Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 16:10

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

10-11. Եւ սա գնաց ու պատմեց նրանց, որ Յիսուսի հետ էին եւ դեռեւս սգում ու լաց էին լինում: Երբ նրանք լսեցին, թէ նա կենդանի է եւ երեւացել է Մարիամին, չհաւատացին:
   
    Տասնմեկը, հավաքված վերնատանը, շփոթված ու անորոշ վիճակում էին, Հիսուսից բաժանված, անտեր ու անտերունչ մնացած։ Ողբում էին իրենց վիճակը։ Այնքան բարիք գործելուց հետո, Հիսուս ապաշնորհ ու ապերախտ թշնամիների ատելության զոհն էր գնացել։ Նրա մահն էին սգում։ Հիսուսի մարմինը գողացված էր, մտածում էին, թե նախատվել է սիրելի վարդապետի հիշատակը։ Իրենցից երկուսը գնացել էին գերեզման ու վերադարձել, սակայն ստույգ ոչինչ չէին իմացել, գողության ենթադրությունն անհավանական էր թվում, բայց ուրիշ հավանական բացատրություն էլ չէին գտնում։ Հարության մասին խոսքեր վաղուց էին եղել, բայց թե հարություն առնելն ի՞նչ բան է և ի՞նչպես է լինում, չգիտեին։ Այսպես տխուր ու տրտում, տարտամ ու անորոշ «լացին եւ սգացին»։
    Եվ ահա ուրախության ձայներ են հասնում ականջներին, յուղաբերներն են, որ ուրախ ու զվարթ վերնատուն են բարձրանում, խնդումերես ու ծիծաղկոտ շտապում են ավետիս տալ. «Հիսուսի մարմինը գողացված չէ։ Հիսուս Հարություն է առել։ Հիսուս կենդանի է»։ «Քրիստոս յարեա՜ւ»,- գոչում են յուղաբերները միաբերան։ Բայց առաքյալները կասկածամիտ են ու թերահավատ։ Ո՜վ գիտի, թե այդ կանայք ի՛նչ են տեսել և ի՛նչ հասկացել, ի՛նչ են լսել և ինչի՛ն հավատացել, և հետաքննող հարցերով նեղում են յուղաբերներին։ Նրանք սկսում են պատմել հրեշտակների ավետիսների, տրված հանձնարարությունների, լուսավոր կերպարանքի ու հրաշալի տեսիլքի մասին։ Բայց առաքյալները դժվար են հավատում երևակայությունները բորբոքված այդ տկար արարածների ասածների վրա։ Երևում է, թե նրանք բաց աչքով երազ են տեսել կամ քնել են գերեզմանի առջևն ու երազել։ Յուղաբերներն սկսում են պատմել, որ նույնիսկ տեսել են Հիսուսին, ինչպես էր Նրա կերպարանքը, ձայնը, ասածը ինչ էր. բռնել են ոտքերը, շոշափել ու համբուրել։ Ի վերջո, կույր չեն իրենց աչքերը, խուլ՝ ականջները, անզգա՝ ձեռքերը, անշուշտ կարող են որևէ բան իմանալ ու իմացածները՝ ստուգել։ Մագդաղենացին առաջ է անցնում և մանրամասնորեն ու եռանդուն ոճով պատմում իր հետ պատահած մասնավոր երևումը, սակայն առաքյալները դեռևս հավատալուն հակված չեն։ Ամեն մեկը յուղաբերներից մեկին առանձնացնում է, դատական քննիչի նման բծախնդրորեն հարցաքննում և ստացած պատասխանները բաղդատում ընկերոջ ստացածի հետ։ Պատմությունը նույնն է, եղելությունները՝ միօրինակ պատմված։ Վկաները միմյանց չեն հակասում, բայց առաքյալները դեռևս դժվարանում են հավատալ, հարությանը վերաբերվող կետը մտքներում տեղ չի գտնում, ոչ մի կերպ գլուխները չի մտնում։ Յուղաբերների բոլոր ասածները «երեւեացն առաջի նոցա շաղփաղփութիւն, եւ չհաւատացին նոցա»։
    Վերնատան այս հանդիպումը կացությունը պարզելու փոքրիկ նշույլ է տալիս։ Բայց իրավիճակը տակավին չի պարզվում, մտքերը չեն հանդարտվում։