Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):1

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Բաղդասարի՝ Բաբելոնի թագավորի առաջին տարում Դանիելը երազ տեսավ և իր գլխում մարգարեական տեսիլքներ ունեցավ իր անկողնում։ Այնուհետև նա գրի առավ այդ երազը՝ ներկայացնելով հարցի էությունը»։ (Սինոդական թարգ․) [1]
   

   Նաբուգոդոնոսորի երազի նման (տե՛ս գլուխ 2) 7–րդ գլխի տեսիլքը բացահայտում է երկրային չորս միապետությունների հաջորդական փոփոխության և նրանց նկատմամբ աստվածային դատաստանից հետո Աստծո հավիտենական Արքայության հաստատման գաղափարը: Գլխավոր գաղափարի շուրջ միավորված լինելով՝ դրանք հիմնականում տարբերվում են այն մարմնավորող պատկերներով: Երկրորդ գլխում այս վերջինները փոխառված են անշունչ նյութական օբյեկտների, իսկ յոթերորդ գլխում՝ կենդանի էակների տիրույթից: Պատկերների այս տարբերությունը Աստծո Արքայության և երկրային թագավորության վերաբերյալ եղած երկու տարբեր տեսակետների արտահայտությունն է: Հեթանոս Նաբուգոդոնոսորի համար աշխարհի զորությունը փայլուն մետաղ էր, իսկ Աստծո Արքայությունը՝ անարժեք քար. Աստծո Արքայության համեմատությամբ երկրային թագավորությունները նրան անհամեմատ ավելի գերազանց էին թվում: Ընդհակառակը, Դանիելի համար պարզ էր, թե ինչն է այս վերջինի գերազանցությունը առաջինի նկատմամբ, ուստի այն ներկայացված է նրա՝ Մարդու Որդու   գլխի պատկերի ներքո, իսկ երկրայինները` տարբեր կենդանիների պատկերների ներքո. քանզի մարդը կենդանուց բարձր է: Բացի այդ, 7–րդ գլխի տեսիլքը տարբերվում է բովանդակայնությամբ: Այն շղարշված կերպով խոսում է Աստծո Արքայության ճակատագրի մասին, որը կապված է նեռի հայտնվելու հետ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Քաղդէացիների Բաղդասար արքայի առաջին տարում Դանիէլը երազ տեսաւ. գլխում մի տեսիլք երեւաց, երբ իր անկողնում էր, եւ նա գրի առաւ իր երազը:
(Արարատ թարգ․ 7։1) Բաբելոնի Բաղդասար թագավորի առաջին տարում Դանիելն իր անկողնում երազ տեսավ և իր գլխում ՝ տեսիլքներ. հետո գրեց երազը և սկսելով խոսքը ՝ ասաց։
(Գրաբար) Յամին առաջներորդի Բաղտասարայ արքայի Քաղդեացւոց, երա՛զ ետես Դանիէլ. և տեսիլ գլխոյ նորա յանկողնի իւրում. և զերազն գրեա՛ց: