այստեղ էլ չպետք է կարծենք, որ փարիսեցիների հարցումը կապված է տասը բորոտների բժշկության հետ «Ե՞րբ գայցէ Արքայութիւն Աստուծոյ»։ Երկնային արքայության մասին փարիսեցիների ու ժողովրդի ըմբռնումը շատ է տարբերվում Հիսուսի ըմբռնումից։ Նրանք մտածում էին, թե դա երկրային մի գործողություն է, իսկ Հիսուս քարոզում էր երկնային հայտնություն․ նրանք երևակայում էին աշխարհային հաջողության մասին, իսկ Հիսուս պատմում էր Աստվածային տնօրինության մասին․ նրանք սպասում էին արտաքին փառք, իսկ Հիսուս ցույց էր տալիս ներքին պայծառությունը։ Երբ փարիսեցիները հիշյալ հարցումն արեցին, մտովի ուզում էին ասել․ «Քանի որ ինքդ քեզ Մեսիա ես հռչակում և պնդում ես, որ Իսրայելի խոստացած փրկիչն ես, վերջապես ուզում ենք իմանալ, թե ե՞րբ պիտի ձեռնարկես փրկության գործը։ Մի քանի տարի եղավ արդեն, ինչ շրջեցիր, քարոզեցիր, ավետեցիր և հրաշալի գործեր էլ կատարեցիր Գալիլիայում, Բերեայում և Հրեաստանում, սակայն դեռ չտեսանք մեր սպասած Երկնային Արքայության գործը։ Վերջապես ուզում ենք իմանալ, դեռ որքա՞ն պիտի սպասենք, ե՞րբ պետք է գա խոստացածդ Արքայության ժամանակը»։
Փարիսեցիները մի այնպիսի բան էին հարցնում, որ բոլորովին հեռու էր Հիսուսի մտքից և նպատակից։ Իր քարոզած Երկնային Արքայությունը տարբեր էր հրեաների նախապաշարված մտքի սպասածից, հետևաբար, հարկ է համարում բացարձակ կերպով հեռացնել նրանց մտքից իրենց սխալ ըմբռնումը․ «Իմ քարոզած Երկնային Արքայությունը, ձեր կարծածի պես արտաքին և աշխարհային բան չէ, այն փրկությունը, որ պետք է ձեզ տամ, ձեր իմացած փրկությունը չէ, այստեղ կամ այնտեղ, հիմա կամ հետո հայտնվող բան չէ։ Իմ Արքայությունն արդեն եկել է, բայց եկել է սրտերի և հոգիների մեջ, և եթե դուք էլ լավ մտածեք, կտեսնեք, որ իմ քարոզած Երկնքի Արքայությունը հայտնվել է ձեր սրտերում»։ Այստեղ ցանկանում ենք ասել, որ մեր թարգմանության մեջ գործածված «ոչ գայ խտրանօք» բացատրությունը ճշտությամբ չի տալիս բնագրի իմաստը, որ ավելին է նշանակում «ոչ գայ նշմարելով», այսինքն՝ տեսանելի կերպով և արտաքին կերպարանքով։
Այս վճռական խոսքից հետո, Հիսուս Իր աշակերտների ուշադրությունն էլ հրավիրելով, բացատրում է, որ Իր Արքայության գալուստը չպետք է փառավոր և հաղթական լինի, այլ ընդհակառակը՝ ցավերի ու նեղությունների օրեր պետք է տեսնեն, ամեն տեսակ տագնապների պետք է հանդիպեն և Երկնքի Արքայության, այսինքն՝ Ավետարանի վերջնական և հիմնական հաստատվելը և Հին Օրենքի փոխանակելը Նոր Օրենքով պետք է շատ դժվարություններով իրականանա։ Այս միտքը Հիսուս զարդարում է զանազան փոխաբերություններով և ընդլայնում տարբեր օրինակներով, որպեսզի Ավետարանի իսկությունն ավելի զգալի դարձնի և լավ տպավորի մերձավորների մտքում և թոթափի նրանց մտքից նախապաշարված ակնկալությունները։
«Գուցե,- ասում է,- դուք հույս ունեք, որ ժամանակ անցնելով Մարդու Որդու փառավոր օրերը կտեսնեք․ գուցե փափագում էլ եք սկզբից փառքի օրերին հասնել, բայց ոչ, ո՛չ փափագեք և ո՛չ էլ սպասեցեք․ այդպիսի օրեր չպետք է տեսնեք, այդ տեսակ արտաքին փառքի օրեր չեն գա։ Եվ եթե ձեզ երբևէ այդպիսի բաներ ավետողներ լինեն, սուտ է, մի՛ հավատացեք․ այստեղ է, այնտեղ է ասելով, գուցե ուզեն ձեզ խաբել, չլինի այնպես, որ նրանց ասածները լսեք, կամ նրանց հետևից գնաք։ Մարդու Որդու փայլը պետք է հանկարծակի լինի, ինչպես հանկարծ կայծակն է փայլատակում երկնքում․ լույս կերևա, բայց ոչ տևական և ուրախ, այլ, ընդհակառակը, փոթորկի և տեղատարափի նշան է։ Մարդու Որդու հայտնությունն էլ դրա պես պետք է լինի։ Սակայն այդ փայլից առաջ Մարդու Որդին շատ չարչարանքներ պիտի կրի և պիտի նախատվի ու մատնվի, նույնիսկ իր ժողովրդից։ Իր հանկարծակի փայլով երևալուց հետո էլ հանգիստ ու արտաքին վայելք չպետք է պատրաստած լինի իր մերձավորների համար։ Աշխարհն էլ, որ անհոգ է, փոխանակ դրանից օգտվելու, իր անհոգության և անհաշտության պատիժը պիտի կրի, ճիշտ այնպես, ինչպես եղավ Նոյի ժամանակ։ Աշխարհը զբաղված էր ուտելով և խմելով, խառնակ կյանք անցկացնելով և պղծության մեջ լողալով։ Նոյի խրատները չլսեցին, հանկարծ երկնքից սկսեցին որոտալ փայլակներ ու կայծակներ, Նոյը մտավ փրկարար տապանը, բայց աշխարհը ջրհեղեղից խորտակվեց և կործանվեց։ Մարդու Որդու փայլն էլ պետք է լինի Ավետարանին չլսող աշխարհի կորսվելու, խորտակվելու նշանը։ Ինչ-որ Նոյի օրոք եղավ, Ղովտի օրոք էլ կրկնվեց։ Այն ժամանակ էլ ուտում ու խմում էին, առնում ու վաճառում էին, տնկում ու կառուցում էին, զեխությամբ, չարաշահությամբ և աշխարհասիրությամբ էին ժամանակ անցկացնում, Ղովտի ազդարարությանը ուշադրություն չդարձրին, Ղովտը Սոդոմից դուրս եկավ, ծծումբ ու կրակ սկսեց անձրևել երկնքից և Սոդոմն ու Գոմորը, Ադամաան ու Սեբոյիմը ամբողջ բնակչությամբ այրվեցին ու կործանվեցին։ Նույնը պետք է պատահի, երբ Մարդու Որդին հայտնվի, և իր Ավետարանը վերջնականապես հիմնվի։ Այդ տագնապալից պահին, երբ մեկը տանիքի վրա լինի, և իր ունեցածը տան մեջ է, թող ունեցածը վերցնելու համար ներքև չիջնի, որովհետև, ժամանակ կորցնելով, վտանգի կենթարկվի․ ով արտում աշխատելուց լինի, նա էլ թող քաղաք չվերադառնա։ Միտքներդ բերեք ետ դարձող կնոջը, Ղովտի կնոջ օրինակը հիշեցեք։ Ով ուզում է իր կյանքն ազատել, թող հանգստի ու կարիքների մասին չմտածի, որովհետև ով այդպիսի բաների մասին չի մտածում, նա ազատում է իր կյանքը։ Այն սարսափելի օրվա տագնապը այնպիսի անակնկալներ պիտի ունենա, որ մի անկողնում պառկող երկու անձերից մեկը պիտի ազատվի, իսկ մյուսը՝ վտանգվի․ մի աղորիքում գտնվող երկու աշխատողներից մեկը պիտի ազատվի, իսկ մյուսը՝ վտանգվի․ մի արտում կողք-կողքի աշխատող երկու մշակներից մեկը պիտի ազատվի, իսկ մյուսը՝ վտանգվի։ Պիտի ազատվի նա, ով կհետևի իր անձի փրկությանը, պիտի վտանգվի նա, ով կգա աշխարհի բարիքների և տան կամ քաղաքի մեջ ունեցածի հետևից»։
Աշակերտներն ու ունկնդիրները Հիսուսի կենդանի նկարագրությամբ հայտնած երևույթներից շփոթված, սաստիկ տպավորության ներքո ցանկանում էին իմանալ, թե ե՞րբ և որտե՞ղ պետք է տեղի ունենան այդ բաները․ «Յո՞ Տէր»։ «Չէ՞ որ,- ասում է Հիսուս,- արծիվները դիակի հետևից են գնում․ նրանք, որ գնում են դիակ դարձած աշխարհի հետևից և չեն հետևում Ավետարանի կենդանի քարոզությանը, նրանց բախտն էլ կորուստ կլինի»։ Դիակն աշխարհն է, որ չունի Աստծու կենդանի և կենդանարար հոգին։ Շաղղակեր 1 արծիվներն էլ աշխարհի ունայնություններով ու պղծություններով կշտացող աշխարահասեր մարդիկ են, ովքեր չեն սիրում և չեն փնտրում Ավետարանի կենդանի և կենդանարար վարդապետությունները։
Այդ նկարագրություններից հետո մենք պետք է պարզաբանենք թե Հիսուս ո՞ր հանգամանքի, ո՞ր մեսիական գալստյան, Երկնային Արքայության ո՞ր հայտնության մասին է խոսում։ Հիսուս հաճախ ակնարկում է Իր գալստյան մասին, բացատրում, հայտնում է Ավետարանի սկսվելը, ընդարձակվելը և, վերջնականապես, հաստատվելն ու տիրելը։ Այդ գալստյան մասին մի անգամ էլ ակնարկեցինք (Մատթ. 16:20-28), և նույն նյութի ավելի ընդարձակ բացատրությունը թողեցինք ուրիշ հոդվածի համար, այստեղ էլ կրկնենք և այդ բացատրությունը պետք է թողնենք Տարճարի ավետարան կոչված հատվածների պարզաբանությանը։ Սակայն գոնե թեթևակի բան ասած լինելու համար, պետք է իմանալ, որ ավետարանը վերջապես հիմնվեց և Մարդու Որդին փայլեց Իր գործի հաստատությամբ։ Հիսուս, աշխարհից մեկնելուց հետո, երբ տաճարը կործանվեց, Հին Օրենքը կորցրեց իր հիմքերը, և հաստատվեց Նոր Օրենքը, տիրապես հռչակվեց Երկնքի Արքայությունը կամ քրիստոնեությունը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: