Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):19

Սուրբ Հովհան Ոսկեբերան

19-20. Եվ այնպես եղաւ, որ երբ աղջիկները դուրս եկան, երկու ծերունիները վեր կացան, գնացին դեպի Շուշանը և ասացին. «Ահա այգու դռները փակ են, և չկայ ոչ ոք, որ մեզ տեսնի, իսկ մենք ցանկանում ենք քեզ. ուստի եկ համաձայնվի՛ր ու եղի՛ր մեզ հետ,
   
   Պատահեց, որ մի օր Շուշանը, սովորության համաձայն, շոգ եղանակին լողանալու համար դուրս եկավ ամուսնու պարտեզը, և երբ նա աղախիններին օճառ բերելու ուղարկեց, իսկույն երեցները շտապեցին նրա մոտ և, ցանկության կրակը մարել ցանկանալով, բռնեցին նրան, ինչպես գայլերը ոչխարին։ Շուշանը միայնակ հայտնվեց երկու առյուծների մեջ։ Ոչ ոք չէր կարող օգնել նրան՝ ո՛չ սպասուհին, ո՛չ ստրուկը, ո՛չ մերձավորը, ո՛չ ընկերը և ո՛չ էլ հարևանը, եթե վերից սրան չհետևեր Աստված՝ այս անտեսանելի Վկան, Ով, իհարկե, հենց սկզբից կարող էր կանխել երեցների փորձը, բայց թույլ տվեց պայքարի մեջ մտնել, որպեսզի հայտնի դարձնի Շուշանի թաքնված առաքինությունն ու ողջախոհությունը և որպեսզի մերկացնի երեցների անխոհեմությունը և, միևնույն ժամանակ, Շուշանի մեծ սխրանքի միջոցով կանանց ամենամեծ դասը տա: Ճակատամարտը մեծ էր, մեծ մրցություն էր սպասում Շուշանին, ավելի մեծ, քան Հովսեփինը: Ի վերջո, նա, տղամարդ լինելով, պայքարում էր մի կնոջ հետ, իսկ սա, կին լինելով, երկու տղամարդ ուներ որպես հակառակորդ: Սա հիանալի և զարմանալի տեսարան էր։ Մի կին կռվում է երկու տղամարդու դեմ, բայց էլ ավելի ուշագրավ կթվա այն, եթե ուշադրություն դարձնեք, թե որտեղ է հարձակումը տեղի ունենում։ Այն տեղի է ունենում պարտեզում,  որտեղ էլ օձը խաբեց Եվային:

   Այսպիսով, երբ ամեն ինչ պատրաստ էր կռվի համար․ երկինքը բացվեց, շեփորը հնչեց, ասպարեզը բացվեց։ Վերից պայքարի տնտեսը դիտում էր մրցությունը, իսկ հրեշտակների դասերը մեկտեղվելով հետևում էին։ Օձը աշխատում էր օրինախախտների մեջ, իսկ հավատը՝ ողջախոհ կնոջ: Երկու կողմերն էլ հաղթանակի համար շատ էին հոգ տանում. երեցները՝ կնոջից պարտություն չկրելու, իսկ Շուշանը` իր մաքրությունը չփչացնելու: Նրանց հաղթանակի համար դևերն էին վարձատրություն պատրաստում, իսկ Շուշանի ողջախոհության համար հրեշտակներն էին պարգևներ պատրաստում։ Ամբարիշտները բռնել էին Շուշանին և, առաջին հերթին, խոսքով էին նրա հետ մրցում։ Ի՞նչ էին նրանք ասում։ Մենք ժողովրդի երեցներն ենք, մեզ է վստահված օրենքը, մենք վերցնելու և որոշելու իշխանություն ունենք: Այստեղ ոչ ոք չի տեսնի...
   

Ա. Լոպուխին

Եւ այնպես եղավ, որ երբ աղջիկները դուրս եկան, երկու ծերունիները վեր կացան, գնացին դեպի Շուշանը և ասացին. (Սինոդական թարգ․)[19]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եւ այնպէս եղաւ, որ երբ աղջիկները դուրս եկան, երկու ծերունիները վեր կացան, գնացին դէպի Շուշանը եւ ասացին.
(Արարատ թարգ․)
(Գրաբար)Եւ եղև իբրև ելին աղջկունքն, յարեա՛ն երկու ծերքն, և դիմեցին ՛ի վերայ նորա և ասեն.