Երեմիայի մարգարեության մեկնություն 9:10

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի.

Կոծեցէ՛ք լեռների վրայ եւ ձա՛յն բարձրացրէք անապատի բլուրների վրայ, ողբացէ՛ք, որովհետեւ անցորդ մարդկանց բացակայութեան պատճառով դրանք ամայացան եւ չեն լսում անասունների ձայները: Երկնային թռչուններից մինչեւ անասունները բոլորը ցրուեցին ու գնացին:
 
    Կանխատեսվում է, որ բաբելոնական բանակի հարձակման ժամանակ տեղի են ունենալու երկրի ամայացում և համընդհանուր ավերածություն, որի համար լացելու են լեռներում, հեկեկալու են անապատում կամ անապատային արահետներում, քանի որ ամեն ինչ կործանվելու և այրվելու է, քանի որ երկրի միջով անցնող մարդ չի լինելու, երբ բոլորը սպանվեն, և ոչինչ չմնա, որը կարող է  շնչել և ապրել: Հետևաբար, «տիրապետել» բառի փոխարեն Յոթանասնիցը թարգմանել է «էություն», որը եբրայերենով կոչվում է «masne», և «էություն»–ն այստեղ ընկալվում է ոչ թե «οὐσία», այսինքն՝ «essentia», այլ «ունեցվածք և հարստություն» իմաստով: «Երկնային թռչուններից մինչև անասունները բոլորը ցրվեցին ու գնացին» նախադասությամբ ցույց է տալիս այն, ինչը մենք հաճախ ասում էինք, որ Աստծո բարկությունը զգում է ամեն ինչ, և որ անհետանալու են ոչ միայն օդում թռչող թռչունները, այլ նաև ջրում գտնվող ձկները։ Այլաբանական իմաստով լեռների համար լաց և անապատի գեղեցկության համար հեծկլտոց է բարձրանում, երբ Եկեղեցու իշխաններն են մեղք գործում, և նրանում Աստծուց ձեռքբերված ոչինչ չի գտնվում, և Եկեղեցու առաջնորդները  սրբերի և առաքելաշավիղ  մարդկանց միջոցով չեն լսում Տիրոջ ձայնը. Աստծո ժողովից հեռացել են երկնքի թռչունից մինչև անասունները, այսինքն՝ բարձունք բարձրանալ կարողացողներից մինչև բոլոր հիմարներն ու պարզամիտները:
 

Ա. Լոպուխին

«Լեռների համար լաց ու ողբ պիտի բարձրացնեմ, և տափաստանային արոտավայրերի համար՝ կոծ, որովհետև դրանք այրվել են, այնպես որ ոչ ոք այնտեղով չի անցնում, և չի լսվում նախիրների բառաչը. երկնքի թռչուններից մինչև անասուններ` բոլորը ցրվեցին, գնացին»։   (Սինոդական թարգմ.) [10]
 
    Մարգարեն սգում է իր ժողովրդի ճակատագրի համար։
    Մարգարեն գանգատվում է իր երկրից, որն ինքն արդեն ավերված է տեսնում, սակայն հրեաներին բացատրում է, որ նրանց դաժանությունն է պատճառը, որ արժանացել են նման ճակատագրի. նրանք մերժեցին Եհովայի օրենքը: Հատուկ լալկան կանայք կպահանջվեն` սգալու այն մեծ արհավիրքների համար, որ թափվելու են Հրեաստանի վրա, և այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը կլացի սիրելիների կորստի վշտից:

---------------------------------------
[10] (Էջմիածին թարգմ.) Կոծեցէ՛ք լեռների վրայ եւ ձա՛յն բարձրացրէք անապատի բլուրների վրայ, ողբացէ՛ք, որովհետեւ անցորդ մարդկանց բացակայութեան պատճառով դրանք ամայացան եւ չեն լսում անասունների ձայները: Երկնային թռչուններից մինչեւ անասունները բոլորը ցրուեցին ու գնացին:
(Արարատ թարգմ.) Լեռների համար բարձրաձայն լաց ու ողբ պիտի անեմ, անապատի արոտների համար՝ կոծ, որովհետև այրվել են. անցնող չկա, և արջառների ձայն չի լսվում։ Երկնքի թռչուններից մինչև անասունը փախան գնացին։
(Գրաբար) Բալիստր խոցոտիչ։ լեզուք նոցա նենգաւորք. եւ բանք բերանոյ նոցա ընդ ընկերի իւրում խաւսին զխաղաղութիւն, եւ ի սրտի իւրում ունին զթշնամութիւն։