Դանիելի մարգարեության մեկնություն 2(1):18

Սուրբ Հովհան Ոսկեբերան

18-20. Իսկ երբ ժամանակը լրացավ, թագավորը հրամայեց բերել նրանց: Ներքինապետը նրանց բերեց Նաբուքոդոնոսորի առաջ, և արքան խոսեց նրանց հետ: Բոլորի մեջ չգտնվեց ոչ ոք, որ նման լիներ Դանիելին, Անանիային, Միսայելին և Ազարիային: Եվ նրանք կանգնեցին թագավորի առաջ: Իմաստության ու գիտության այն բոլոր բաների մասին, որ թագավորը հարցնում էր նրանց, այդ բոլորի մեջ նրանց գտնում էր տասնապատիկ առավել, քան բոլոր գիտուններին ու մոգերին, որ նրա թագավորութեան մեջ էին:

   

   «Իսկ երբ ժամանակը լրացավ»,– ասում է,– նրանք բոլորին գերազանցեցին և՛ գեղեցկությամբ, և՛ առողջությամբ: Տե՛ս, թե ինչպես է այդ ամենը գերբնական, տե՛ս, թե ինչպես է Արարիչն արտահայտում իր գործունեությունը: Քանի որ քանդակագործը ոչ միայն նա է, ով կարող է հալեցնել պղինձը և նրան ձև տալ, այլ նրանից  պակաս չէ նաև այն մեկը, ով կարող է շտկել արդեն պատրաստված արձանը. նույնը  կարելի է տեսնել նաև Աստծո և այս երիտասարդների առնչությամբ: Նման կերպ սնվելուց հետո մարմինների առողջ պահելը արարչագործական զորության, ինչպես նաև մարդու հողից ստեղծման պակաս ապացույց չէ: Որտեղի՞ց նրանց առողջ տեսքը, որտեղի՞ց՝ շողացող գույնը, որտեղի՞ց՝ զորությունը: Դուք գիտեք, որ ջուր խմելը և սերմ ուտելը թուլացնում է ձեր ուժը: Նրանք նույնիսկ չէին ցանկանում հացով սնվել. փոքր չէ նաև եփած և չեփած ցորենի միջև եղած տարբերությունը. ուժը ամրանում է ոչ միայն ուտելուց, այլև մատուցվողի եփելուց, սակայն սերմերին եփելը բնորոշ չէ: Ուշադրությո՛ւն դարձրու, որ այս խնդրանքը բխում էր ոչ թե հարցնողների փառասիրությունից, այլ հրատապ անհրաժեշտությունից: Նրանք  ոչ թե ուղղակի, առանց որևէ պատճառի, իրենց փորձության ենթարկեցին, այլ դա արեցին ըստ պահանջի: Երիտասարդների հոգին հեռու էր փառասիրությունից: Բայց ո՞վ, այդպիսի հավատ ունենալով և օտարների մեջ լինելով, չի ցանկանա իշխանավորներին  ցույց տալ այն բարեհաճությունը, որն Աստված ունի իր հանդեպ: Իսկ նրանք դա չէին ցանկանում: Տե՛ս նաև, թե ինչպես է նրանց կողմից երեցների դատապարտումը միայն անհրաժեշտությունից առաջանում:
   

Ա. Լոպուխին

18-20. «Այդ օրերի վերջում, երբ թագավորը հրամայեց ներկայացնել նրանց, ներքինապետը նրանց ներկայացրեց Նաբուգոդոնոսորի առաջ»։ [18] «Եվ թագավորը խոսեց նրանց հետ, և այդ բոլոր պատանիների մեջ Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նմանները չգտնվեցին, և նրանք սկսեցին ծառայել թագավորի առաջ»։ «Եվ իմաստուն իմացությանը վերաբերող ամեն բանի մեջ, որ թագավորը նրանց հարցնում էր, նրանց տասնապատիկ ավելի բարձ գտավ այն բոլոր մոգերից ու հմայողներից, որոնք կային իր ամբողջ թագավորության մեջ»։ (Սինոդական թարգ․)
   
   Հեթանոսական կերակուրներից Դանիելի հրաժարվելը նրա բարեպաշտության դրսևորումն էր, որի համար նա Աստծո կողմից օժտվել էր մարդկային իմաստությունից վեր իմաստությամբ, որը դրսևորվում էր ինչպես քաղդեական գիտության յուրացման, այնպես էլ երազներն ու տեսիլքները մեկնելու ունակության մեջ (Դան. 2։17–19, 27–28): «Քաղդեական ուսուցումը չէր,– ասում է երանելի Թեոդորիտը,– որ Դանիելին իմաստուն դարձրեց և լցրեց ամեն իմաստությամբ, այլ Աստծո շնորհով նա արժանի դարձավ բոլոր գիտելիքների իմաստին և իմաստնությանը, և բոլորից լավը եղավ»:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Իսկ երբ ժամանակը լրացաւ, թագաւորը հրամայեց բերել նրանց: Ներքինապետը նրանց բերեց Նաբուքոդոնոսորի առաջ, եւ արքան խօսեց նրանց հետ:
(Արարատ թարգ․1։18) Երբ լրացան այն օրերը, որոնցից հետո թագավորը հրամայել էր նրանց բերել, ներքինապետը նրանց Նաբուգոդոնոսորի առաջ տարավ։
(Գրաբար) Եւ յետ կատարածի աւուրցն՝ հրամա՛ն ետ թագաւորն ածել զնոսա. և ա՛ծ զնոսա ներքինապետն առաջի Նաբուքոդոնոսորայ.