Մաղաքիա արք. Օրմանյան
37-38․ Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց: Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար:
Հռոմեական 783 թվականի ապրիլի 4-ը և նիսանի 12-ի երեքշաբթի շատ նշանավոր օր է եղել Հիսուսի կյանքում, ինչպես որ վայել է քարոզությունների վերջին օրվան: Բեթանիայից Երուսաղեմ ուղևորության ժամանակ բացատրել էր թզենու չորանալու խորհուրդը, տաճարում հայտնել էր Իր երկնային իշխանության ծագումը, խոսել էր երկու որդիների, չար մշակների և հարսանյաց սեղանի առակները, պատասխանել էր տուրքի և հարության և մեծ պատվիրանի վերաբերյալ տրված հարցերին, փարիսեցիներին ուղղել էր Դավթի և Դավթի որդու մասին հարցը, սաստկորեն հանդիմանել և վա~յ ասել կեղծավորների հասցեին, գովել էր այրու լուման, լսել հեթանոս ուխտավորների բաղձանքը և հռչակել Իր մեսիական գործունեության ավարտը` հայտնելով Իր խաչելությունը, իմացնելով Նոր Ուխտի հաստատումը և գուշակելով Հին Ուխտի անկումն ու տաճարի կործանումը: Լրացել էր Հիսուսի գործունեությունը և սկսվում էր Իր մահվան փրկագործ տնօրինությունը: Այդ երեկո Հիսուս չանցավ Ձիթենյաց լեռան մյուս կողմը, չգնաց Բեթանիա, ուր հայտնի էր Իր օթևանելու տեղը, ուզեց որ ոչ ոք չիմանա, թե որտեղ է գտնվում, որպեսզի Իր վրա ապահովությամբ չհարձակվեն և բռնությամբ կամ խաբեությամբ չձերբակալեն, այլ, լավագույն համարեց թաքնվել լեռան մի կողմում և յուրայինների հետ բոլորից ծածկված մնալ: ովհաններսը գրում է. «Չոգաւ թաքեաւ ի նոցանէ». Իսկ Ղուկասը բացատրում է, թե «Ագանէր ի լերինն որ կոչեր Ձիթենեաց»:
Լուսնային նիսան ամսվա 13-ի նախորդ գիշերն էր: Գրեթե լրացած լուսինը լուսավորում էր Երուսաղեմ քաղաքը: Հիսուս, առաքյալների հետ միասին, քաղաքի հանդիպակաց Ձիթենյաց լեռան գագաթից դիտում էին հռչակավոր քաղաքը, որի մասին այնչափ մեծ կարծիք ունեին և այդչափ տխուր գուշակություններ: Մեկնիչներից ոմանք կարծում են, որ Հիսուսի մարգարեական խոսքերը Երուսաղեմի մասին, ինչը քիչ հետո պիտի բացատրենք, հնչել են երեքշաբթիից մինչև չորեքշաբթի գիշեր, երբ լուսնի լույսով քաղաք էին դիտում: Այս միտքը գեղեցիկ է և կատարելապես բանաստեղծական, բայց չենք կարծում, որ իսկապես պատմական էլ լինի: Ավետարանում ամենևին ակնարկ անգամ չկա գիշերային խոսակցության մասին, ընդհակառակը, Ղուկասի օգտագործած ագանէր բառը ցույց է տալիս, որ այն գիշերը անց են կացրել Ձիթենյաց լեռան վրա, ձիթենիների հովանու ներքո, կամ քարաժայռերի խոռոչներից կազմված պատսպարաններում: Այս գիշերը Հիսուսի և իրենների համար հանգստի վերջին գիշերն էր, եթե կարելի էր սաստիկ հուզված սրտերին կատարյալ հանգիստ վայելել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: