Երեմիայի մարգարեության մեկնություն 6:9

Երանելի  Հերոնիմոս Ստրիդոնացի

Այսպես է ասում Զորությունների Տերը. «Խաղողի նման մինչև վերջ կհավաքեն Իսրայելի մնացորդը. աշխատի′ր քո ձեռքով, ինչպես զամբյուղ լցնող խաղող հավաքողը»։
   
   Այս բառերը ոմանց կողմից ընդունվում են լավ, իսկ ոմանց կողմից էլ՝ վատ իմաստով: Լավն այն իմաստով է, որ Երուսաղեմի ավերումից հետո մնացորդը փրկվելու է, իսկ վատն էլ այն է, որ խաղողի այգում չի մնալու ո´չ հատապտուղ, ո´չ էլ որևէ փոքր ճյուղ. ամեն ինչ կողոպտվելու է: Ասում է. «Խաղող հավաքողի նման  բոլոր գտածներդ հավաքի´ր զամբյուղի մեջ, և ինչպես նա է հատապտուղները հնձանում դնում, այնպես էլ դու գերիներին Բաբելո´ն քշիր»:

   

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին մինչև վերջ ճռաքաղ պիտի անեն, ինչպես խաղողը. աշխատի՛ր քո ձեռքով, ինչպես խաղող հավաքողը` լցնելով զամբյուղները»»։ (Սինոդական թարգ․)[9]
   
   «Իսրայելի մնացորդը» Հրեաստանի թագավորությունն է, որը Երեմիայի օրոք դեռ շարունակում էր պահպանել իր անկախությունը, քանզի դրանից ավելի մեծ Իսրայելի թագավորությունն արդեն ավերված էր:
   
9-21․ «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին մինչև վերջ ճռաքաղ պիտի անեն, ինչպես խաղողը. աշխատի՛ր քո ձեռքով, ինչպես խաղող հավաքողը` լցնելով զամբյուղները»»։ «Ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ զգուշացնեմ, որպեսզի լսեն: Ահա, նրանց ականջն անթլփատ է, և նրանք չեն կարող լսել. ահա, Տիրոջ խոսքը նրանց մեջ ծաղրվում է. այն տհաճ է նրանց համար»։ «Ուստի Ես լցված եմ Տիրոջ զայրույթով, չեմ կարող այն զսպել իմ մեջ. այն թափելու եմ փողոցի երեխաների վրա և երիտասարդների հավաքի վրա. պիտի վերցվեն մարդը` կնոջ հետ, ծերը՝ տարիքն առածի հետ»։ ««Եվ նրանց տները պիտի անցնեն ուրիշներին, ինչպես դաշտերն ու կանայք. որովհետև Ես պիտի երկարեմ Իմ ձեռքը այս երկրի բնակիչների վրա, - ասում է Տերը»։ «Որովհետև ամենափոքրից մինչև մեծը` նրանցից յուրաքանչյուրը հակված է շահամոլության, և մարգարեից մինչև քահանա` բոլորը գործում են խաբեությամբ»։ «Իմ ժողովրդի վերքերը բժշկում են թեթևամտորեն՝ ասելով. «Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն», բայց խաղաղություն չկա»։ ««Արդյո՞ք նրանք ամաչում են պղծություններ գործելիս. ոչ, բնավ չեն ամաչում ու չեն կարմրում։ Դրա համար պիտի ընկնեն ընկնողների հետ, և Իմ այցելության ժամանակ պիտի տապալվեն», - ասում է Տերը»։ «Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ձեր ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե որտեղ է բարի ճանապարհը, և ընթացե՛ք դրանով, ու հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար։ Բայց նրանք ասացին. «Չենք ընթանա»»։ «Եվ Ես պահապաններ նշանակեցի ձեզ վրա` ասելով. «Լսե՛ք փողի ձայնը»: Բայց նրանք ասացին. «Չենք լինելու»»։ «Ուրեմն լսե՛ք, ժողովուրդնե՛ր, և իմացի՛ր, հավաք, ինչ է լինելու նրանց հետ»։ «Լսի՛ր, երկի՛ր. ահա, Ես այս ժողովրդի վրա կործանում եմ բերելու՝ նրանց խորհուրդների պտուղը. որովհետև նրանք Իմ խոսքերը չլսեցին և Իմ օրենքը մերժեցին»։ «Իմ ինչի՞ն է պետք կնդրուկը, որը գալիս է Սաբայից, և անուշահոտ խնկեղեգը՝ հեռավոր երկրից։ Ձեր ողջակեզներն ընդունելի չեն, և ձեր զոհերը հաճելի չեն Ինձ»։ «Դրա համար Տերն այսպես է ասում. «Ահա, Ես այս ժողովրդի համար գայթակղության քարեր եմ դնում, և դրանց պատճառով պիտի սայթաքեն հայրերն ու որդիները միասին, հարևանն ու նրա ընկերը, և պիտի կորչեն»»։
 

   
   [Այստեղ նկարագրվում է] հրեաների բարոյական անկման խորությունը:

   Հրեաների մեղքերը չափազանց մեծ են, ուստի Աստծո բարկությունը տարածվում է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների վրա: Քանի որ հրեաները չցանկացան լսել Աստծո որևէ նախազգուշացում, ուստի նրանց  կհասնի կործանումը:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Քաղեցէ՛ք, քաղեցէ՛ք, Իսրայէլի այդ մնացորդներին ճռաքա՛ղ արէք եւ նորից նոյն գործին դարձէք, ինչպէս այգին քաղողն է դառնում դէպի իր գործը»:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Զորությունների Տերը. «Իսրայելի մնացորդին որթատունկի պես ամբողջովին ճռաքաղ պիտի անեն, քաղողի պես ձեռքդ կրկին անցկացրո՛ւ ճյուղերի վրայով»։
(Գրաբար) Զի այսպէս ասէ Տէր զաւրութեանց. Կթեցէք՝ կթեցէք. ճռաքաղ արարէք զմնացորդսդ Իսրայէլի, եւ անդրէն կրկնեսջիք որպէս կթաւղ յոճ իւր։