Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Ահա քո հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը քեզ մօտ է գալու եւ ասելու. «Դու քեզ համար գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում, որովհետեւ ազգակցութեան կարգով պատշաճ է, որ դո՛ւ առնես այն որպէս սեփականութիւն»»:
Ժողովրդի վերադարձը մատնանշելուց հետո ասվածը հաստատելու համար Տերը հրամայում է, որ արքայական բանտում բանտարկված մարգարեն իր քեռու, այսինքն՝ Անամայելի (’Ανανιήλ) արտը գնի: Սա անելուց, այսինքն՝ փաստաթղթերը ստորագրելուց և արտը որպես իր տիրույթ ստանալուց հետո մարգարեն Բարուքին պատվիրում է այդ գիրքը (τό βιβλίον, այսինքն՝ առք ու վաճառքի պայմանագիրը) դնել կավե անոթի մեջ՝ որպես նշան այն բանի, որ ժողովուրդը կրկին տիրելու է այդ հողին: Երբ Բարուքը հեռանում է քաղաքից (դա Սեդեկիա թագավորի կառավարման տասներորդ տարին էր, որի ընթացքում էլ Բաբելոնի թագավորը սկսում է Երուսաղեմի պաշարումը), մարգարեն աղոթում է Աստծուն ու զարմանում պատահածից, կամ այն բանից, թե ինչպես Տերն իրեն արտ գնել հրամայեց, եթե քաղաքը հանձնում է քաղդեացիներին: Նա իր ասածների վերաբերյալ կասկածների մեջ է ընկնում: Հետևաբար նա, որպես դրան հաջորդած աստվածային պատասխան, շարունակում է իր ելույթը:
Ա. Լոպուխին
«Ահա Անամեյիլը` քո հորեղբայր Սեղղումի որդին, պիտի գա քեզ մոտ` ասելու. «Քեզ համար գնի՛ր իմ արտը, որն Անաթովթում է, որովհետև ազգակցական իրավունքը քոնն է` այն գնելու համար»։ (Սինոդական թարգմ.) [7]
Երեմիան, հավանաբար, Անամայելի ամենամոտ ազգականն էր, և, հետևաբար, այս մարդը, ով հավանաբար ֆինանսական ծանր վիճակում էր, հենց Երեմիային է առաջարկում իր հողամասը գնել, քանի որ այդպես էր պահանջում Մովսեսի օրենքը (Թվ. 27:8–11, Ղևտ. 25:25)։ Իհարկե, այս վայրն Անաթոթի պարիսպների մոտ էր, քանի որ այստեղ ղևտացիները սովորաբար արոտավայրեր էին ունենում (Թվ. 35:2): Եթե Ղևտացվոց գրքի 25:34–ում նմանատիպ հողամասեր վաճառելը արգելվում է, ապա պետք է ասել, որ այդ արգելքը, հավանաբար, վերաբերում էր դրանք օտար ցեղի պատկանող հրեաներին վաճառելուն:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:1
------------------------------
[7](Էջմիածին թարգմ.) «Ահա քո հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը քեզ մօտ է գալու եւ ասելու. «Դու քեզ համար գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում, որովհետեւ ազգակցութեան կարգով պատշաճ է, որ դո՛ւ առնես այն որպէս սեփականութիւն»»:
(Արարատ թարգմ.) Ահա քո հորեղբոր՝ Սեղղումի որդի Անամայելը քեզ մոտ պիտի գա և ասի. "Գնի՛ր իմ արտը, որ Անաթովթում է, որովհետև փրկագնման իրավունքը քոնն է, որպեսզի գնե"»։
(Գրաբար) Ահաւադիկ Անամայէլ որդի Սելովմայ հաւրեղբաւր քոյ գայ առ քեզ՝ եւ ասէ. Ստացիր դու քեզ զագարակն իմ, որ է յԱնաթովթ. զի քեզ իսկ է անկ ըստ մերձաւորութեան առնուլ ի ստացուած։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: