Սուրբ Հովհան Ոսկեբերան
Ո՛վ Տեր, դու ինձ հրապուրեցիր, և ես հրապուրվեցի, դու ինձնից զորավոր եղար և հաղթեցիր. ես ամբողջ օրը հեգնանքի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ։
Գուցե շատերը կարծում են, որ մարգարեն համարձակ է արտահայտվում, երբ ասում է, որ Աստված հրապուրում ու խաբում է մեզ: Բայց մենք ուշադրություն կդարձնենք այն հանգամանքին, որ սրանք վշտի խոսքեր են. քանի որ մարգարե լինելով հանդերձ՝ նա նաև մարդ է: Ինչո՞ւ է ասում՝ «Դու ինձ խաբեցիր»: Ահավասիկ, ես այսօր քեզ կանգնեցրի որպես պղնձե ամուր պարիսպ, նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել (Եր. 1:18, 19): Մարգարեն սա ասում է այն ժամանակ, երբ նրան բանտարկում են, բայց հաղթել չեն կարողանում. քանզի եթե ջախջախեին, ապա քաջությունն էլ կկործանեին: Այստեղ ինձ հետ ուշադրություն դարձրե՛ք առաքյալների գործունեության պատկերմանը. քանզի նրանցից ոչ մեկը նման բան չի ասել կամ չի բողոքել: Այլ, ընդհակառակը, առաքյալն ասում է. «Այժմ ուրախանում եմ իմ տառապանքների համար» (Կողոս. 1:24): Աստված ոչ թե խոստացել է, որ դու որևէ արհավիրք չես կրի, այլ խոստացել է, որ եթե համբերես, չես պարտվի:
Մարգարեն բողոքում է մարդկանցից վիրավորանքներ ստանալու համար. նրա վրա հարձակվում էին որպես ստախոսի, քանի որ Աստված ուշացնում էր պատիժը: Հետևաբար նա ավելացնում է. «Նրանք ամբողջ օրը ծաղրում ու նախատում էին ինձ»: Ապա նաև ավելացնում է. «Չհաղթեցին ինձ»: Առանց իմ համաձայնության որքան ծանր դրության մեջ Դու կարող ես ինձ դնել: Վտանգներից, զրպարտություններից և մահից բացի, նրան պակաս չէին տխրեցնում նաև ծաղրը, վիրավորանքները, ծիծաղը և նման ուրիշ բաներ:
Ա. Լոպուխին
«Դու հրապուրեցիր ինձ, Տե՛ր, և ես հրապուրված եմ. Դու ինձնից զորավոր ես, և հաղթեցիր, և ես ամեն օր ծաղրի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ»։ (Սինոդակ. թարգմ.)[7]
Եբրայերենից ավելի ստույգ թարգմանվում է հետևյալ կերպ. «Դու ինձ հրապուրել կամ համոզել ես, Տե՛ր, և ես իմ կամքի դեմ եմ գործում»:
Մարգարեի բողոքն իր վիճակի ծանրության մասին և Աստծո մխիթարությունը
Այն վիրավորանքները, որոնց ենթարկվում է մարգարեն, նրան կրկին ստիպում են դժգոհել իր ճակատագրից: Նա նույնիսկ որոշում է դադարեցնել մարգարեանալը, սակայն չի կարողանում իրականացնել իր որոշումը: Տերը խրախուսում է մարգարեին շարունակել ծառայությունը՝ իր օգնության վրա հույս դնելով։ Իսկ մարգարեն իր վստահության երաշխիքը տեսնում է իր թշնամիների ոչնչացման մեջ: Բայց շուտով մարդկային թուլությունը կրկին զգացնել է տալիս, և մարգարեն անիծում է իր ծննդյան օրը:
---------------------------------------
[7] (Էջմիածին թարգմ.) Տէ՛ր, խաբեցիր ինձ, ու ես խաբուեցի. յաղթեցիր ու զօրացար: Ծաղր ու ծանակի առարկայ դարձայ, օրս մթնեցրի ծաղրի մէջ,
(Արարատ թարգմ.) Ո՛վ Տեր, դու ինձ հրապուրեցիր, և ես հրապուրվեցի, դու ինձնից զորավոր եղար և հաղթեցիր. ես ամբողջ օրը հեգնանքի առարկա դարձա, բոլորը ծաղրում են ինձ։
(Գրաբար) Խաբեցեր զիս Տէր, եւ խաբեցայ, յաղթահարեցեր եւ զաւրացար. եղէ ի կատականս. զաւր ամենայն հանի ի գլուխ այպանեալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: