Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):16

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը պատասխանեցին Նաբուքոդոնոսոր արքային եւ ասացին. «Հարկ չկայ քեզ պատասխանել այդ բանի համար, արքա՛յ,
   
Տե՛ս, թե ինչպես առաքինությունը նրանց՝ գերիներին, թագավորից ավելի վսեմ դարձրեց և ցույց տվեց նրանց վեհ ոգին: Նրանք այնպիսի համարձակությամբ պատասխանեցին, որ թվաց, թե խոսում էին ոչ թե թագավորի, այլ ենթակայի հետ: «Հարկ չկա քեզ պատասխանելու այդ բանի համար»։ Մենք ապացույցը կներկայացնենք ոչ թե խոսքով, այլ գործով:
   

Ա. Լոպուխին

16-18․ «Եվ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին և ասացին Նաբուգոդոնոսոր թագավորին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու»»։ [16] «Մեր Աստվածը, որին մենք ծառայում ենք, կարող է մեզ փրկել կրակով բորբոքված հնոցից և ազատել քո ձեռքից, ո՛վ թագավոր»։ «Իսկ եթե անգամ դա տեղի չունենա, ապա, միևնույն է, թող քեզ հայտնի լինի, ո՛վ թագավոր, որ մենք քո աստվածներին չենք ծառայելու և քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագելու»։ (Սինոդական թարգ․)
   
   Ընկերների համար թագավորի սպառնալիքը սարսափելի չէ: Աստված, որին նրանք ծառայում են, կազատի նրանց մահից, ինչպես ազատել է նախկինում (գլուխ 2): Եթե ​​ինչ–ինչ պատճառներով դա տեղի չունենա, ապա մահվան վախը հաղթահարվում է այն գիտակցությամբ, որ առանց կուռքին երկրպագելու՝ նրանք հավատարիմ կմնան իրենց կրոնին:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը պատասխանեցին Նաբուքոդոնոսոր արքային եւ ասացին. «Հարկ չկայ քեզ պատասխանել այդ բանի համար, արքա՛յ,
(Արարատ թարգ․ 3։16) Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխանեցին թագավորին և ասացին. «Այս բանի մասին հարկ չկա քեզ պատասխան տալու, ո՛վ Նաբուգոդոնոսոր։
(Գրաբար) Պատասխանի ետուն՝ Սեդրաք, Միսաք, և Աբեդնագով. և ասեն ցարքայ Նաբուքոդոնոսոր. Ո՛չինչ է պիտոյ վասն բանիդ այդորիկ տալ քեզ պատասխանի.