Սուրբ Եփրեմ Ասորի
23-50. Իսկ նրանք երեքը՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը կապուած ընկան հնոցի մէջ: Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն: Ազարիան ելաւ, աղօթքի կանգնեց, կրակի մէջ բացեց բերանը եւ այսպէս ասաց. «Օրհնեալ ես, Տէ՛ր, մեր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ եւ փառաւորեալ է քո անունը, որովհետեւ դու արդար ես այն ամենի մէջ, որ բերեցիր մեզ վրայ, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները՝ ուղիղ, եւ քո բոլոր դատաստանները՝ արդար. դու ըստ ամենայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր մեր եւ մեր հայրերի սուրբ քաղաք Երուսաղէմի նկատմամբ, որովհետեւ ճշմարտութեամբ եւ արդար կերպով արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով, քանի որ քո դէմ ապստամբելով՝ մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք. մենք առաւել մեղանչեցինք նրանով, որ քո պատուիրանները չլսեցինք: Չպահեցինք քո պատուիրանները եւ այնպէս չարեցինք, ինչպէս պատուիրեցիր մեզ, որպէսզի լաւ լինէր մեզ համար. այն ամէնը ինչ բերեցիր մեզ վրայ եւ այն ամէնը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր: Մեզ մատնեցիր մեր անօրէն, խիստ եւ ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից աւելի անիրաւ եւ չար թագաւորի ձեռքը: Իսկ այժմ չենք կարող բանալ մեր բերանները, որովհետեւ մենք՝ քո պաշտօնեայ ծառաները, ամօթահար եղանք եւ նախատինք կրեցինք: Բայց դու, յանուն քո անուան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը եւ մի՛ հեռացրու քո ողորմութիւնը մեզանից յանուն քո սիրելի Աբրահամի, յանուն քո Իսահակ ծառայի եւ յանուն քո սուրբ Իսրայէլի, որոնց ասացիր, թէ պիտի բազմացնես նրանց որդիները երկնքի աստղերի չափ եւ այնքան, որքան աւազը ծովի ափին: Արդ, Տէ՛ր, բոլոր ազգերից աւելի տկարացանք մենք եւ այսօր տառապում ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով: Այժմ, այս ժամանակներում չկայ իշխան, մարգարէ եւ առաջնորդ, ո՛չ ողջակէզ, ո՛չ զոհ, ո՛չ զոհաբերութիւն, ո՛չ խունկ եւ ո՛չ էլ քեզ երախայրիք մատուցելու տեղ՝ ողորմութիւն գտնելու համար: Այլ կոտրուած սրտով եւ տառապած հոգով թող ընդունելի լինենք խոյերի եւ արջառների, ինչպէս նաեւ բիւրաւոր պարարտ գառների ողջակէզների նման. այդպէս թող լինի մեր զոհաբերումը այսօր քո առաջ եւ կատարեալ լինենք քեզանից յետոյ, որովհետեւ քեզ վրայ յոյս դնողները ամօթով չեն մնայ: Արդ, գալիս ենք դէպի քեզ մեր ամբողջ սրտով, վախենում ենք մենք քեզանից, քո բարեհաճութիւնն ենք խնդրում. ամօթով մի՛ թող մեզ, այլ մեզ հետ վարուիր ըստ քո հեզութեան, ըստ քո մեծ ողորմութեան, Տէ՛ր, փրկի՛ր մեզ ըստ քո հրաշալի գործերի եւ փա՛ռք բեր քո անուանը: Թող ամօթով մնան բոլոր նրանք, ովքեր չարիք են պատճառում քո ծառաներին. թող ամաչեն իրենց բոլոր բռնութիւններից, նրանց զօրութիւնը թող խորտակուի, եւ թող ճանաչեն, որ դու ես միակ Տէր Աստուածը եւ փառաւորեալը ողջ տիեզերքում»: Եւ նրանք՝ թագաւորի սպասաւորները, որ հնոց էին նետել նրանց, չէին դադարում բորբոքել այն նաւթով, ձէթով, վուշով եւ որթատունկի ճիւղերով: Բոցը ելնում դիզւում էր հնոցից քառասուն եւ ինը կանգուն վեր, պտտւում պատում էր հնոցի շուրջը եւ այրում էր, ում որ գտնում էր քաղդէացիներից: Բայց Աստծու Հրեշտակը իջաւ կանգնեց հնոցի մէջ, Ազարիայի կողքին, կրակի բոցը թօթափեց հնոցից եւ հնոցի մէջ դարձրեց այնպիսի հողմ, որ ցօղ է բերում, եւ կրակը ամենեւին չէր մօտենում նրանց, չէր տանջում եւ չէր նեղում նրանց:
