Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):7

Ա. Լոպուխին

«Թագավորն ուժգին գոչեց, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և գուշակներին։ Թագավորը սկսեց խոսել և ասաց Բաբելոնի իմաստուններին. «Ով կարդա այս գրությունը և ինձ բացատրի դրա նշանակությունը, նա ծիրանի պիտի հագնի, և ոսկյա շղթա կլինի նրա պարանոցին, ու թագավորության մեջ երրորդ իշխանավորը պիտի դառնա»։ (Սինոդական թարգ․) [7]
   
   Արձանագրությունը կարդալու համար Բաղդասարն այնպիսի պարգև է խոստանում, որը սովորաբար կարևոր ծառայության համար տալիս են արևելյան թագավորները:  Նա ծիրանագույն թիկնոց է խոստանում, որի պատրաստման համար օգտագործվող գործվածքի արտադրությամբ հատկապես հայտնի էր Բաբելոնը (Եզեկ. 27։24), և ոսկե շղթա: Նմանատիպ սովորություն պահպանվել է նաև եգիպտացիների (Ծննդ. 41։42), մարերի, պարսիկների (Եսթ. 6։8, 8։15), սիրիացիների (Ա Մակաբ. 10։20, 14։43–44) և այլ հին ժողովուրդների շրջանում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Թագաւորը ուժգին աղաղակով հրամայեց բերել մոգերին, աստղագուշակներին, գիտուններին եւ ասաց բաբելացիների իմաստուններին. «Ով որ կարդայ այդ գրութիւնը եւ նրա մեկնութիւնը յայտնի ինձ, ծիրանի պիտի հագնի, իր պարանոցին պիտի կրի ոսկեայ մանեակ եւ իմ թագաւորութեան երրորդ մարդը պիտի դառնայ»:
(Արարատ թարգ․ 5։7) Թագավորն ուժգին գոչեց, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և բախտագուշակներին։ Թագավորն ասաց Բաբելոնի իմաստուններին. «Ով կարդա այս գրվածքը և մեկնությունն ինձ իմացնի, նա ծիրանի պիտի հագնի, ոսկյա մանյակ կլինի նրա պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը պիտի դառնա»։
(Գրաբար) Եւ աղաղակեաց թագաւորն զօրութեամբ՝ ածել զմոգս և զքաղդեայս, և զգէտս. և ասէ ցիմաստունս Բաբելացւոց. Որ ոք ընթերցցի՛ զգիրդ զայդ, և զմեկնութիւն դորա ցուցանէ ինձ, ծիրանի՛ս զգեցցի, և մանեակ ոսկի’ի պարանոց իւր. և երրորդի՛ թագաւորութեան իմում տիրեսցէ։
   
    Պատմամշակութային մեկնություն
   Թագավորի խոստացած պարգևը: Ծիրանին պատրաստվում էր շատ թանկարժեք ներկի օգտագործմամբ (այս մասին ընթերցի՛ր Թվեր. 4։6 և Ես. 8։15 համարների մեկնաբանությունների մեջ) և բացառապես արքայական հանդերձանք էր: Ոսկե շղթան ծառայում էր որպես արքայական արժանապատվությունը մատնանշող հատուկ տարբերանշան: Հերոդոտոսի մոտ այս իրերը հիշատակվում են որպես Կամբիսեսի կողմից Եթովպիայի թագավորին ուղարկված արքայական նվերներ: Արձանագրությունը մեկնաբանող իմաստունը կարող էր Բաղդասարից և նրա հայր Նաբոնիդից հետո դառնալ թագավորության երրորդ կառավարիչը: