Մաղաքիա արք. Օրմանյան
22-26․ Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան: Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է: Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»: Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր: Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես,
Հիսուս և առաքյալները հասնում են Բեթսայիդա, բայց ավետարանը չի նշում, թե Նրան դիմավորում է բազմությունը և թե ամեն կողմից հիվանդներ ու ախտավորներ են խռնվում: Պատճառը մասամբ հիսուսի գաղտնի շրջելու ցանկությունն էր, մասամբ էլ՝ գալիլիացիների սրտում տեղ գտած սառնությունը: Անյուհանդերձ, չի կարելի ասել, թե բոլորովին ոչինչ չարեց, որովհետև պատմվում է մի կույրի բժշկելու մասին: Գիտենք նաև, որ ավետարանիչները նշանավոր պատահարներին են միայն առանձնակի անդրադարձել: Կույրին բերողները հավատում էին, թե Նա, ձեռքով հպվելով, կարող է աչքերը բացել: Ուստի շատ չափավոր և կատարյալ վստահությամբ են աղաչում, «զի մերձեսցի ի նա» (որովհերև մերձեցա նրա հետ): Երբ կույրին ներկայացրին, Հիսուս քաղաքում էր: Նա չէր կամենում այնպիսի տպավորություն թողնել, թե իբր ի ցույց է կատարում բժշկությունները, այլ լոկ ուզում էր հավատքով դիմողներին վարձատրել: Հետևաբար Ինքն է բռնում կույրի ձեռքից և առաջնորդում քաղաքից դուրս, առանձնացյալ մի վայր:
Այնտեղ հասնելով՝ նախ թքում է կույրի աչքերին, հետո ձեռքը դնում վրան և հարցնում, թե ինչ է տեսնում: Կույրի աչքերը բացվում են, տեսնում է զանազան շարժուն առարկաներ, որոնք պտտվում են ուրիշ հաստատուն առարկաների շուրջը: Դեռևս չի կարողանում առարկաները, ծառն ու մարդը լավ և հստակորեն տարբերել: Երևում է, որ Հիսուս ծառաստանի մոտ էր կանգ առել, իսկ եղած մարդիկ Նրա աշակերտներն էին: Բայց կույրի համար ամենքն էլ միմյանց նման երկար բաներ էին. ծառեր, որ կանգնած էին և ծառեր, որ շարժվում էին, որոնք, իր համոզմամբ, անշուշտ, մարդիկ պիտի լինեին. «Տեսանեմ զմարդիկ, զի շրջին իբրև զծառս» (Տեսնում եմ մարդկանց, որ քայլում են ինչպես ծառերը): Կույրի աչքը բացվել էր, բայց հստակ չէր տեսնում: Հիսուս մի անգամ էլ է ձեռքը վրան դնում, և տեսողությունը կատարելագործվում է: Կույրն արդեն բոլոր առարկաները պարզ տարբերակում է և ամեն ինչ ազատորեն տեսնում: Անշուշտ, նրա առաջին գործը Հիսուսին սրտագին շնորհապարտություն հայտնելն էր:
Հիսուս հրամայում է նրան, որ քաղաք վերադառնալիս լուռ ման: Քաղաք մտնելով՝ ուղիղ իր տունը գնա, իսկ երբ անհրաժեշտաբար քաղաքով անցնի կամ քաղաք գնա իր գործի կամ պետքերի համար, ապա ոչ ոքի չպատմի: Արգելքի պատճառը նույնն է, ինչը որ քանիցս բացատրել ենք: Եթե հրեաները ցանկանային հավատալ, ապա համոզվելու բավականին փաստեր ունեցան, նոր փաստ ավելացնելու կարիքը չկար, իսկ ուր պետք չկար՝ հռչակելու կարիքն էլ չկար:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան:
Կարծես, Բեթսայիդան և Քորազինն էլ էին մեծ անհավատությամբ տառապում, որի համար էլ Քրիստոս նաև նրանց է նախատում, ինչպես և ասում է․ «Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդոնում տեղի ունեցած լինեին այն զորավոր գործերը, որ ձեր մեջ արվեցին, վաղուց արդեն քուրձով և մոխրով ապաշխարած կլինեին» (Մատթ. 11։21): Տիրոջ՝ այստեղ հասնելուն պես նրա մոտ կույր մարդու են բերում:
Ա․ Լոպուխին
Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան: (Սինոդական թարգմ․) [22]
Բեթսայիդայում կույրի բժշկման հրաշքի մասին (իրականում, առանց նրան հասնելու) հայտնում է միայն Մարկոսը։ Բեթսայիդան ընկած է Փիլլիպյան Կեսարիա տանող ճանապարհին՝ Հորդանանի ծովը թափվելու վայրից ոչ հեռու (ըստ էության, այնտեղ, որտեղ գնում էր Տերը):
---------------------------------------
[22] (Էջմիածին թարգմ․) Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան:
(Արարատ թարգմ․) Եկան Բեթսայիդա. նրա առաջ բերեցին մի կույրի ու խնդրում էին, որ դիպչի նրան։
(Գրաբար) Գա՛ն ի Բեթսայիդա. եւ ածեն առաջի նորա կո՛յր մի, եւ աղաչէին զնա՝ զի մերձեսցի ի նա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: