Զաքարիայի մարգարեության մեկնություն 10։10

Ա․ Լոպուխին

10-12․ «ու նրանց վերադարձնելու եմ Եգիպտոսի երկրից, և Ասորեստանից հավաքելու եմ նրանց ու բերելու եմ դեպի Գաղաադի երկիրն ու Լիբանան, և նրանց համար երկիրը չի բավականացնելու»: [10] «Աղետներն անցնելու են ծովի վրայով ու հարվածելու են ծովի ալիքներին, չորանալու են գետի բոլոր խորքերը, և հնազանդվելու է Ասորեստանի գոռոզությունը, ու գավազանը խլելու են Եգիպտոսից»: «Նրանց ամրացնելու եմ Տիրոջով, ու նրանք սկսելու են քայլել Նրա անվան համար»,− ասում է Տերը: (Սինոդական թարգ․)
   
   Իսրայելի ազատագրման միջոցներն այնքան հրաշալի են լինելու, որ հիշեցնելու են Մովսեսի օրոք Եգիպտոսից հրեաների դուրս գալու հանգամանքները: Նեղոսը` եգիպտական երկրի պտղաբերության աղբյուրը, չորանալու է, Եգիպտոսի տիրապետության վերջը գալու է. նվաստանալու է նաև հպարտ նվաճող Ասորեստանը: Իսկ Եփրեմի որդիներին, որոնց մասին հիմնականում խոսվում է 6−րդ համարից սկսած, Տերը զորեղ է դարձնելու. նրանց ձեռնարկները հաջողությամբ են պսակվելու, քանի որ «նրանք սկսելու են քայլել Տիրոջ անվան համար»:

   Ծանոթագրություն. 9−11−րդ գլուխների այստեղ տեղադրված լինելը, ըստ Ռուժեմոնտի, այնքան էլ չի համապատասխանում մարգարեական հայտնության մեջ ուրվագծված իրադարձությունների իրական ընթացքին. 9−րդ գլխում «մարգարեն ավարտում է առաջին բարեկեցիկ դարաշրջանի պատկերումը, որը նա ուներ իր աչքի առաջ: Նա բացահայտում է մի երկրորդ, ավելի հեռավոր դարաշրջան (Զաք. 10:4−12), որը, սակայն, առաջինից բաժանվում է անկման և պատիժների մի շրջանով: Սակայն մարգարեն դեռ չի ցանկանում իր ունկնդիրների ուշադրությունը հրավիրել այս մռայլ գիշերի վրա. նա դրան վերադառնալու է ավելի ուշ (11−րդ համարը), իսկ այժմ այդ պարագային հնարավորինս հակիրճ կերպով է անդրադառնում (Զաք. 10:1−3), քանի որ, առաջին հերթին, նա պետք է քաջալերի և մխիթարի իր ժողովրդին» (Վերը նշված ստեղծագործություն, էջ 221): Ըստ Կեյլի` 10−րդ համարի մարգարեությունն իրականացել է Զաքարիայից մինչև Քրիստոս ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում բազմաթիվ հրեաներ են իրենց հայրենք վերադարձել, և Գալիլիան կրկին խիտ կերպով բնակեցվել է. աշխարհակալ պետությունների Պաղեստինի նկատմամբ գերիշխանություն ձեռք բերելու համար մղած պայքարի ժամանակ Տերն իր հովանու ներքո էր պահում ընտրյալ ժողովրդին: Ըստ էության, այս մարգարեությունը հոգևոր բնույթ ունի և իրականություն է դառնալու հրեաների՝ Քրիստոսի Թագավորություն ընդունվելու միջոցով (Op. cit. S. 613):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ես նրանց պիտի վերադարձնեմ Եգիպտացիների երկրից, Ասորեստանից պիտի ընդունեմ նրանց, նրանց Գաղաադ եւ Լիբանան պիտի բերեմ, եւ ոչ մէկը չի պակասելու նրանցից:
(Արարատ թարգ․) Եվ ես նրանց ետ պիտի դարձնեմ Եգիպտոսի երկրից և Ասորեստանից պիտի ժողովեմ նրանց։ Նրանց պիտի բերեմ Գաղաադի երկիրը և Լիբանան, և տեղ չպիտի գտնվի նրանց համար։
(Գրաբար) եւ դարձուցից զնոսա յերկրէն Եգիպտացւոց, եւ յԱսորեստանեայց ընկալայց զնոսա, եւ ի Գաղաադ եւ ի Լիբանան մուծից զնոսա, եւ ոչ պակասեսցէ ի նոցանէ՝ եւ ոչ մի։