Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):2

 Սուրբ Հովհան Ոսկեբերան

2-3․ Նա ամուսնացավ Շուշան անունով մի կնոջ՝ Քեղկիայի դստեր հետ, որը շատ գեղեցիկ էր և աստվածավախ: Նրա ծնողները արդար էին և իրենց դստերը դաստիարակել էին Մովսեսի օրենքներով:
   
   Հիշում եմ, որ ես խոստացել եմ համընդհանուր խրատի համար պատմել ձեզ երանելի Շուշանի ողջախոհության սխրանքի մասին, ես խոստացել եմ հենց երեկ, երբ մեր առաջ Հովսեփը կռվում էր եգիպտուհու հետ և ողջախոհության սխրանք էր հանդես բերում: Ուրեմն թող Շուշանը հայտնվի այս ամբողջ ժողովրդի տեսադաշտում, որտեղ դիտում են թե՛ Աստված, թե՛ հրեշտակները, թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք: Թող նա առաջ գա և մեզ դաս տա, թե ինչպես պետք է կանանցից ամենաերիտասարդը մինչև մահ պայքարի անարատության համար: Իհարկե, ազնվական ծագում ունեցող, մանուկ հասակից ընտանեկան խաղաղության մեջ ապրած, հիասքանչ գեղեցկությամբ  և մաքուր բարոյականություն յուրացրած այս երանելի Շուշանը նշանվեց և օրինական ամուսնական միության մեջ մտավ, երբ ծաղկեց նրա երիտասարդական գեղեցկությունը: Եվ հենց իր ամուսնու համար ամուսնական գաղտնիքն անարատ պահելու համար էր, որ նա հայացքը չուղղեց դեպի երիտասարդ և խորթ գեղեցկության անկարգ խորհրդածությունը․ ականջները չբացեց՝ անառակ երգերի բարեհնչյունությունը ընկալելու համար, քթանցքերը չբացեց՝ որսալու համար երիտասարդ տղամարդու հագուստի վրա ցանված բույրերը, որևէ ուրիշ զգայարանի հույս չտվեց, որպեսզի իր սրտում պահված մաքրությունը հզոր գայթակղությունների ազդեցության տակ չշեղվի դեպի հաճույքները: Ի վերջո, մեր մեղքերի մեծ մասը գոյանում է հոգու զգայություններից: Մեր հոգին, ինչպես ինչ−որ պալատում գտնվող օրիորդ, հանգիստ բնակվում է սրտի կենտրոնում, իսկ հինգ զգայարանները որպես սպասուհիներ ծառայում են նրան: Ո՞ր զգայարանները․տեսողություն, համ, հոտ, լսողություն և շոշափում: Եվ հիմա, եթե ոչ մի զգայություն չի փչանում կամ մոլորվում, ապա հոգին նույնպես պահպանում է իր մաքրությունն ու անմեղությունը,  եթե պատահում է, որ առանց ղեկավարի թողնված տեսողությունը վիրավորվում է երիտասարդ գեղեցկության տեսքից և աչքերի միջոցով կրքի ուժեղ ազդակը թափանցում է սրտի մեջ, իսկույն ցանկության փոթորկից բռնված հոգին խեղդվում է մեղքի մեջ, նրա ողջախոհությունը կործանվում է իր բոլոր հետևանքներով: Դավիթը ևս նման փորձության ենթարկվեց և այն այսպես պատկերեց. «Մտա ծովի խորքերը, և փոթորիկը խեղդեց ինձ» (Սաղմ․ 68։3 համարն այսպիսի բովանդակություն ունի Պ.Ա. Յունգերովի թարգմանության մեջ): Նույն կերպ էլ,  եթե լսողությունն է ենթարկվում բարեհնչյունության հմայքին, ապա, ամբողջությամբ դեպի այն խոնարհված միտքը, անառակ երգերով տարվելով, խեղաթյուրում է հոգին: Համը, շատակերության և առատ գինու միջոցով հակվելով դեպի հարբեցողությունը և հեշտասիրությունը, ապականում է հոգին: Հոտառությունը, կապված լինելով երիտասարդների ավելորդ բուրմունքին, հոգին տանում է ընկնելու: Այնպես որ, հոգին էլ հիմար աղախինների ազդեցության տակ ընկած կույսի պես գերվում է զգայարանների կողմից՝ անձնատուր լինելով մեղքի անժուժկալությանը: Իսկ մեղքը, գողի պես յուրացնելով բոլոր զգայարանները, գաղտնի ներթափանցում է սրտի խորքերը, ապա ներթափանցելով այն ամբողջովին մերկացնում է ողջախոհության գրավականից և կողոպտում: Բայց այդ երանելին, իհարկե,  պահպանում է իր հայացքները, տեսողությունը, քայլվածքը, լսողությունը, հոտը, համը, շոշափելիքը և իմաստության խոսքերով ասած՝  «Փակված պարտեզ․․․կնքված աղբյուր է» (Երգ․ 4:12):

   Հենց խաղողի այգին (որը ոչ ոք չի կարող թալանել) է հիշեցնում ողջախոհության բույրեր տարածող երանելին և նման է հավատքով կնքված աղբյուրին, որից անկարգապահներից ոչ ոք չի կարող գողանալ ողջախոհության գեղեցկությունը:
   

Ա. Լոպուխին

Նա ամուսնացավ Շուշան անունով մի կնոջ՝ Քեղկիայի դստեր հետ, որը շատ գեղեցիկ էր և աստվածավախ: Նրա ծնողները արդար էին և իրենց դստերը դաստիարակել էին Մովսեսի օրենքներով: (Սինոդական թարգ․)[2]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Թագաւորը պաշտում էր նրան եւ միշտ գնում ու երկրպագում էր նրան։ Բայց Դանիէլը իր Աստծուն էր երկրպագում։ Թագաւորն ասաց նրան. «Դու ինչո՞ւ չես երկրպագում Բէլին»։
(Արարատ թարգ․)
(Գրաբար)Եւ թագաւորն պաշտէր զնա. և երթայր հանապազ երկի՛ր պագանէր նմա։ Բայց Դանիէլ պագանէր երկիր Աստուծոյ իւրոյ. և ասէ ցնա թագաւորն. Դու ընդէ՞ր ո՛չ երկիր պագանես Բելայ։