Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):21

Սուրբ Եփրեմ Ասորի

Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները: Թագավորներ է կարգում և փոփոխում, իմաստուններին իմաստություն է տալիս և խելամիտներին՝ իմացություն, բացահայտում է խորին և ծածուկ բաները,
   
   «Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները», այսինքն` մարմնի չորս փոփոխություններով ներկայացված չորս թագավորությունների ժամանակները: «Թագավորներ է կարգում և փոփոխում»: Այստեղ խոսվում է այն թագավորությունների մասին, որոնք հաջորդում էին մեկը մյուսին և գերիշխում էին մյուսների վրա: «Իմաստուններին իմաստություն է տալիս», քանզի Նա երազը բացեց Աստծուց վախեցող իմաստունների առաջ: Եվ առաջնորդում է խելամիտների միտքը, այսինքն` նաև երազի մեկնությունը բացահայտում է մարգարեական խորհուրդների իմաստներով առաջնորդվողներին:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները: Թագավորներ է կարգում և փոփոխում, իմաստուններին իմաստություն է տալիս և խելամիտներին՝ իմացություն, բացահայտում է խորին և ծածուկ բաները,
   
   Ի՞նչ է: Նա միայն կանխատեսում է, բայց չի՞ գործում: Ո՛չ, նաև գործում է: «Փոփոխում է ժամերն ու ժամանակները»: Նա խոսում է ոչ թե տարիների, այլ գործերի փոփոխությունների մասին: «Թագավորներ է կարգում և փոփոխում», քանի որ Նա է անում այս փոփոխությունները: Բայց Նա միայն կանխատեսո՞ւմ է: Արդյո՞ք Նրան որևէ այլ մեծագույն բան, այսինքն` իշխանություն և ուրիշներին տեսիլքներ հայտնելու կարողություն հատուկ չէ: «Իմաստուններին իմաստություն է տալիս»: Ոչ թե նրանց, որոնք նախկինում իմաստուն էին եղել, այլ նրանց, ում Նա է իմաստություն շնորհում: Եթե ​​ինչ–որ իմաստունի իմաստությունը Նրանից չէ, ապա այդ մարդը իմաստուն չէ: Մի՛ կարծեք, որ իմաստությունը քաղդեացիների արվեստն է: Ահա՛, թե ինչու է ասում. «Խելամիտներին է պատկանում իմացությունը»:
   

Ա. Լոպուխին

21-22․ «Նա փոխում է ժամանակներն ու եղանակները, թագավորներին գահընկեց է անում ու գահ է բարձրացնում թագավորներին, իմաստություն է տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին»։ [21] «Նա բացահայտում է խոր և ծածուկ բաները, գիտի, թե ինչ կա խավարում, և լույսը Նրա հետ է բնակվում»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարդկության մեջ տեղի ունենալիք մեծ հեղաշրջումների մասին նախանշելով և աշխարհի ճակատագրերի վրա Տիրոջ ունեցած վերին իշխանության մասին խոսելով` երազը վկայում է Աստծո զորության մասին: Տերը,  իր կամքի և զորության համաձայն, «փոփոխում է ժամանակներն ու տարիները, թագավորներ է կարգում և փոփոխում» (Ա Թագ. 2։7–8, Առակ. 8։14): Մարդկային իմաստության համար իր իմաստով անհասանելի է այն, ինչը Դանիելին բացահայտեց և բացատրեց ինքը՝ Աստված, հենց դա էլ խոսում է աստվածային իմաստության մասին (Դան. 2։22):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները: Թագաւորներ է կարգում եւ փոփոխում, իմաստուններին իմաստութիւն է տալիս եւ խելամիտներին՝ իմացութիւն, բացայայտում է խորին եւ ծածուկ բաները,
(Արարատ թարգ․ 2։21) Նա է եղանակներն ու ժամանակները փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ կարգողը, նա է իմաստություն տալիս իմաստուններին և գիտություն՝ հանճարեղներին:
(Գրաբար) և նա փոփոխէ զժամանակս՝ և զժամս. կացուցանէ զթագաւորս և փոփոխէ. տա՛յ իմաստութիւն իմաստնոց՝ և խորհուրդ խորհրդականաց.