Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։17

Մաղաքիա արք. Օրմանյան

Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի  գլուխ 11:15
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր»:
 
    Լումայափոխների ագահության պատճառով Նա տաճարը «ավազակների որջ» է անվանում։ Ավազակների ցեղը նվիրված է թալանին: Եվ քանի որ տաճարում վաճառողները հանուն իրենց շահերի զբաղվում էին զոհաբերության համար նախատեսված կենդանիների վաճառքով, ուստի կոչվում էին ավազակներ: Լումայափոխները  փողի փոխանակմամբ էին զբաղվում: Տերը որպես նրանց մեղադրող է ներկայացնում նաև Եսայիա մարգարեին, որն ասում է. «Իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղոթքի Տուն պիտի կոչվի» (Ես. 56։7)։

    Պետք է աղոթենք, որ մենք ևս չվտարվենք եկեղեցուց: Քանի որ շատերն էլ լավը վաճառելու և վատը գնելու համար նաև մեր եկեղեցի են գալիս: Կան նաև այնպիսինները, որոնք կազմակերպում և ղեկավարում են եկեղեցական գործերը, ունեն փողերով լի սեղաններ։ Նրանք ամեն ինչ անում են՝ իրենց շահերից ելնելով: Շրջվում են նաև աղավնեվաճառների աթոռները, այսինքն՝ հոգևոր շնորհներ վաճառող եպիսկոպոսների գահերը, քանի որ աղավնին Սուրբ Հոգու պատկերն է: Թող Տերը հիերարխիայից վռնդի նման սրբին, որովհետև անիծյալ է նա, ով փողի դիմաց է ձեռնադրում: Նմանապես իր աղավնուն վաճառում է նաև նա, ով մկրտության ժամանակ ստացված շնորհն ու մաքրությունը սատանային է վաճառում:  Դրա համար էլ նա վտարվում է Եկեղեցուց:
 

Ա․ Լոպուխին

Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր»: (Սինոդական թարգմ․) [17]

 
    «Եվ ուսուցանում էր նրանց»։ Միայն Մարկոս ավետարանիչն է այսպիսի դիտողություն անում՝ իհարկե, ցանկանալով ցույց տալ, որ Տերը, հրեաների խիստ դատավոր լինելով հանդերձ, միևնույն ժամանակ  նրանց հանդեպ ունեցած մեծ սիրո պատճառով չի դադարում խրատել նրանց:
--------------------------------
[17] (Էջմիածին թարգ․) Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»:
(Արարատ թարգ․) Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝ "Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի" ։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»։
(Գրաբար) Ուսուցանէր զնոսա եւ ասէր. Գրեալ է, թէ տունդ իմ տո՛ւն աղաւթից կոչեսցի ամենայն հեթանոսաց, եւ դուք արարէք զդա ա՛յրս աւազակաց: