Դանիելի մարգարեության մեկնությու 4(3):19

Ա. Լոպուխին

19-21. «Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը լցվեց բարկությամբ, և նրա դեմքի արտահայտությունը փոխվեց Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի դեմ, և նա հրամայեց, որ հնոցը սովորականից յոթնապատիկ ավելի վառեն»։ [19] «Եվ իր բանակի ամենաուժեղ տղամարդկանց հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին և նետեն կրակով բորբոքված հնոցի մեջ»։ «Այդ ժամանակ այս մարդկանց իրենց անդրավարտիքներով և պատմուճաններով, գլխի կապանքներով ու իրենց մյուս հանդերձներով կապեցին և նետեցին կրակով բորբոքված հնոցի մեջ»։ (Սինոդական թարգ․)

   
   Զայրացած արքայի հրամանի կատարման արագությունը պատանիների հագուստը հանելու համար ժամանակ չթողեց: Նրանք հնոց նետվեցին «իրենց ներքնազգեստներով, վերնազգեստներով և գլխաշորերով», որն  արամերեն հետևյալ կերպ է հնչում՝ «besarbalaygon patisheigon vekorbelategon»: «Սարբալին»–ը ամուր ներքնազգեստ է և նման է մեր երկար վերնաշապիկին։ «Պաթիշ–խիտոն»–ը վերնաշապիկի վրայից հագնվող անթև ներքնաշապիկ է։ «Կորբլան» էլ երկու ներքին հագուստների վրա հագնվող թիկնոցատիպ զգեստ է: Ասորաբաբելոնացիների կողմից նման հագուստի օգտագործումը հաստատվում է Հերոդոտոսի վկայությամբ: Նրա խոսքերով՝ ասորաբաբելոնացիները կրել են երկար, վար իջնող պարեգոտ, վերևի մասում հագել են մեկ այլ բրդե անթև ներքնաշապիկ, իսկ դրա վրա՝ փոքրիկ սպիտակ թիկնոց:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը զայրոյթով լցուեց, բարկացաւ Սեդրակի, Միսակի եւ Աբեթնագովի վրայ եւ ասաց. «Եօթնապատիկ վառեցէ՛ք հնոցը, որպէսզի մինչեւ վերջ այրուեն սրանք:
(Արարատ թարգ․ 3։19) Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը լցվեց բարկությամբ, և նրա դեմքի արտահայտությունը փոխվեց Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի դեմ, պատասխանեց և հրամայեց, որ հնոցը սովորականից յոթնապատիկ ավելի վառեն։
(Գրաբար) Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը զայրոյթով լցուեց, բարկացաւ Սեդրակի, Միսակի եւ Աբեթնագովի վրայ եւ ասաց. «Եօթնապատիկ վառեցէ՛ք հնոցը, որպէսզի մինչեւ վերջ այրուեն սրանք:
   
    Պատմամշակութային մեկնություն

   Հնոցը յոթ անգամ ավելի ուժեղ բորբոքե՛ք: Հնոցում ջերմաստիճանը բարձրացնելու համար սովորաբար օդը փչում էին դարփնոցում օգտագործվող փուքսով: «Յոթ անգամ ուժեղ»–ը ոչ այլ ինչ է, քան շեշտադրում կամ խոսքի ձև: Կախված անհրաժեշտությունից`վառարանի ջերմաստիճանը կարելի էր պահպանել 900 °–ից մինչև 1100 °  աստիճան ցելսիուսի միջև: