Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
1-2․ Խոսքը, որ ուղղվեց Տիրոջից Երեմիային, հետևյալն էր. «Կանգնի՛ր Տիրոջ տան դարպասների մոտ և այնտեղ կարդա՛ այս խոսքերը և ասա՛. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, բոլո´ր հրեաներդ, որ մտնում եք այս դարպասներով, որպեսզի երկրպագեք Տիրոջը»:
Սա Յոթանասնից թարգմանության մեջ չկա, բայց այն եբրայերենով ավելացված է Թեոդորիտոնի կողմից: Մարգարեին հրամայվում է, որպեսզի նա կանգնի Տիրոջ տան դարպասների մոտ, որտեղով Տիրոջը երկրպագելու համար շատ ժողովուրդ էր մտնում, որպեսզի այս եղանակով նրանք կարողանային լսել, թե ինչ է պատվիրում Տերը: Դրանից մենք պատկերացում ենք կազմում հրեա ժողովրդի համառության մասին: Քանզի նրանք մարգարեներին, ասես, ստախոս ու խենթ էին համարում, երբ իրենց ստիպում էին լսել Տիրոջ խոսքերը՝ ոչ թե դրանց Տիրոջ խոսքեր լինելու, այլ տեղի նշանակության ու մեծության պատճառով:
Ա. Լոպուխին
1-2․ «Խոսքը, որը հասավ Երեմիային Տիրոջ կողմից»:[1] «Կանգնի՛ր Տիրոջ տան դռների մոտ և այնտեղ հայտարարի՛ր այս խոսքը և ասա՛. «Լսե՛ք Տիրոջը խոսքը, բովանդակ Հուդա, որ մտնում եք այս դռներով՝ Տիրոջը երկրպագելու»»։ (Սինոդական թարգ․)
Այստեղից սկսվում է Երեմիա մարգարեի, այսպես կոչված, «տաճարային խոսքը», որն ասվել է Երուսաղեմի տաճարում: Այն ավարտվում է իններորդ գլխով: Դրա և Հովակիմի թագավորության առաջին շրջանում ասված երեսունվեցերորդ գլխի խոսքի նմանությունը իրավունք է տալիս դրա ծագումը վերագրելու այդ նույն ժամանակին: «Տիրոջ տան դարպասի մոտ», այսինքն՝ դեպի արտաքին գավիթ տանող դարպասի մոտ, որտեղ ժողովուրդն էր կանգնում, և ոչ թե ներքին կամ քահանայական դարպասի մոտ, որտեղ ժողովրդին թույլ չէին տալիս (Եզեկիել. 40։17):
1-15․ «Խոսքը, որը հասավ Երեմիային Տիրոջ կողմից»: «Կանգնի՛ր Տիրոջ տան դռների մոտ և այնտեղ հայտարարի՛ր այս խոսքը և ասա՛. «Լսե՛ք Տիրոջը խոսքը, բովանդակ Հուդա, որ մտնում եք այս դռներով՝ Տիրոջը երկրպագելու»»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ուղղե՛ք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և Ես ձեզ կթողնեմ բնակվել այս վայրում»»։ «Մի՛ ապավինեք խաբուսիկ խոսքերի. «Այստեղ է Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը»»։ «Բայց եթե դուք ամբողջովին ուղղեք ձեր ճանապարհներն ու արարքները, եթե արդար դատաստան տեսնեք մարդու և նրա հակառակորդի միջև»: «Չճնշեք օտարերկրացուն, որբին ու այրուն և անմեղ արյուն չթափեք այս վայրում և չգնաք ուրիշ աստվածների հետևից, որ աղետ է ձեզ համար»: «Այդ դեպքում Ես ձեզ կթողնեմ բնակվել այս վայրում՝ այս երկրում, որը տվել եմ ձեր հայրերին սերնդեսերունդ»։ «Ահա, դուք վստահում եք խաբուսիկ խոսքերի, որոնք ձեզ օգուտ չեն բերի»։ «Ինչպե՞ս…դուք գողանում եք, սպանում ու շնություն եք գործում և սուտ երդում եք տալիս ու խնկարկում եք Բահաղին և գնում եք այլ աստվածների հետևից, որոնց դուք չեք ճանաչում»: «Եվ հետո գալիս եք ու կանգնում եք Իմ առջև` այս տանը, որն Իմ անունով է կոչված, և ասում եք. «Մենք փրկված ենք», որպեսզի այդուհետ անեք այդ բոլոր պղծությունները»։ ««Մի՞թե ձեր աչքին ավազակների որջ չի դարձել այս տունը, որն Իմ անունով է կոչված։ Ահա, Ես տեսա դա», - ասում է Տերը»։ «Գնացե՛ք Իմ այն տեղը, որ Սելովում է, ուր Ես նախապես բնակեցրել էի Իմ անունը, և տեսե՛ք, թե Ես ի՛նչ եմ արել նրա հետ՝ Իմ Իսրայել ժողովրդի ամբարշտության պատճառով»։ «Եվ հիմա, որովհետև դուք գործում եք այս բոլոր արարքները, - ասում է Տերը, - և Ես խոսեցի ձեզ հետ վաղ առավոտից, բայց դուք չլսեցիք, և կանչեցի ձեզ, բայց դուք չպատասխանեցիք»։ «Ուստի Ես էլ այն տանը, որն Իմ անունով է կոչված, որին դուք ապավինել եք, և այն տեղին, որը Ես տվել եմ ձեզ և ձեր հայրերին, պիտի անեմ ճիշտ այնպես, ինչպես որ արել եմ Սելովի հետ»։ «Եվ ձեզ պիտի վտարեմ Իմ առաջից, ինչպես որ վտարել եմ ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի բոլոր սերունդներին»։
Աստծու ցասումը Երուսաղեմի և նրա տաճարի հանդեպ
Հրեաները չափից շատ էին ապավինում իրենց անվտանգությանը՝ հավատալով, որ Տերն թույլ չի տա ավերել Իր տաճարը: Սակայն այդ անվտանգությունը Աստված նրանց կարող է խոստանալ միայն նրանց ուղղման դեպքում: Հիմա, երբ նրանք հենց Եհովայի տաճարը բոլոր տեսակի հանցագործների համար ապաստան են դարձրել, կարող են ակնկալել միայն դրա ավերումը և իրենց ամբողջ պետության անկումը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ահա այն պատգամը, որ Տէրը տուեց Երեմիային՝ ասելով.
(Արարատ թարգ․) Խոսքը հասավ Երեմիային Տիրոջից՝ ասելով.
(Գրաբար) Պատգամն որ եղեւ առ Երեմիայ ի Տեառնէ՝ եւ ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: