Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 16:12

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յետոյ Յիսուս այլ կերպարանքով երեւաց նրանց, որոնք հանդ էին գնում:
   
    Հարության միաշաբաթի օրը տեղի ունեցած երևումների շարքում նշանավոր տեղ է գրավում Էմմավուս գնացող երկու աշակերտներին շնորհված երևումը, որի մասին ընդարձակ պատմում է Ղուկասը և ակնարկվում է նաև Մարկոսի հավելված հատվածում։ Սակայն Էմմավուսի տեղն ու անունը ճշտելու հարցում մեկնիչների մեջ մեծ խնդիր կա, որի պատճառը թե՛ ձեռագրերում և թե՛ թարգմանություններում նշված Էմմավուսից Երուսաղեմ ընկած տարածության հարյուր ասպարեզ տարբերությունն է։ Մի խումբ գրագրիչներ, ավելի հնագույններ և հին հայրեր, ինչպես նաև մեր հայերեն թարգմանությունը գրում են, «որ հեռի էր Երուսաղէմէ հարիւր եւ վաթսուն ասպարիզաւ» մինչ մյուս կողմից գրագրիչների մի ուրիշ խումբ, որոշ հիշատակություններ ու թարգմանություններ, որոնցից գլխավորը լատիներենն է, ունեն միայն «որ հեռի էր Երուսաղէմէ վաթսուն ասպարիզաւ»։ Լատին մեկնիչները, հենվելով իրենց թարգմանության անխախտ ու անաղարտ լինելու մասին Տրիտենյան ժողովի որոշումից, մինչև վերջին ժամանակները Երուսաղեմից վաթսուն ասպարեզ կամ գրեթե վաթսուն ասպարեզ, այսինքն՝ յոթուկես հռոմեական մղոն հեռավորության վրա փորձեցին գտնել Էմմավուսը։ Եվ ճիշտ և ճիշտ այդ անունը չգտնելով՝ նմանությամբ կամ մերձավորությամբ, Երուսաղեմի զանազան կողմերում գտնվող և այժմ Օրթաս, Խամսե, Պեթմիզե կամ Մոզա, Քոլոնիե, Պեյթուլմա կոչվող վայրերը Էմմավուս համարեցին և յուրաքանչյուրին պաշտպանող հատորներ գրեցին։ Սակայն հին հիշատակություններում համանուն մի վայր ենք միայն գտնում, որ է Էմմավուս կամ Ամուսա կոչված քաղաքը՝ երբայեցերեն, ասորերեն ու հունարեն հնչմամբ, որ լատիներենում Ամմաում, իսկ հայերենում՝ Ամավիա է գրված Ա. Մակ. 9:50: Այն Երուսաղեմից մոտավորապես հարյուր վաթսուն ասպարեզ է հեռու կամ տասնութ հռոմեական մղոն։ Այժմյան մեկնիչների մեծամասնությունը, նույնիսկ լատիններից ընտրագույնները, ավետարանի Էմմավուսը այդ Ամուսա քաղաքն են համարում, որ երբեմն Նիկոպոլիս է կոչվել և գերադասում են ավետարանի հարիւր վաթսուն ասպարեզ ընթերցվածը․ ըստ հին գրչագիրների և հեղինակների վկայությունների, այդ ընթերցվածն ավելի վավերական է ու բնագրին ավելի մոտ։ Մանավանդ, որ վերևում, իբրև Էմմավուս հիշատակված վայրերը վաթսունից շատ քիչ, անգամ երեսուն ասպարեզ են հեռու Երուսաղեմից։ Մնում է միայն նույն օրը Էմմավուսից Երուսաղեմ գնալու և վերադառնալու ժամանակը համեմատել նշված հեռավորության հետ։ Արդ, հռոմեական տասնութ մղոնը քայլելով կարելի է անցնել երեք ժամում։ Մեր կարծիքով, Էմմավուսը մոտավորապես 160, իսկ իրականում 150 ասպարեզ հեռու լինելով, ժիր ու տոկուն քայլողների դեպքում, եթե նաև քայլելու աճապարանք ունենան, կարելի է այդ ճանապարհն անցնել նույնիսկ երեք ժամից էլ պակաս ժամանակահատվածում։ Այսպիսով հինգ կամ առավելագույնը վեց ժամը բավական է գնալու և վերադառնալու համար և այս ճամփորդությունը մեկ օրում իրականացնելն անհնար չէ։ Այժմ պատմենք երևման մասին։
   Հարության Միաշաբաթ օրը Հիսուսի աշակերտներից երկուսը դուրս էին եկել Երուսաղեմից և գնում էին դեպի Էմմավուս։ Իրենց խոսակցության նյութը վերջին օրերի դեպքերն էին․վարդապետի գլխին եկածը, խաչվելը, թաղվելը, նույն առավոտյան գերեզմանի դատարկ լինելը։ Այս երկուսից մեկը Կղեովպասն էր, շատերի կարծիքով Տյառնեղբայրների հայրը և յուղաբեր մյուս Մարիամի ամուսինը։ Երկրորդը Հովսեփ աստվածահոր եղբայրն էր, այսինքն՝ Հիսուսի համար մերձավոր մեկը։ Չմոռանանք ասել, որ ոմանք կարծում են, թե նա համանուն աշակերտն էր։ Ոմանք էլ հենվելով ավետարանիչներին բնորոշ սովորության վրա՝ այն է սեփական անձը թաքցնելը, ուշադրություն
դարձնելով եղելության մանրամասնորեն նկարագրված լինելու փաստին, հորդորվեցին ասել, թե այդ երկրորդը հենց ինքը՝ Ղուկաս ավետարանիչն էր։ Սակայն շատերը Ղուկասին ճանաչում են որպես անտիոքացի, և Հիսուսի կենդանության ժամանակ Նրան չէր կարող աշակերտած լինել։ Սրան հակառակ, ոմանք էլ կարծում են, թե ծնվել է Գալիլիայում, բայց կրթություն ստացել Անտիոքում։ Ըստ մի ուրիշ հին ավանդութան, Կղեովպասի ընկերը համարվում է հենց ինքը՝ Սիմոն Տյառնեղբայրը՝ Կղեովպասի որդին։ Ամենահավանականը ճշտել չենք կարող։
   Երբ Կղեովպասն ու ընկերը տաքացած խոսում էին, ճանապարհին իրենց է մոտենում մի երրորդ ուղևոր։ Ո՛չ անունն է ասում, ո՛չ էլ ճանաչվում է մյուսներից և սկսում է խառնվել նրանց խոսակցությանը՝ հարցնելով, թե ինչի՞ մասին են զրուցում, ինչու՞ են տխուր, ո՞վ է իրենց հոգս պատճառել կամ ի՞նչ ցավ ունեն։ Կղեովպասը, զայրանալով այսպիսի անտարբեր ու անգիտակ հարցերից, բարկությամբ է պատասխանում անծանոթ ուղեկցին․ «Երևում է, որ Երուսաղեմում միայն դու՛ տեղյակ չես այս վերջին օրերին կատարված նշանավոր ու զարմանալի եղելություններին։ Կարծես թե Երուսաղեմում չես ապրում»։ «Ի՞նչ է եղել որ», - պատասխանում է անծանոթ ուղևորը։ «Ի՞նչ պիտի լինի,- ասում է Կղեովպասը,- Հիսուս Նազովրեցու գործը։ Մի՞թե չես իմանում, թե ինչպիսի մեծ ու նշանավոր մարգարե էր, ուներ աստվածային զորություն, անթիվ, անհամար հրաշքներ էր կատարում, ոչ ոք չէր կարող դիմանալ Նրա երկնային քարոզություններին, ընդունելի ու սիրելի էր Աստծո առջև, ժողովուրդը խմբովի գնում էր Նրա հետևից։ Բայց մեր ժողովի իշխանավորներն ու քահանայության ղեկավարները նախանձեցին, հակառակվեցին,հետևից ընկած հալածեցին, մինչև որ հաջողվեց որպես մահապարտի ամբաստանել դատավորի առջև, խաչի դատապարտել տալ ու մեռցնել։ Մենք ամենքս, ողջ ժողովրդի հետ, վստահ ենք, որ ինքը Իսրայելի ժողովրդին ազատող խոստացյալ Մեսիան է, բայց այդ վախճանը մեզ շփոթեցրեց։ Արդեն երեք օր է անցել, բայց դեռ որևէ նոր բան չտեսանք։ Հույս ումեինք, որ մի նոր հրաշքով իրականություն պիտի դառնար մեր սպասածը։ Այս առավոտ մեր կանանցից ոմանք գերեզման գնացին և այն դատարկ գտան։ Ասում են, թե նրանց հրեշտակներ էլ են երևացել և հաղորդել Հիսուսի կենդանության լուրը։ Դրանից հետո մեզանից ոմանք գերեզման գնացին՝ իսկությունը ճշտելու և համաձայն կանանց ասածի, գերեզմանը դատարկ գտան, բայց ո՛չ հրեշտակ տեսան և ո՛չ էլ՝ Հիսուս։ Այնպես որ, մենք էլ չգիտենք, թե ո՞րն է ճշմարիտը։ Հիսուս չի՞ մահացել կամ կրկին կենդանացե՞լ է, ու՞ր է հիմա։ Անհամբերությամբ կամենում ենք ժամ առաջ իմանալ ճշմարտությունը»։
   Անծանոթ ուղեկիցը, Կղեովպասի խոսքերը համբերությամբ լսելուց հետո, սկսում է մեղադրական տոնով պատասխանել․ «Տեսնում եմ, որ դուք բոլորովին տգետ եք և անտեղյակ Սուրբ Գրոց պատգամներին ու մարգարեություններին, որովհետև մեսիական գուշակությունների մասին ամբողջությամբ մտացածին ու աշխարհական գաղափար եք կազմել։ Մեսիայի գալստից մեր ակնկալած փրկությունը Իսրայելի ազգի քաղաքական ազատությունը չէ, այլ ողջ մարդկության ընդհանուր ու հոգևոր ազատությունն է, որին կարելի է հասնել՝ փշրելով հոգիներին ծանրացած մեղքի ու սատանայի շղթաները։ Եթե լավ քննենք մարգարեներին, ապա կիմանանք, որ Մեսիան պիտի նեղություն կրեր, չարչարվեր, սպանվեր, բայց հենց մեռնելով էլ պիտի տաներ իր փառավոր հաղթանակները։ ՈՒստի Նազովրեցի Հիսուսի խաչվելն ու մեռնելը նրա մեսիայությանը բոլորովին հակառակ չեն։ Անշուշտ նա պիտի հարություն առներ ու պիտի տաներ հոգևոր հաղթանակը։ Ուրեմն կանանց ուղղված հրեշտակի խոսքերը չպիտի դատարկ խոսքերի պես ընդունեք։ Դուք էլ, որ Նազովրեցու աշակերտներն եք, թուլասիրտ պետք է չլինեք, հուսահատվելու առիթ չունեք։ Պետք է հավատարիմ մնաք Նրան, որպեսզի տեսնեք Նրա նոր փառավորությունը»։ Անծանոթ ուղեկիցն այսպես և էլ ավելի ընդարձակ էր բացատրում մեսիական խնդիրը և իր խոսքերը հաստատում էր Մովսեսի, Եսայու, Դանիելի և ուրիշ մարգարեների վկայությունները հիշելով ու մեկնաբանելով։
   Այս խոսակցությունները երկարեցին անշուշտ Կղեովպասի ու ընկերոջ կողմից եղող ընդմիջումների ու հարցումների պատճառով։ Ի վերջո երեքն էլ մոտեցան Էմմավուսին, ուր Կղեովպասն ու ընկերը պիտի մնային, իսկ անծանոթ ուղեկիցն արդեն հայտնել էր ավելի հեռուն գնալու մասին։ Կղեովպասը, սիրելով անծանոթ ուղեկցին, խոսքերից հասկանալով, որ հմուտ ու կարող անձ է, ցանկացավ չբաժանվել նրանցից, մի փոքր էլ վայելել նրան և առաջարկեց, որ այդ օրն իրենց մոտ հյուրընկալվի․ «Կեսօրն անցավ, մոտենում է երեկոն, ուրիշ տեղ գնալու համար ուշ է, ե՛կ այս գիշերը մեզ հետ անցկացրու, հոգնած էլ կլինես, մեզ մոտ հանգստացիր և վաղն առավոտյան կշարունակես ճանապարհդ»։ Ուղեկիցը մի փոքր դիմադրեց, բայց Կղեովպասն ու ընկերը վրա տվեցին։ Վերջապես, ընդունեց առաջարկված հյուրասիրությունը և Երեքով միասին իջան Եմմավուսում գտնվող Կղեովպասի օթևանը և հանգստացան։
    Քանի որ ճանապարհից էին եկել, իսկույն սեղան դրվեց, կերակուր բերեցին և երեք ուղևորները սեղան նստեցին։ Հին հյուրասիրության սովորություն էր, հյուրին ընդունել և կերակրել որպես հյուր՝ առանց ո՛վ լինելը հարցնելու։ Այսպես էլ վարվեց նաև Կղեովպասը։ Հենց սեղան նստեցին, անծանոթը, որ արդեն որպես իմաստուն ու պատվավոր մարդ էր ճանաչվել, առաջինն ինքը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց ու, նահապետական սովորության համաձայն, տվեց սեղանակիցներին։ Հազիվ էին Կղեովպասն ու ընկերը վերցրել հացը և պիտի ճաշակեին, հանկարծ տեսարանը փոխվեց։ Անծանոթ ուղեկիցն իրենց շատ ծանոթ կերպարանք ստացավ, Հիսուս Ինքն էր՝ ծանոթ կերպարանքով ու տարազով, ում մինչ այդ վայրկյանը բոլորովին չէին ճանաչել։ Ճանաչելուն պես շտապում են Նրան պարտ ու պատշաճ հարգանք մատուցել, երբ երևումը դադարեց․ ո՛չ Հիսուս կար այլևս, ո՛չ էլ անծանոթ ուղեկիցը, այլ մնացել էին երկուսով միայնակ և ապշած միմյանց էին նայում։ Զարմանում էին, թե ինչպես մինչև այդ պահը չէին կարողացել ճանաչել Հիսուսին։ «Բայց կարծես թե, - ասում էին միմյանց,- նախազգում էինք, երբ ճանապարհին մեզ հետ խոսում էր այնքա՜ն բարձր ու այնքա՜ն անուշ։ Կարծես թե սրտներիս մի քաղցր հուզմունք էր իջնում՝ սիրտք մեր ճմլէին ի մեզ: Չէ՞ որ անսովոր զարմանք էինք զգում, երբ այնպես ճոխ ու հստակորեն բացատրում էր մարգարեությունները։ Առանց ասելու էլ հասկանում էինք, որ մեր անծանոթ ուղեկիցը սովորական մեկը չի։ Կարծես թե ինքն Հիսուս էր, որ կրկնում էր իր երկնային քարոզությունները։ Չգիտենք, թե ինչու չարթնացանք, չկարողացանք մտածել, որ մեր ուղեկիցը չի կարող Հիսուսից տարբեր մեկը լինել»։
   Նորօրինակ տեսիլքն ու Հիսուսի երևալը նրանց ստիպեց մտափոխվել, ետ կանգնել Էմմավուսում գիշերելու մտքից, հապճեպորեն վերադառնալ Երուսաղեմ, առաքյալներին ու մյուս աշակերտներին լուր տանել, թե Հիսու իրոք ողջ է և իրենք նույնպես տեսել են Նրան։