Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):94

Սուրբ Հովհան Ոսկեբերան

94-95․ Հաւաքուեցին նախարարները, կուսակալները, թագաւորի զօրավարներն ու զօրագլուխները, եւ տեսնում էին այն մարդկանց, որոնց մարմնին կրակը չէր վնասել, նրանց գլխի մազերը չէին խանձուել, նրանց անդրավարտիքները չէին գունաթափուել, եւ կրակի հոտ չկար նրանց վրայ: Նաբուքոդոնոսոր թագաւորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը, պատասխանեց եւ ասաց. «Օրհնեալ է Սեդրակի, Միսակի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր Հրեշտակին եւ փրկեց իր ծառաներին, որովհետեւ նրանք յոյս էին դրել նրա վրայ, անարգել էին թագաւորի խօսքը եւ մատնել իրենց մարմինը կրակին, որպէսզի չպաշտեն եւ չերկրպագեն բոլոր աստուածներին, այլ՝ միայն իրենց Աստծուն:

   

   Նկատի՛ր Աստծո նախախնամությունը, նկատի՛ր անճառելի հոգատարությունը:  Նույն կերպ էլ Նաբուգոդոնոսորը (տե՛ս Դան. 3։28), երեք երիտասարդներին հնոցի մեջ գցելով և իրականում տեսնելով այս գերիների առաքինությունը, սկսեց իր լեզվով փառաբանել և ամենուր գովաբանել նրանց: Նրանով է հատկապես բացահայտվում Աստծո զորության մեծությունը, որ այն Աստծո ծառաների մասին քարոզել է ստիպում հենց նրանց թշնամիներին: Եվ երբ կատաղությունից հնոցը վառել հրամայողը տեսնում է, որ երիտասարդների առաքինությունը վերից եկող օգնությամբ հաղթում է նաև կրակի զորությանը, հանկարծ փոխում է իր միտքը և բացականչում. «Բարձրյալ Աստծո՛  ծառաներ»: Տե՛ս, թե ինչպես է նա փառաբանում ոչ միայն նրանց, այլ նաև ամենքի Տիրոջը. «Բարձրյալ Աստծո՛ ծառաներ,– ասում է նա,– դո՛ւրս եկեք» (Դան. 3։93): Քեզ ի՞նչ պատահեց։ Արդյո՞ք դու չես նրանց մահապատժի մատնել: Արդյո՞ք դու չես պատվիրել, որ հնոցն այդքան բորբոքեն: «Այո,– ասում է նա, – բայց հիմա ես սքանչելի և հրաշալի բաներ եմ տեսնում: Այս տարրը, կարծես մոռացած լինելով իր զորությունը, կարծես ինչ–որ կապանքներով կապված լինելով, նրանց նկատմամբ այնպիսի հնազանդություն է ցուցաբերում, որ նույնիսկ նրանց մազերին չի դիպչում: Այստեղից պետք է հասկանալ, որ այս իրադարձությունը վեր է մարդկային բնության ունեցած զորությունից, որ այստեղ ինչ–որ անճառելի և աստվածային զորություն է գործում և այս երիտասարդների նկատմամբ այդքան մեծ հոգածություն է ցուցաբերում: Տեսնո՞ւմ ես Աստծո մարդասիրությունը, թե ինչպես Աստված չի թողնում իր ծառաներին, թեև նրանց հնոցի մեջ նետել է թույլ տալիս, բայց, նրանց էլ ավելի փառաբանել և Իր ամենազորությունը ցույց տալ ցանկանալով, մեղմացնում է տանջողի հոգին և այդքան մեծ երկայնամտություն է դրսևորում: Իհարկե, այնքան էլ հրաշալի չէր լինի, եթե հենց սկզբից Նա թույլ չտար, ​​որ երիտասարդներին հնոց նետեին, քանի որ այժմ հրաշալին և սքանչելին այն է, որ Նա  նույնիսկ կրակի մեջ  թույլ չտվեց, որ նրանք որևէ տհաճ ազդեցություն կրեն: Այսպիսին է Աստված:  Նա երբ ցանկանում է, ծանր աղետների մեջ գտնվողներին էլ ավելի է մեծարում, և տառապողներին տառապանք պատճառողներից ավելի ուժեղ է դարձնում: Այդպես է եղել նաև առաքյալների պարագայում (Գործք. 4։16): Նրանք, ովքեր իրենց իշխանության տակ էին առել առաքյալներին, սպառնալիքներով էին վախեցնում նրանց, և, կարծես նրանց վրա ատամներ կրճտացնելով, միմյանց ասում էին. «Ինչպե՞ս վարվենք այս մարդկանց հետ»: Նրանք առաքյալներին իրենց ձեռքում էին պահում, բայց ոչինչ չէին համարձակվում անել: Որքան ուժեղ է առաքինությունը, այդքան էլ անզոր է չարությունը. առաջինը նույնիսկ տառապանքների մեջ է հաղթում, իսկ վերջինը նույնիսկ իր արածի մեջ միայն իր անզորությունն է ցույց տալիս։ Իմանալով սա, սիրելինե՛ր, եկե՛ք բարության մասին հոգ տանենք և փախչենք չարիքից: Այդ դեպքում և՛ վերից օգնություն կստանանք,  և՛ ապագա օրհնություններին կհասնենք, որոնց բոլորս կարող ենք արժանանալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, ում հետ Հորը, Սուրբ Հոգով փառք, զորություն, պատիվ, այժմ և միշտ  և հավիտյանս հավիտենից: Ամեն։