Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):17

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ Դանիէլն ասաց թագաւորի առաջ. «Քո պարգեւները թող քեզ մնան, եւ քո տան պատիւը դու ուրիշի՛ն տուր, իսկ ես այդ գրութիւնը կը կարդամ եւ դրա մեկնութիւնը կը յայտնեմ քեզ:
   
   Դանիելը, ներս մտնելով, ոչ միայն բացատրում է գրվածը, այլև երկար ու խրատական ելույթ է ունենում, սակայն դա  անում է ոչ թե թագավորին օգուտ տալու, այլ ուրիշներին ավելի լավը դարձնելու համար: Սակայն նայի՛ր մարգարեին: Նրա (Բաղդասարի) հոր առաջ նա շփոթվեց հոգով (Դան. 4։16), իսկ այժմ նա  շփոթություն չի զգում: Ի՞նչ է նա ասում։ (Այստեղ ընթերցի՛ր 5։17 համարը)։ Ինչի՞ համար է նա հրաժարվում նվերներից: Որպեսզի դու իմանաս, որ նա դրանց համար չի խոսում: Նա դա առանց զայրույթի է ասում  և հետևաբար ավելացնում է. «Իսկ ես այդ գրությունը կկարդամ և դրա մեկնությունը կհայտնեմ քեզ»: Տեսնո՞ւմ ես, թե նա ինչպես է հարստությունից ու պատիվներից բարձր կանգնում.  նա ոչ մի արքայական իրի կարիք չունի: Այդպիսին պետք է լինեն Աստծո գործերը հռչակողները: Նա հրաժարվում է, որպեսզի թագավորը չմտածի, որ նվերներով մարգարեին իր կողմը գրավեց, կամ էլ, որ ասվածի մեջ որևէ մարդկային բան կա: Ի՞նչ է նա ասում։ Նախքան գրածը բացատրելը նա խորհուրդներ է տալիս ու  Բաղդասարին հիշեցնում է  իր հոր հետ կատարվածի մասին:
   

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ Դանիելը պատասխանեց և ասաց թագավորին. «Թող քո պարգևները քեզ մնան, և պատիվները մեկ ուրիշի՛ն տուր, իսկ այդ գրությունը ես կկարդամ թագավորի համար և նրան կբացատրեմ դրա նշանակությունը»։ (Սինոդական թարգ․) [17]
   
   Պարգևից հրաժարվելով՝ Դանիելը ցանկանում է ասել, որ ինքը՝ որպես Տիրոջ մարգարե, առանց որևէ եսասիրական հայացքների և հաշվարկի է ճշմարտությունն ասելու, ինչպիսին էլ,  որ այն լինի՝ թագավորի համար հաճելի կամ տհաճ:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եւ Դանիէլն ասաց թագաւորի առաջ. «Քո պարգեւները թող քեզ մնան, եւ քո տան պատիւը դու ուրիշի՛ն տուր, իսկ ես այդ գրութիւնը կը կարդամ եւ դրա մեկնութիւնը կը յայտնեմ քեզ:
(Արարատ թարգ․ 5։17) Այդ ժամանակ Դանիելը թագավորի առաջ պատասխանեց. «Պարգևներդ քեզ լինեն, իսկ ընծաներդ ուրիշի՛ տուր. ես թագավորի համար կկարդամ գրվածքը և մեկնությունը կիմացնեմ նրան։
(Գրաբար) Եւ ասէ Դանիէլ առաջի թագաւորին.Պարգևք քո քե՛զ լիցին, և զպատիւ տան քոյ այլո՛ւմ տուր. բայց զգիրդ ե՛ս ընթերցայց, և զմեկնութիւն դորա ցուցի՛ց քեզ։