Երեմիայի մարգարեության մեկնություն 2:36

Ա․ Լոպուխին

36-37. «Ինչո՜ւ ես դու այդքան շատ թափառում՝ փոփոխելով ճանապարհդ. դու պիտի խայտառակվես նաև Եգիպտոսի կողմից, ինչպես որ խայտառակվել ես Ասորեստանի կողմից»։[36] «Եվ այդտեղից էլ դու դուրս կգաս՝ ձեռքերդ գլխիդ դրած, որովհետև Տերը մերժել է քո հույսերը, և դու նրանց հետ հաջողություն չես ունենալու»։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն այստեղ անցում է կատարում Հովակիմ թագավորի ժամանակներին, որը հուդայական գահին բարձրացավ եգիպտական Նեհաո փարավոնի շնորհիվ։ Եգիպտացիների օգնությունը հուսալի չէ։  Իսրայելական դեսպանները, ի նշան տխրության և հուսահատության (Բ Թագ․ 13։19), Եգիպտոսից կգնան՝ ձեռքները գլխներին դրած։ Ակնհայտ է, որ մարգարեն այստեղ Եգիպտոսի թուլացման մասին է կանխատեսում, որը հաջորդում է Կարքեմիշի մոտակայքում Նաբուգոդոնոսորից Նեհաո փարավոնի կրած պարտությանը։

   Հատուկ նկատառումներ։ Մարգարեի առաջին խոսքերը (2−6−րդ գլուխներ) պատկանում են Հովսիա թագավորի ժամանակներին, և հավանաբար ասվել են մարգարեի ծառայության կանչվելուց հետո, երբ Երուսաղեմում արդեն ոչնչացվել էին կռապաշտության կոպիտ դրսևորումները, սակայն կրոնական բարեփոխումները դեռ ամբողջությամբ չէին իրականացվել։ Մարգարեն, դեռևս, ժողովրդին և առաջնորդներին նայում է որպես Աստծո բարկության տակ կանգնածների, որին  նրանք արժանացել էին  Եհովայից երկարաժամկետ հեռացմամբ։

   Քննադատությունը կասկածի տակ է դնում 2−րդ գլխի 4−13−րդ համարների վավերականությունը։  Դա արվում է այս բաժնի խիստ կտրուկ հանդիմանություններով լի բովանդակության  և չափազանց քարոզխոսական երանգի հիման վրա։ Սակայն այս բաժինը, ըստ իր ձևի և բովանդակության, ամբողջովին համապատասխանում է Երեմիայի գրքի այլ հատվածներին։ 2−րդ գլխի 2−12−րդ համարները կարդացվում են հոկտեմբերի 26−ին, որպես ընթերցվածք այն երկրաշարժի մասին հիշողության համար, որը տեղի է ունեցել Կոստանդնուպոլսում։
--------------------------------
[36] (Էջմիածին թարգ․) Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր:
(Արարատ թարգ․) Ինչքա՜ն ես թափառում՝ ճանապարհդ անընդհատ փոփոխելով. Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ես ամաչել։
(Գրաբար) զի արհամարհեցեր յոյժ կրկնեալ զճանապարհս քո. եւ յԵգիպտոսէ ամաչեսցես՝ որպէս ամաչեցերն յԱսորեստանւոյն։