Սուրբ Հովհան Ոսկեբերան
7-9. Իմ անկողնում տեսնում էի, որ ահա կար մի ծառ հողի մէջ, եւ նա շատ-շատ բարձր էր. Ծառը մեծացաւ, զօրացաւ. նրա բարձրութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ նրա լայնութիւնը՝ աշխարհի բոլոր կողմերը: Նրա տերեւը գեղեցիկ էր, եւ նրա պտուղը՝ առատ: Բոլորի կերակուրը նրանից էր: Վայրի գազաններ էին ապրում նրա տակ, ճիւղերին հանգստանում էին երկնքի թռչունները, եւ նրանից էր կերակրւում ամէն մարմնաւոր արարած:
Ի՞նչ է նշանակում այս տեսիլքը: Այն կրկին պատկերում է մարդկային գործերի փոփոխականությունը: «Թռչունները,– ասում է նա,– և գազանները հիանում էին նրա ստվերով, բնակվում էին նրա մեջ, և նրանց կերակուրը նրանից էր»: Դա խոսում է նրա՝ ամբողջ տիեզերքի վրա տարածվող զորության մասին: Այսպիսով՝ նախկինում կուռքի, իսկ այժմ էլ ծառի քողի տակ են իրադարձությունները բացահայտվում նրա համար: Ինչո՞ւ Աստված Դանիելին չուղարկեց այս մասին հայտարարելու: Քանի որ երբ իրադարձություններն ակնառու կերպով են ներկայացվում, ապա դրանց մասին խոսքն ավելի արժանահավատ և սարսափելի է լինում, քանզի դրանով պետք է ապացուցվեր, որ բույսեր Աճեցնողը գաղտնի կերպով ու առանց մեր գիտության բարձրացնում է նաև թագավորությունները։
Ա. Լոպուխին
7-15. «Անկողնուս մեջ իմ գլխի տեսիլքներն այսպիսին էին․ ես տեսնում էի, ահա, մի շատ բարձր ծառ՝ երկրի մեջտեղում»։ [7]․ «Այդ ծառը մեծ և ամուր էր, ու նրա բարձրությունը հասնում էր մինչև երկինք, և այն տեսանելի էր երկրի բոլոր ծայրերից»։ «Նրա տերևները գեղեցիկ էին, և նրա պտուղները՝ առատ, ու նրա վրա կար կերակուր՝ բոլորի համար. դաշտային գազանները հովանի էին գտնում նրա տակ, և երկնքի թռչունները բույն էին դնում նրա ճյուղերի վրա, ու ամեն մարմին սնվում էր նրանից»։ «Եվ ես անկողնուս մեջ իմ գլխի տեսիլքներում տեսա, որ, ահա, մի Պահապան և Սուրբ իջավ երկնքից»։ «Բարձրաձայն գոչելով՝ Նա ասաց. «Կտրե՛ք այս ծառը, կտրատե՛ք նրա ճյուղերը, տերևները թափե՛ք նրա վրայից և պտուղները ցիրուցա՛ն արեք. գազանները թող փախչեն նրա տակից, և թռչունները՝ նրա ճյուղերի վրայից»։ «Բայց նրա գլխավոր արմատը հողի մե՛ջ թողեք, և թո՛ղ այն երկաթե ու պղնձե կապանքներով՝ դաշտի խոտերի մեջ, երկնային ցողով ջրվի, և նրա բաժինը անասունների հետ թող լինի՝ երկրի խոտերի մեջ»։ «Նրա մարդկային սիրտը թող վերցվի նրանից ու նրան գազանի սիրտ թող տրվի, և նրա վրայով յոթ ժամանակ թող անցնի»։ «Դա որոշված է Պահապանների հրամանով և սահմանված է Սրբերի հրահանգով. որպեսզի ողջերն իմանան, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկային թագավորության վրա և այն տալիս է, ում որ ուզում է, և մարդկանցից ամենանվաստին է կարգում դրա վրա»։ «Այսպիսի երազ տեսա ես՝ Նաբուգոդոնոսոր թագավորս, իսկ դու, Բաղդասա՛ր, ասա՛ նշանակությունը, որովհետև իմ թագավորության իմաստուններից ոչ մեկը չկարողացավ ինձ բացատրել դրա նշանակությունը, բայց դու կարող ես, որովհետև սուրբ Աստծո հոգին կա քո մեջ»։ (Սինոդական թարգ․)
Նաբուգոդոնոսորի երազի բովանդակությունը ներծծված է այդ ժամանակի աշխարհայացքով ու ոգով: Հին ժողովուրդների շրջանում ծառը համարվում էր մարդկային կյանքի խորհրդանիշը: Բարձր, տարածվող ծառը խորհրդանշում էր հզոր և վեհաշուք մարդուն, կանաչ ծառը՝ բարեկեցիկ մարդուն, և հակառակը՝ չորացած ծառը խորհրդանշում էր իր նախկին մեծությունը կորցրած մարդուն, իսկ կտրվածն այնպիսի մարդու խորհրդանիշն էր, որն ինչ–որ կերպ ոչնչացվել, սրբվել էր երկրի երեսից (Սաղմ. 1։3, Ես. 6։13, Երեմ. 17։8, Եզեկ. 17։22, 19։10, Ամոս. 2։9): Ծառը, մասնավորապես, ծառայում էր որպես ասորաբաբելոնական թագավորության խորհրդանիշ: Ծառը որպես մարդու խորհրդանիշ է ներկայանում նաև Ասթյագեսի հայտնի երազում: Այս պատկերը ճիշտ նույն իմաստն ունի նաև Նաբուգոդոնոսորի երազում: Դրա անմիջական մատնանշումը կարելի է գտնել ծառի արմատից մարդու սիրտը խլելու և նրան կենդանու սիրտ տալու մասին Հրեշտակի խոսքերում (4։12–13): Վերոնշյալն էլ նշանակում է, որ միայն մարդուն կարելի է զրկել մարդկային զգացմունքներից ու ձգտումներից և կենդանիների զգացմունքներ հաղորդել: Նույն կերպ էլ Դանիել մարգարեն է Նաբուգոդոնոսորի կողմից տեսած ծառը համարում նրա խորհրդանիշը՝ թագավորության ողջ շքեղությամբ և վեհությամբ հանդերձ (17–19):
Նաբուգոդոնոսորի համոզմունքների հետ ամբողջությամբ համահունչ են երազի այնպիսի մանրամասները, ինչպիսիք են երկնքից երկիր իջնող «Հրեշտակի և սրբերի» հայտնվելը (10 և 14): Դիոդորոս Սիցիլիացու կողմից սահմանված բաբելոնացիների ուսմունքի համաձայն՝ մոլորակային աստվածների աշխարհում առանձնանում էին գերագույն և երկրորդական աստվածներ։ Երկրորդ խմբի «qeoi boulaioi–խորհրդական աստվածներ» կոչվող աստվածները ենթարկվում էին առաջիններին: Այս խորհրդական աստվածների մի կեսը հսկում էր ստորգետնյա երկրները, իսկ մյուս կեսը արթուն նայում էր, թե ինչ է կատարվում երկնքում, ինչպես նաև երկրի վրա ապրող մարդկանց մեջ: Վերջիններս էլ երազում հանդես են գալիս «Հրեշտակ» (հայերեն թարգմանությունը այս տերմինը փոխադրում է որպես «Հրեշտակ», սակայն այն կարելի է հասկանալ նաև «պահապան» իմաստով։ Նույնիսկ հայտնի չէ՝ մտնո՞ւմ են արդյոք այս գերբնական էակները հրեշտակների 9–ը դասերի մեջ, թե ոչ: Նրանք, ինչպես հետագայում տեսնում է Նաբուգոդոնոսորը, հրապարակում են նրա վերաբերյալ կայացված վճիռը (14): Այս մանրամասնությամբ արտահայտված աստվածային դատաստանի գաղափարը խորթ չէր բաբելոնացիներին: Ըստ նույն Դիոդորոս Սիցիլիացու վկայության՝ նրանք չէին հավատում ճակատագրին և պատահականությանը, այլ բոլոր իրադարձությունները վերագրում էին «աստվածների հստակ դատաստանին»: Եվ նմանատիպ հավատալիքների համապատասխան՝ հին բաբելոնյան հուշարձանների վրա հանդիպում է դատավորի դիրքում կանգնած ու ավելի ցածրաստիճան աստվածություններով շրջապատված Բել աստծո պատկերը:
-------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Իմ անկողնում տեսնում էի, որ ահա կար մի ծառ հողի մէջ, եւ նա շատ-շատ բարձր էր.
8․ ծառը մեծացաւ, զօրացաւ. նրա բարձրութիւնը հասաւ մինչեւ երկինք, եւ նրա լայնութիւնը՝ աշխարհի բոլոր կողմերը:
(Արարատ թարգ․ 4։10) Անկողնուս մեջ իմ գլխի տեսիլքներում տեսնում էի ահա մի ծառ երկրի մեջտեղում. նա շատ բարձր էր։
(Գրաբար) Տեսանէի յանկողնի իմում, և ահա ծա՛ռ մի’ի մէջ երկրի. և բարձրութիւն նորա բազում յոյժ։
Պատմամշակութային մեկնություն
Համաշխարհային ծառը: «Համաշխարհային ծառ» հասկացությունը հանդիպում է Հին Մերձավոր Արևելքի բոլոր դիցաբանություններում: Այս խորհրդանիշը օգտագործվում է նաև Եզեկիելի մարգարեության 31–րդ գլխում: Այս ծառի արմատները սնվում են մեծ ստորգետնյա օվկիանոսի ջրերից, իսկ նրա գագաթը միաձուլվում է ամպերի հետ. այդպիսով այն կապում է երկինքը, երկիրը և անդրաշխարհը: «Էռայի և Աղմուկի մասին» առասպելում Մարդուկը խոսում է «meshu» ծառի մասին, որի արմատները օվկիանոսի միջով ներթափանցում են մինչև սանդարամետ, իսկ գագաթը բարձրանում է երկնքից վեր: Շումերական «Լուգալբանդա և էնմերկար» էպոսում նմանատիպ դեր է խաղում «արծիվ–ծառը»: Սուրբ ծառի թեման իր արտացոլումն է գտել նաև ասորական մշակույթում, այդ թվում՝ ռելիեֆներում: Ոմանք այն անվանում էին «կյանքի ծառ», ոմանք՝ «համաշխարհային ծառ»: Դրա կողքին հաճախ պատկերվում էին կենդանիներ և մարդանման կերպարներ, հնարավոր է՝ աստվածներ: Գագաթից վեր, ուղղակիորեն կենտրոնական առանցքի երկայնքով, սովորաբար տեղակայված է թևավոր սկավառակ: Համարվում է, որ «համաշխարհային ծառը» խորհրդանշում է աշխարհում հաստատված աստվածային կարգը, բայց այս մասին բավարար քանակությամբ գրավոր նյութեր չկան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: