Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):7

Ա. Լոպուխին

7-9. «Նրանք երկրորդ անգամ պատասխանեցին և ասացին. «Թագավորը երազը թող պատմի իր ծառաներին, և մենք կբացատրենք դրա նշանակությունը»»։ [7] «Թագավորը պատասխանեց և ասաց. «Հաստատապես գիտեմ, որ դուք ուզում եք ժամանակ շահել, որովհետև տեսնում եք, որ ինձնից խոսք է դուրս եկել»»: «Դուք ինձ երազները չեք հայտնում, քանի որ դուք մեկ նպատակ ունեք. դուք պատրաստվում եք սուտ և կեղծ բան ասել ինձ, քանի դեռ ժամանակն անցնում է. ուրեմն պատմե՛ք ինձ երազը, և այդ ժամանակ ես կիմանամ, որ դուք ինձ կարող եք բացատրել նաև դրա նշանակությունը»։
(Սինոդական թարգ․)
   
   Իմաստունների պատասխանից Նաբուգոդոնոսորը հասկանում է, որ նրանք չեն տիրապետում վերին գիտելիքների, հասկանում է նաև այն, որ նրանք չեն ցանկանում դա խոստովանել՝ հույս ունենալով այս կամ այն ​​կերպ դուրս գալ բարդ իրավիճակից (այսինքն՝ «ժամանակ շահել»): Իմաստունները սպասում էին, որ «որոշակի ժամանակ անցնի», այսինքն՝ թագավորն անձամբ իր տեսած երազի մասին ինչ–որ բան ասի, կամ էլ որևէ հանգամանք ի հայտ գա, որը հնարավորություն կտա թափանցելու իրենց համար անհայտ գաղտնիքի մեջ: Բայց այդպիսի ակնարկների և գուշակությունների վրա հիմնված պատասխանը հեռու կլիներ ճշմարտությունից («պատրաստվում եք ինչ–որ խաբուսիկ ու խորամանկ բան ասելու»): Հետևաբար, Նաբուգոդոնոսորը իմաստուններից պահանջում է անհապաղ հայտնել իր տեսած երազի բովանդակությունը: Սա կլիներ որպես նրանց՝ վերին գիտելիքներ ունենալու ապացույց և, միևնույն ժամանակ, երաշխիք, որ բացատրությունն ինքնին զերծ է սխալներից:
--------------------------------
[7] (Էջմիածին թարգ․) Երկրորդ անգամ պատասխանեցին նրան եւ ասացին. «Թող արքան ասի երազը իր ծառաներին, եւ մենք կը յայտնենք նրա մեկնութիւնը»:
(Արարատ թարգ․ 2։7) Նրանք կրկին պատասխանեցին և ասացին. «Թագավորը երազը թող ասի իր ծառաներին, և մենք կիմացնենք նրա մեկնությունը»։
(Գրաբար) Պատասխանի՛ ետուն կրկին անգամ, և ասեն. Ասասցէ արքայ զերազն ծառայից իւրոց, և զմեկնութիւն նորա պատմեսցուք։