Ըղձալի ու գեղեցիկ երիտասարդներն Աստծո հանդեպ ունեցած երկյուղով արհամարհում և ոչինչ են համարում թագավորի հանդեպ ունեցած վախը և ծաղրում են մեռած կուռքին։ Յուրաքանչյուր մոտեցողին իր բոցով սարսափեցնող կրակը ցողոտ ձեռքով գրկում ու շոյում է նրանց: Ինչպես կարեկցող մայրն է գրկում և համբուրում իր երեխաներին, այնպես էլ բոցն է գրկում և համբուրում երիտասարդներին: Նա արձակում է նրանց կապերը, որովհետև նրանց մեջ տեսնում է Աստծո զորությունը և ոչ թե այրում, այլ ցողով հովացնում է նրանց։
Սուրբ Հովհան Ոսկեբերան
23-24․ Իսկ նրանք երեքը՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը կապուած ընկան հնոցի մէջ: Նրանք քայլում էին կրակի մէջ, օրհնում եւ գովում էին Տէր Աստծուն:
Տե՛ս՝ արդյո՞ք զարմանալի և հիանալի չէ բոցավառված հնոցում, ասես ջրի ավազանում, քայլելն ու երգելը: Դրան ոչինչ չէր խոչընդոտում, քանի որ Աստված այդպես էր ցանկանում: Ինձ թվում է, որ այդպիսին էր նաև այն կրակը, որն այրում է դրսում գտնվողներին. և՛ այն էր կրակ, և՛ սա է կրակ, և՛ այն էր մարմին, և՛ սա է մարմին: Սակայն սա դիպավ նրանց, իսկ սրանց ձեռք չտվեց: Տեսնո՞ւմ ես, թե որքան մեծ է նրանց բարեպաշտությունը: Զարմանո՞ւմ ես դրա վրա: Զարմացի՛ր Տիրոջ բարեհաճության և փառքի վրա, որը Նա ցույց տվեց նրանց. «Ես կփառավորեմ Ինձ փառավորողներին»,– ասում է Նա (Ա Թագ. 2։30): Նա բոլորի համար նրանց տեսարան դարձրեց: Նրանք գերբնական կերպով էին խոսում, ուստի Նա գերբնական կերպով էլ փառավորեց նրանց: Նայի՛ր ստրուկներին, որոնք կարող են անել այն նույն բանը, ինչ Տերը: Ինչո՞ւ զարմանալ այն բանի համար, որ նրանք ծիծաղում էին թագավորի վրա, երբ տարրերը երկյուղում և զարմանում էին նրանց վրա: Հնոցը եկեղեցու էր վերածվել. այն նմանվել էր հենց դրախտին: Նրանք այստեղ արդեն անապականության փորձառություն ունեցան: Սկզբում մեղքը տառապանքի է ենթարկում մեր մարմինը, սակայն, երբ մարդը ճշմարտությամբ է գործում ու շարժվում, նա կրկին ազատվում է տառապանքներից: «Եվ քայլում էին»,– ասում է մարգարեն: Բայց եկե՛ք տեսնենք, թե ինչ են ասում, եկե՛ք լսենք նրանց հանգստությամբ լի խորհրդավոր ձայնը: Լսեցի՞ր սամվիկների (սա եռանկյուն լարային երաժշտական գործիք է), սաղմոսների և հիմների անկանոն և աններդաշնակ ձայները։ Լսի՛ր կրակից եկող ձայնը: Քեզ զարմանալի չի թվո՞ւմ, որ կրակից Աստծո ձայնն է լսվում: Ահա՛, Նա նաև Իր ծառաներին է դա պարգևում: Ինչպիսի՞ թրթռացող օդ է առաջացրել այդ ձայնը: Սա արդյո՞ք չի համոզում բոլոր այրման դատապարտվածներին, որ նրանք այն բանի համար բացեն իրենց բերանները, որպեսզի դրանից հետո հոգու զորությունը չկարողանա նույնիսկ կարճ ժամանակով մարմնում մնալ: Նայի՛ր երաժշտական ներդաշնակությանը, թե ինչպես են բոլորը, կարծես նույն շրթունքներով, գովում Տիրոջը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: